ԱՄՆ- ի վարչակազմը մտադիր է 10 օրվա ընթացքում Ռուսաստանի հետ պայմանավորվել Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ, Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար, հակառակ դեպքում, որպես ճնշման միջոց, ՌԴ- ից ԱՄՆ ապրանքների ներմուծման 100 տոկոսի հասնող լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն: Նման հայտարարություն է արել ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփն Աբերդինից (Շոտլանդիա) Վաշինգտոն վերադառնալիս, իր ինքնաթիռում լրագրողների հետ շփման ժամանակ:
Ի սկզբանե հարկ է ընդգծել, որ Ռուսաստանի հետ Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվելը, ըստ Թրամփի, նշանակում է պայմանավորվել պատերազմի ավարտի մասին Զելենսկու կամ Կիևի պայմաններով՝ Հատուկ ռազմական գործողության հայտնի նպատակներին հասնելուց հրաժարվելով, այսինքն՝ Ռուսաստանի պարտությամբ:
ԱՄՆ- ի առաջնորդը հստակեցրել է, որ տասնօրյա ժամկետի հաշվարկը սկսվում է ընթացիկ օրվանից՝ հուլիսի 29- ից: Նա պարզաբանել է, որ այդ ժամանակահատվածը սահմանվել է նախկինում հնչեցրած 50 օրվա փոխարեն։ Թրամփը հավելել է, որ պայմանավորվածությունների բացակայության դեպքում նշված ժամկետից հետո կկիրառվեն մաքսատուրքային միջոցներ, թեև կասկածներ է հայտնել Ռուսաստանի վրա դրանց ազդեցության արդյունավետության վերաբերյալ:
«Հետո մենք մաքսատուրքեր կսահմանենք և այլն… Եվ ես չգիտեմ, թե դրանք որքանով կազդեն Ռուսաստանի վրա, քանի որ նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.- Ա. Հ.) ակնհայտորեն ցանկանում է շարունակել պատերազմը», – ասել է Թրամփը ինքնաթիռում գտնվող լրագրողներին:
ԱՄՆ- ի նախագահը հնարավոր է համարել, որ մտցված սահմանափակումները կարող են ազդեցություն ունենալ Մոսկվայի դիրքորոշման վրա, բայց դա կտրականապես չի պնդել։
«Եվ ես չգիտեմ, արդյոք դա կազդի Ռուսաստանի վրա,- ասել է նա։- Դա կարող է ազդել նրանց վրա կամ չազդել»:
Միաժամանակ, ինչպես հաճախ, հակասելով իր իսկ ասածին, Թրամփը հավելել է, որ գիտի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
Բացի վերոնշյալից, Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ- ը և Եվրամիությունը պայմանավորվածություն են ձեռք բերել Ուկրաինային ամերիկյան սպառազինություն մատակարարելու շուրջ: Ընդ որում, մատակարարումների ծախսերը, նրա խոսքով, պետք է իր վրա վերցնի Եվրոպան։ Սպառազինության մատակարարման փաթեթում նախատեսվում է ներառել ոչ միայն հրթիռներ, այլև հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության «Patriot» համալիրներ:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրեն «չի անհանգստացնում», թե ինչպես կարձագանքեն հումքային շուկաները Ռուսաստանի նկատմամբ հնարավոր սահմանափակումներին:
Թրամփը հուլիսի 28- ին հայտարարել է, որ դժգոհ է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում առաջընթացի բացակայությունից, և որ «հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի տեսնում»: Նա սպառնացել է պատժամիջոցներ (ապրանքների, մասնավորապես, նավթի և գազի մաքսային արժեքի 100 տոկոսը կազմող մաքսատուրքեր) սահմանել նաև Ռուսաստանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ։ ԱՄՆ- ի նախագահը միաժամանակ նշել է, որ «չի անհանգստանում համաշխարհային էներգետիկ հատվածի համար ՌԴ առևտրային գործընկերների դեմ մաքսատուրքերի սահմանման հետևանքների կապակցությամբ»:
Ամերիկյան առաջնորդի վերջնագրերին, «Комсомольская правда»– իտեղեկացմամբ , արդեն պատասխանել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ նման հռետորաբանությունը դրդում է բաց ռազմական հակամարտության։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ մեկնաբանել էր Թրամփի հայտարարությունները: Նրա խոսքով՝ Մոսկվան ի գիտություն է ընդունել ԱՄՆ- ի նախագահի խոսքերը, «Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը նախկինի պես հավատարիմ է մնում հակամարտության կարգավորման և այդ աշխատանքի շրջանակներում երկրի շահերի ապահովման խաղաղ գործընթացին:
Արթուր Հովհաննիսյան