ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հայրս

Հայրս
07.11.2026 | 13:18

Հայ արիացի տղամարդու մարմնավորումն էր հայրս։
Ես շատ բան չունեմ։ Կյանքն ինձ հաճախ է հարվածել, շատ եմ հանդիպել լավ ու վատի, մեծ ու փոքր չարիքների, չարագործի կամ բարերարի… Ես անգամ ծնողներիս դառը քրտինքով վաստակածից նյութական ժառանգություն չեմ ստացել, բայց… այն, ինչ ինձ տվել են ծնողներս, այլ արժեք է. մեծագույն, անչափելի, անհամեմատելի ժառանգություն, որը դրամով, ոսկով կամ դոլարով չի չափվում։ Մարդու իրական հարստությունը նրա թողած հետքն է իր զավակների հոգում և կյանքում։ Եվ այդ առումով հայրս ինձ շատ հարուստ է թողել։ Այդ ամենն անգին է։
Ասում են՝ մայրը տան ներսի պատն է, հայրը՝ դրսի։ Համամիտ եմ, բայց հայրս մեր տան ՀԻՄՔՆ էր, հենասյունն էր, պատն ու տանիքը։ Նա իրական հայ արիացի տղամարդու կերպարն էր, իմ բնավորության, աշխարհայացքի և արժեհամակարգի ձևավորման կարևորագույն օրինակը։ Նա է իմ մեջ սերմանել հայրենասիրություն, պատիվ, նամուս, ուժ, կամք, տոկունություն, բարոյականություն, հարգանք այլոց նկատմամբ, ինքնահարգանք և ինքնուրույնություն։ Եվ հենց նրա շնորհիվ է, որ հասկանում եմ ՀԱՅ լինելու արժեքը, քանի որ ինքը, լինելով Արևմտյան Հայաստանից գաղթածների ժառանգ, անչափ սիրում էր մեր հողի ամեն մի թիզը։
Հենց այդ ամենն է ինձ թողել ժառանգություն, և ես ամեն օր հիշում եմ նրա իմաստուն խոսքերը։ Այո՛, իմաստությունը խելքից առավել է, իսկ հայրս իմաստուն էր։
Բայց սա ունի նաև իր «բացասական» կողմը. բոլոր հայ տղամարդկանց ենթագիտակցորեն համեմատում եմ հորս հետ՝ որպես ամենաբարձր չափորոշիչ, և շատ քչերն են համապատասխանում այն հայ արիացի տղամարդու կերպարին, որպիսին հայրս էր։ Իսկ ոմանք հորս ոտքերից թոթափված կեղտի հետ անգամ չեն համեմատվի։
Իզուր չէ, որ ասում եմ՝ «Ամեն աղետ սկսվում է բարոյականության անկումից»։
Ակոսը մեծ եզից է ծռվում։
Ձուկը գլխից է հոտում։
Տղամարդը հայրենիքի և իր տան հիմքն է։ Թույլ ու խարխուլ հիմքի վրա կառուցվածն անպայման կփլվի։ Տղամարդու մեծությունը նրա ձայնի բարձրության, բռունցքի ուժի կամ ուրիշների նկատմամբ իշխանության մեջ չէ. այն իր խոսքի տերը լինելու, հայրենիքի ու ընտանիքի պատասխանատվությունը կրելու, կնոջն ու երեխաներին հարգելու և դժվարությունների առաջ չնահանջելու մեջ է։ Թույլ, անողնաշար, անտակտ, հիստերիկ, անբարո, անինքնասեր, աննամուս տղամարդուց երեխա ունենալը դժբախտություն է։
Բնության մեջ էգը բազմանալու համար մեծ քննության է ենթարկում որձին։ Միայն մարդիկ են, որ, իբր լինելով բնության գլուխգործոցը, խելքից դուրս են բազմանում։

Լիանա ԹՈՔՄԱՋՅԱՆ

Հ.Գ. Հայրենիքը հայր բառից է։ Այսօր մեր Հայրենիքի վիճակը հայ տղամարդու վիճակի արտացոլանքն է… Կներեք, ոչ բոլորի, իհարկե, բայց…
Վերագտնել է պետք հայ արիացի տղամարդուն։ Երբ սուրը վերցրեցին հայի ձեռքից ու ցուպը տվեցին, Ռազմիկից ռամիկ դարձրեցին… Այ, այդտեղ հետ գնալ է պետք և այդտեղից ՆՈՐԻՑ սկսել։
Կարո՞ղ ենք։
Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ