Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հանրային երկխոսությունը կորցրած հասարակությունները ամենապարարտ միջավայրն են կորուստների և պարտադրանքների համար

Հանրային երկխոսությունը կորցրած հասարակությունները ամենապարարտ միջավայրն են կորուստների և պարտադրանքների համար
24.09.2026 | 11:38

Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք

Գործող իշխանությունը այսուհետ ինչ էլ անի, ասելու է՝ 720 հազարն է տվել այդ մանդատը։ Սա է Հայաստանի դե ֆակտո գործող միակ սահմանադրությունը՝ մեկ տողով։ Ֆորմալ առումով իշխանությունը դրա իրավունքը գուցե ունի, բայց ամենաթողության իրավունք՝ ոչ։ Հետևաբար, ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր։

Անիմաստ է հիմա հաշվիչը ձեռքներիս հաշվել, թե ում ձայնից ինչքանն է օրգանիկ, ինչքանը՝ արհեստածին։ Քաղաքական պրոցեսները «կալկուլյատորով» չեն լուծվում, այլ՝ քաղաքական-հանրային բովանդակությամբ։

Հասկանալ ինքներս մեզ

Մեր հասարակությունն այսօր բաժանված է մոտավորապես երկու հավասար՝ 700-700-հազարական մասերի։ Մասեր, որոնք իրար չեն լսում, չեն հանդուրժում, ունեն ծայրահեղ տարբերություններ, բայց իշխանությունը մի «700 հազարի» ձեռքում է, ու այն պարտադրում է իր իրականությունը։

Այսուհետ Հայաստանում ի´նչ զարգացում լինի, ի´նչ խնդիրներ էլ առաջանան, իշխանությունը բացատրելու է «ԻՐ 700 հազարի» տված քվեով։ Սահմանադրության փոփոխություն, լեցուն բանտեր, ունեցվածքի խլում, եկեղեցու դեմ արշավ, դեպի ԵՄ բլեֆ և այլն։

Հիմա պետք է հարցնել էդ 700 հազարին, ձևը գտնել ու հարցնել՝ դուք իրոք քվեարկել եք, որ այս ամենը կատարվի՞, ի վերջո, դուք ինչի՞ն եք քվեարկել։ Պարզ հարցնել. դուք ուզում եք, որ մնացածը չլինե՞ն, չապրե՞ն Հայաստանում, որ բոլորը լինեն բանտերո՞ւմ, հիմնարկները փակվե՞ն, երկրում լինի միշտ լարվածություն ու պառակտո՞ւմ։ Եթե այդպես է՝ դրան վերաբերվենք որպես իրողություն։ Դուք ձայն եք տվել, որ Հայաստանի տնտեսությունը «դիվերսիֆիկացիա» անվան տակ ամբողջությամբ կախվածության մեջ մտնի Ադրբեջանի՞ց։ Դուք ձայն եք տվել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խզելու և ոչ մի այլ բան չստանալու հեռանկարի՞ն։ Վերջը՝ ինչի՞ն եք ձայն տվել։

Մեր պառակտումը, իրար չլսելը այնքան խորն է դարձել, որ մեր 700 հազարները ուրախանում և տխրում եմ միմյանց հակադարձ թեմաներով, դավանում են հակադարձ արժեքներ։ Մենք կարիք ունենք իրար հետ քննարկելու մեր երկրի այսօրը, ընթացքը, բոլոր հիմնական հարցերի շուրջ՝ մեր պատկերացումները։ Բարդ հարցերի շուրջ լսենք միմյանց փաստարկները՝ թեկուզ դրանք լինեն հակասական, բայց մի պահից գտնվելու են ընդհանրություններ:

Պայմանական մեր 700 հազարը և պայմանական մյուս 700 հազարը չեն լսում, չեն հասկանում, չեն հանդուրժում միմյանց։ Այս անջրպետը գնալով խորանում է։ Մի 700 հազարը ֆիզիկապես չի լսում մյուսի խոսնակներին, և դա փոխադարձ է։ Սրա շարունակությունը լինելու է այն, որ 700 հազարները շուտով չեն լսելու սեփական խոսնակներին, քանի որ բոլորի համար ամեն ինչ պարզ է։

Թվում է՝ մենք ապրում ենք տարբեր երկրներում և ընդհանուր քիչ բան ունենք։ Ո՞ւր կբերի սա։ Այսպես մենք ինքներս մեզ կքանդենք և ինքնուրույն կմատուցվենք հարևաններին՝ սկուտեղի վրա։

Այսօր խելամտությունը և պետական մտածողությունը ընտրազանգվածների միջև երկխոսություն սկսելն է։ Հայաստանի ամենասուր խնդիրը ներհանրային երկխոսությունն է, ընտրազանգվածների միջև երկխոսությունն է. հիմա ոչ միայն դա չկա, այլև չկան ֆիզիկապես իրար լսելու նվազագույն ազդակներ։

Մենք իրար պետք է ընկալենք և վերաբերվենք որպես հեռանկարի հասարակություններ, որոնք պետք է ապրեն իրար հետ և միասին դիմակայեն կարծես թե անխուսափելի դարձող ռիսկերը։ Մենք չենք կարող իրար վերաբերվել վրեժի մոտիվացիայով։

Իրար լսելուց ու իրար հետ նվազագույն շփումներից հետո ընտրազանգվածները իրենց լիդերներին պարտադրելու են դադարեցնել ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը։ Որովհետև երկիրը դա չի ուզում, երկիրը լուծումներ է ուզում։ Իրար լսելու արդյունքը լինելու է երկրում առողջ, այսպես կոչված, մտքի միջավայրի ձևավորումը։

Հանրային երկխոսությունը կորցրած հասարակությունները ամենապարարտ միջավայրն են կորուստների և պարտադրանքների համար։ Մեզնից ոչ ոք դա չի ուզում։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ