ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Քրիստոնյայի 33 հարց՝ ընտրության մասնակիցներին

Քրիստոնյայի 33 հարց՝ ընտրության մասնակիցներին
19.05.2026 | 14:05

ՄԱՍ 2

Քրիստոնյաները ընտրության մասնակից ապագա որոշում կայացնողների, պետության կառավարման ղեկը ստանձնելու հավակնություն ունեցողների մասին կարծիք կազմելիս կամ նախապատվություն տալիս ցանկալի է առաջնորդվեն ոչ թե զգացմունքայնությամբ, անձնական համակրանքներով կամ հակակրանքներով։ Առանցքային նշանակություն պետք է ունենա այն, թե ի՞նչ վերաբերմունք ունեն նրանք մեր երկրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի ու նշանակության վերաբերյալ, թե արդյո՞ք կրողն ու պահապանն են քրիստոնեական արժեհամակարգի, թե արդյո՞ք բժշկա-կենսաբանական և սոցիալական բնագավառներում ունեն քրիստոնեական հավատի և Մայր Եկեղեցու մոտեցումների հիման վրա ձևավորված աշխարհայացք։

Այս ամենը պարզելու համար առաջարկում եմ իրեն քրիստոնյա համարող մարդուն կողմնորոշվելու նպատակով 33 հարցից բաղկացած հարցաշար, որը կարող են ուղղել վերոնշյալ հավակնորդներին։ Նախորդ գրառմամբ 11 հարցով անդրադարձանք մայր եկեղեցու հետ հարաբերություններին (հղումը՝ մեկնաբանությունում)։ Այս անգամ 11 հարցերը վերաբերվում են քրիստոնեական արժեհամակարգին։

ՄԱՍ 2. ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ

1. Ինչպե՞ս եք պատկերացնում հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի և այլ վայրերում հայկական եկեղեցիների, խաչքարերի և սրբավայրերի պահպանմանը, որոնք հաճախ ոչնչացվում կամ հայտնվում են վտանգի տակ։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը։

2. Պատրա՞ստ եք ապահովել հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով հոգևոր-կրթական հաղորդումների պատշաճ հեռարձակումը, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ստանալու քրիստոնեական արժեքներին համահունչ տեղեկատվություն և դաստիարակություն։

3. Ինչպե՞ս եք վերաբերվում ավանդական քրիստոնեական ընտանիքի հայեցակարգին. պատրա՞ստ եք օրենսդրական նախաձեռնություններով պաշտպանելու հայկական ավանդական ընտանեկան արժեքները՝ ընդդեմ օտարածին գենդերային գաղափարախոսությունների և դրանց քարոզի։

4. Պատրա՞ստ եք օրենսդրական կարգավորումներով արգելելու քրիստոնեական, եկեղեցական արժեքների ծաղրը, ավանդական ընտանիքի կերպարի խեղաթյուրումը, սեռական բաց տեսարանների, անբարոյական բարքերի, բռնության ցուցադրումը հեռուստաեթերով և համացանցով, քրիստոնյաների զգացմունքները վիրավորող, թմրամոլ, ակնհայտ այլասերված, սատանիստ երգիչ/երգչախմբերի ելույթները ՀՀ-ում։ Եվ հակառակը՝ խրախուսել, նամանավանդ հանրային հեռուստաընկերությամբ, քրիստոնեական, ազգային-ավանդական, բարոյական-դաստիարակչական հաղորդումների ցուցադրումը։

5. Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ անունից Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմանը և ՀՀ Խորհրդարանի կողմից Լանզարոտտեի կոնվենցիայի վավերացմանը։

6. Ինչպե՞ս եք մեկնաբանում կոնվենցիայում ամրագրված «գենդեր» (սոցիալական սեռ) հասկացությունը, և արդյո՞ք կարծում եք, որ այն հակասում է աստվածատուր կենսաբանական երկու սեռի՝ որպես բնական իրողության մեր ավանդական ընկալմանը։

7. Պատրա՞ստ եք երաշխավորելու, որ նման միջազգային փաստաթղթերի վավերացումը չի հանգեցնի օրենսդրական այնպիսի փոփոխությունների, որոնք կփոխեն «ամուսնություն» կամ «ընտանիք» հասկացությունների սահմանումները Հայաստանի Հանրապետությունում։

8. Եթե կոնվենցիայի պահանջները հակասեն Հայ Առաքելական Եկեղեցու դավանաբանական սկզբունքներին կամ ՀՀ Սահմանադրությանը, ո՞րն է լինելու ձեր առաջնահերթությունը՝ միջազգային պարտավորությո՞ւնը, թե՞ ազգային-ավանդական արժեքները։

9. Ինչպե՞ս եք պատկերացնում Լանզարոտտեի կոնվենցիայի կրթական բաղադրիչի ներդրումը Հայաստանի դպրոցներում, որ այն չվերածվի ծնողական իրավունքների սահմանափակման կամ երեխաների համար տարիքին ոչ համապատասխան սեռական քարոզչության։

10. Պատրա՞ստ եք օրենսդրորեն ամրագրելու, որ ցանկացած կրթական ծրագիր, որը վերաբերում է երեխաների սեռական դաստիարակությանը, պետք է անցնի ծնողական խորհուրդների և, անհրաժեշտության դեպքում, նաև եկեղեցական կառույցների հետ խորհրդակցությունների փուլ՝ բացառելով պարտադրանքը։

11. Ի՞նչ երաշխիքներ եք առաջարկում, որ պետական իշխանությունը կլինի ազգային-քրիստոնեական արժեքների պահապանը, այլ ոչ թե օտարածին գաղափարախոսությունների «փոխանցողը»։

Վերջին 11 հարցը` շուտով:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ