ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Ընձառյուծը «վերադարձել է» Տավուշի մարզ

Ընձառյուծը «վերադարձել է» Տավուշի մարզ
07.05.2020 | 14:31

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի կողմից տեղադրված տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։

Ավելի վաղ՝ 2019-ի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։

Վստահելով տուժած Արման Գաբրիելյանին և ականջալուր լինելով նրա պնդումներին, որ իր վրա հարձակված կենդանին այնուամենայնիվ ընձառյուծ է, WWF Հայաստանի մասնագետները շարունակել էին դաշտային հետազոտությունները։ Արդյունքում ընդլայնվել էր տեսախցիկների տեղադրման աշխարհագրությունը։ Հետազոտություններին մեծ աջակցություն են ցուցաբերել հենց ինքը՝ Արման Գաբրիելյանը, Ենոքավանի բնակիչները, ինչպես նաև «Ապագա ռեզորթ» ընկերությունը։

Հետազոտությունները տվեցին իրենց դրական արդյունքը, և տեսախցիկները ֆիքսեցին ընձառյուծին։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։

WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշում է․ «Սա նման է իսկական հրաշքի, քանի որ նախապես կատարված լաբորատոր հետազոտությունները միայն 1% հավանականություն էին թողնում, որ նմուշները պատկանում են ընձառյուծի։ Հետազոտությունները շարունակվելու են, քանի որ ակնհայտ է, որ տարածքում արդեն այլ մակարդակի պահպանություն է անհրաժեշտ իրականացնել»:

Դիտվել է՝ 12169

Մեկնաբանություններ