Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեղայական խոսք՝ համարյա սուրբ Վարդապետին

Մեղայական խոսք՝ համարյա սուրբ Վարդապետին
21.08.2025 | 11:10

«Աշոտ, տղաս, ատելութիւնը լավ բան չի… Ապաշխարէք»:

Հայր ՂԵՎՈՆԴ ԵՐՈՒՍԱՂԵՄՑԻ ջան, ի պատասխան ՁԵՐ այս հորդորի, Ձեր բոլոր դիտողությունները, նկատողությունները և խորհուրդները միանշանակ ու առանց վերապահության, միանգամից ընդունելով` գրում եմ իմ մեղայական խոսքը։

Վերջին ժամանակներս առանց լուրջ ու հետևողական ուսումնասիրման ու քննության ընկել էի որոշ խառնակիչ, իրենց մեր առաքելական եկեղեցու հավատի ջատագովներ հռչակած, այսպես կոչված քարոզիչների ազդեցության տակ և միայն ՁԵՐ հովվական անաչառ քննադատությունից հետո իմ աչքերը պատած թեփուկները թափվեցին և ես` մոլորվածս, հասկացա իրական ճշմարտությունը։

Ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում․

«Մենք մեր համար հանգիստ ապրում, քեֆ ենք քաշում, ի՞նչ գործ ունենք այդ խառնակիչների հետ, ճիշտ եմ ասում չէ՞»։

Նրանք շարունակ մեր ազգին ու ժողովրդին կոչ են անում խաչերթերի մանակցել, աղոթել ու ապաշխարել, մեր նման ազնիվ, արդար, սրբակենցաղ վարքով ապրող, հավատավոր ժողովրդին շարունակ վախեցնում են, թե մեր մեղքերի հետևանքով է, որ իբրև թե մեզ վրա են հասել ինչ-որ փորձանքներ ու պատուհասներ։ Դա բացարձակ սուտ է և կեղծիք։ Մենք ՏԻՐՈՋ ընտրյալ ժողովուրդն ենք, ՆԱ մեզ առանց վերապահության սիրում է և ոչ մի պատժի էլ չի արժանացնում։

Թող գնան ապաշխարեն այն ազգերը, որոնք, երբ մենք արդեն քրիստոնյա էինք, իրենք դեռ ծառերից չէին իջել, ճիշտ եմ ասում չէ՞, Վարդապետ ջան։

Իրենք մեզանից շատ բան ունեն սովորելու, ոչ թե մենք իրենցից և, ընդհանրապես, թող ողջ աշխարհը նախանձից տրաքի, որ հենց մենք ենք աշխարհի պորտը, մենք ենք ամենաարդար, ամենաանմեղ, ամենահավատավոր և ամենաքրիստոնյա ժողովուրդը։ Թող ողջ աշխարհն իմանա, որ մարդկությունն իր պատմության ընթացքում ինչ մեծագույն գործիչներ, սրբեր, տաղանդներ ու հանճարներ, որ տվել է, բոլորն էլ հայեր են եղել։

Այսօր էլ մեր երկիրը ղեկավարում է աշխարհի ամենահանճարեղ, հեռատես, խոհեմ ու ճշմարիտ քրիստոնյա, խիզախ ու անվեհեր, ազգի, հայրենիքի, իր ընտանիքի ու իր պատիվը միշտ բարձր պահող, թշնամիների կողմից ամեն մի նսեմացում ու նվաստացում, ծաղր ու անարգանք` հանուն սուրբ հայրենիքի խաղաղ ու պայծառ ապագայի, անմռունչ ու հպարտորեն հանդուրժող, բոլոր վախերի անտանելի հետևանքներն իր շալվարում անխոնջ կրող, մեր երկրի ամեն մի թիզ հողը գնահատող և դրանց տալու համար անխնա արյուն թափող, եկեղեցու նկատմամբ նախանձախնդիր և անուրանալի սիրով համակված, թուրքերի հանդեպ քրիստոնեաբար եղբայրական սիրով տապակվող, պատմության մեջ նախադեպը չունեցող մի հայրենանվեր առաջնորդ՝ չճղճղացող, մաքրաբերան, ցնցումների մեջ չընկնող, յալանչիի չնմանմվող, սաղմոսասաց, թշնամիների դեմ չխոնարհվող, չկզող, կեղածվոր ու նսեմացած ժպիտով չքծնող, հպարտ ու դուխով մի անհաղթ հերոս ռահվիրա, որին ԴՈՒՔ՝ Վարդապետ ջան, դեռ տարիներ առաջ ճշմարտացիորեն համեմատեցիք Մովսես մարգարեի հետ՝ ոսկի խոսքեր ՁԵՐ արդարախոս բերանից։

Դե, ինչպես ԴՈՒՔ եք ասում` ՔՐԻՍՏՈՍԻՑ հետո այլևս մարգարեներ չկան, սակայն ասեմ, որ հենց ԴՈՒՔ` մարգարե եք։

Իհարկե, թող ապաշխարեն նրանք, ովքեր ՁԵԶ հետ համամիտ չէին ու չեն։ Թող ապաշխարեն նրանք, ովքեր ժամանակին պարետ, թե պարեկ եղած նախկին «վարդապետի» հետ միասին վաճառեցին Երուսաղեմի հայկական տարածքները, նրանք, ովքեր դավաճանել և ուրացել են իրենց հոգևոր հայրերին, օրինակ, լուսահոգի Տեր Հարություն Դարբինյանին, թող ապաշխարեն նրանք, ովքեր իրենց հոգևոր եղբայրներին գցել են կամ ուրացել։ Թող ապաշխարեն նրանք, ովքեր «կյանքի խոսք» աղանդից թռչելով` վարդապետական գավազանի են արժանացել, բայց աղանդավորությունը արյան միջից դուրս չի եկել։ Իսկ ԴՈՒՔ, ո՜վ ամենահավատավոր սուրբ հայր, դրա կարիքը չունեք, ԴՈՒՔ անբիծ եք, ՁԵՐ նման Վարդապետ կերազեր ունենալ ամեն մի այլ քրիստոնյա եկեղեցի, ՁԵՐ խոսքը պետք է բոլորը՝ հավատացյալ, թե անհավատ, միշտ հալած յուղի պես ընդունեն, չէ որ ՎԱՐԴԱՊԵՏԸ ԻՆՔՆ է խոսում։ Իսկ նրանք՝ այդ բոլոր տգետները, որ մի երկու անգամ Աստվածաշունչ են կարդացել, թող պապանձվեն, իրենց տներից դուրս չգան, փողոցներում չթափառեն, խաչերթեր չկազմակերպեն ու մարդկանց անդորրը խախտող, վախեցնող աղոթքի ու ապաշխարության սարսափազդու և սահմռկեցուցիչ կոչեր չհնչեցնեն։

Չէ՞ որ, երբ ԴՈՒՔ վարդապետության կաճառի գրանիտն էիք կրծում, նրանք՝ այդ տգետները, իսկի ճիշտ խաչակնքվել չէին իմանում։

Հիմա, նոր-նոր ձվից դուրս են եկել և ՁԵՐ նման իմաստուններին` իր դարն ապրած, արդիականությունը վաղուց կորցրած, ինչ-որ Հին, չէ ինչ եմ ասում, ավելի ճիշտ` հնացած Կտակարանից օրինակներ բերելով, ուզում են բան սովորեցնել ու մեր պես հպարտ, դուխով և դեռևս անպատրաստ ժողովրդին ինչ-որ միասնական ապաշխարության տանել ու կորստի մատնել։

Թող իրենց չափն ու տեղը ճանաչեն, չէ՞ որ շնորհը միայն ՁԵՐ նման վարդապետի մեջ կգերադասի բնակվել և միայն ՁԵՐ կամքով գործել։

Իսկ այդ, այսպես կոչված ապաշխարությունը, դա միայն հին հրեաների, նինվեացիների, շումերների, եգիպտացիների ու ռուսների և դրանց նման այլ մանրմունր, բառադի ազգերի համար է։

Ա՛յ, որքան լավ կլիներ մեր ամենքի համար, եթե ներկայիս վերոհիշյալ թրքահպատակ և իրեն հնազանդ գյադաների վրա ցեղապետություն անող, իմաստնությամբ ՁԵԶ համարյա նմանվող քպարագլուխը, որը ձեռնարկել է եկեղեցու դեմ խաչակրաց արշավանք, հասկանար ու ՁԵԶ ներկայացներ, որպես կաթողիկոսական աթոռին միակ արժանի` գերաբազմածայրագույն թեկնածու։

Եվ, ի վերջո, եթե Ձեր վարդապետ կոչման մեջ ընդամենը մի տառ փոխվի` հեշտ ու հանգիստ կունենանք վարչապետ։

Այսուհետ ես ՁԵՐ խոնարհ աշակերտն եմ` բոլոր այն ուշիմ, հասկացող ու ընթացքից արագ ըմբռնող հետևորդների նման, ովքեր ՁԵԶ հավանում են ու գովում և ՁԵՐ ամեն խոսք ինձ համար նույնպես լինելու է վերջնական օրենք ու վերդիկտ։

Աշոտ տղա

Հ.Գ.

Գրեցի ձեր նախընտրած ոճով ու ձեզ հասկանալի լեզվով, քանի որ ցանկացած ողջամիտ խոսք, սուրբգրային հիմնավորում չեք ընդունում, հերքում եք Հինկտակարանյան պատմությունների արդիական նշանակությունը, մերժում եք մեր եկեղեցու մեջ ի հայտ եկող ամեն մի թարմ շունչ` միաժամանակ ցանելով ազգային սնապարծության սերմեր, դեմ եք խոսում ընդհանրական մեղքի գոյությանը և ծաղրում եք այդ բեռը թոթափելու համար անհրաժեշտ ապաշխարության կոչ անողներին:

Քահանաների, դպիրների, խաչերթերի ու միասնական ապաշխարության խորհրդի վրա ձեր անզուսպ հարձակումների, քամահրանքի, հեգնանքի, մարդկանց մոլորության մեջ գցելու շարունակության դեպքում կլինեն շատ ավելի մանրակրկիտ ու ծավալուն բացահայտումներ` բոլոր հնարավոր հարթակներով, որը խիստ անցանկալի է:

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ