Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

«Կանգ առնելու, մտորելու, ոչ թե վենետիկյան պոռնիկին, այլ սեփական երկրի իմաստուն մարդկանց ապավինելու ժամանակն է»

«Կանգ առնելու, մտորելու, ոչ թե վենետիկյան պոռնիկին,  այլ սեփական երկրի իմաստուն մարդկանց ապավինելու ժամանակն է»
14.04.2015 | 00:25

«Իրատեսի» զրուցակիցն է ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ։

«ԸՆՏՐՎԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ, ՈՐՊԵՍ ԱՌԱՎԵԼ ՀԱՐԻՐ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻՆ ԵՎ ՈՐՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ»


-Քաղաքական դաշտում անդորր է, կամ հրադադար է հայտարարվել, կամ էլ սա մակընթացություն է մեծ տեղատվությունից առաջ։ Ի՞նչ է, ըստ Ձեզ, կատարվում այսօր։
-Դա կապված է ուղիների կորստի հետ։ Այսինքն, խնդիրն ամենևին կապված չէ այս կամ այն անձի կամ կուսակցության հետ։ Իրավիճակն այսօր փակուղային է, անհայտ է, թե ուր պիտի գնա երկիրը, որ ուղղությամբ։ Հրապարակում մեկ առաջարկ կա՝ շարունակել այն գիծը, որը մենք ընտրել էինք 25 տարի առաջ։ Այդ ուղիով հիմա Վրաստանն է անցնում, անցել է Մերձբալթիկան։
-Իսկ Ռուսաստա՞նը...
-Նույնպես մինչև վերջերս, սակայն այժմ նա փորձում է իր նոր ուղին գտնել: Երկիրը իշխող աշխարհակարգի դեմ պատերազմի մեջ է, և նրա համար առաջնային է հաղթանակն այդ պատերազմում։ Հաղթանակն այդ պատերազմում հնարավոր է միայն սեփական զարգացման ուղին գտնելով։ Սակայն այսօր Ռուսաստանը խուսանավում է այդ ուղու շուրջ խոսակցություններից, քանզի չի կամենում մեղադրվել մի նոր կայսրության կառուցման մեջ։
-Պարոն Մանուչարյան, մենք վերադառնում ենք դեպի ո՞ր ուղին։
-Ցավոք, ոչ թե վերադառնում ենք, այլ անհրաժեշտ է, որ վերադառնանք դեպի դարերից եկող մեր այն բնականոն ուղին, որ մենք ձեռք բերեցինք 27 տարի առաջ և կորցրինք, երբ պետական շինարարության մեջ սխալ ընտրություն կատարեցինք։
-Պատմական պահի մասի՞ն ենք խոսում։
-Այո, 1990-91-ից մենք որոշեցինք որդեգրել իբր եվրոպական, իրականում կեղծ եվրոպական, (ավելի ճիշտ` ատլանտյան) բացարձակապես արհեստածին, համաշխարհային կառավարման տերերի կողմից մարդկանց ստրկացնելու, մանիպուլյացիայի ենթարկելու հարմարված մի համակարգ, որը ճիշտ հակոտնյան է եվրոպականի, բայց հանդես է գալիս եվրոպականի անվան տակ։
-Դուք «մենքի» մե՞ջ էիք։
-Իհարկե ոչ։ Այդ որոշումը ոչ միայն իշխող ուժի, այլև համարյա ողջ հասարակության, այդ թվում և մտավորականության որոշումն էր։ Չէ՞ որ երկիրը զարգացման ուղիների ճշգրտման և ընտրության փնտրտուքի մեջ էր։ Եվ ընտրվեց, ինչպես մեզ էր թվում, եվրոպական (իրականում ատլանտյան) քաղաքակրթական մոդելը, որպես առավել արդյունավետ և առաջադեմ։
-Դա նաև ազգընտիր նախագահ Տեր-Պետրոսյանի անվերապահ ընտրությունն էր, այսինքն, նա վստահ բախեց եվրոպական արժեքների դուռը, կործանելով 70 տարիների կուտակած տնտեսական, մշակութային, առհասարակ՝ քաղաքակրթական բազիսը։ Դա նրա անձնակա՞ն, ներքի՞ն ընտրությունն էր, թե՞, այսուհանդերձ, առկա էր արտաքին մամլիչի ճնշումը։
-Տեսեք, եթե այդ ընտրությունը լիներ միայն Հայաստանում, կմտածեինք, որ մենք դաժանորեն սխալվեցինք, բայց այդ գործընթացը ողջ Խորհրդային Միության հանրապետություններով էր անցնում, առհասարակ, ողջ նախկին սոցիալիստական ճամբարում։
-Բելառուսը խուսափեց քաղաքակիրթ, սակայն բովանդակությամբ բարբարոսական այդ նավում հանգրվանելուց։ Պատճա՞ռը։
-1991-ին այդ երկիրը նույն ընտրությունն էր կատարել, ինչ բոլորը, բայց երկու տարի անց հայտնվեց մի մարդ, Ալեքսանդր Լուկաշենկո անունով «Բատկան», ով ձեռնարկեց պետականաշեն քայլեր, որոնք բխում էին և՛ իր երկրի նպատակներից, ինքնությունից և՛ իր էությունից, այսինքն, նա երկիրը տարավ սեփական ճշմարտության և օրինավորության ճանապարհով։ Նա գուցե և հարյուրավոր մարդկային թերություններ ունի, սակայն նա էությամբ բելառուս է և իր երկիրն է կառուցում։ Եվ տանուլ չի տալու։

«ՆՐԱՆՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԸ ՉԷԻՆ, ԿԱՂԱՊԱՐ ՏԵՍԱԿՆ ԷԻՆ»


-Մենք խոտորնակի ուղի ընտրեցինք, սեփական մաշկի վրա զգալով խորհրդային կայսրապետության մուրճի և մանգաղի հարվածները, հատկապես Արցախի խնդրում։ Այլ ուղի մենք արդյո՞ք ունեինք։
-ՈՒղին լուսավորում է ընտրանին։ Հանրապետության կայացման շրջադարձային այդ փուլում մեր ընտրանին մեր մտավոր դասն էր։ Նա հավատարիմ մնաց իր գաղափարական հայեցակարգին, որը խմորվում էր 80-ականների կեսերից, երբ հայտնի էր, որ աշխարհակարգի փոփոխման խնդիր էր դրված հրապարակում, աշխարհը պիտի վերակառուցվեր։ Դրա պատասխանը պիտի գտնվեր. ի՞նչ պիտի անի հայությունը, ո՞րն է նրա ճանապարհը։ Եվ կար խնդրի պարզաբանման փնտրտուք. ո՞րն է հայկական քաղաքակրթական մոդելը, ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական տիեզերքը, մշակութային համակարգը։ Զարմանալին այն է, որ այդ ամենը քաջ գիտակցելով, հայ մտավորական դասը կարծես ամաչում էր այդ մասին լուրջ քննարկումներ անցկացնելուց, կարծես թե դա ժամանակավրեպ մի բան էր։ Եվ, խնդրեմ, համաշխարհային մարտահրավերներին մենք ստանդարտ պատասխան տվեցինք, նույն պատասխանը, որը տրվեց ՈՒկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի և բոլոր մյուս «ստանների» կողմից։ Եվ հայտնվեցինք նույն ճգնաժամի մեջ, դառնալով թիրախը արտաքին կառավարման՝ ենթարկվելով խոր նսեմացման, սանձարձակ շահագործման:
-Իմ պատկերացումով` այդ օրերին պատմությունը հերթական անգամ ձեռնոց նետեց հայությանը, ժողովուրդը վերցրեց ձեռնոցը, մի գերխնդրում` Արցախի ազատագրման հարցում, շահեց խաղը, մյուսում, այսինքն` պետականության կերտման ճանապարհին, նույնքան փառավոր ձևով պարտվեց։ Սակայն ես քարս նետում եմ այլ կուռքերի ուղղությամբ։ Տեսեք, հայոց քաղաքական դաշտը ամենագունեղն էր, ուներ մեծ ներուժ, Հայաստանում, ինչպես մյուս հանրապետություններում, ձևավորվել էր ժողովրդական ճակատը հանձին ՀՀՇ-ի, ժամանել էին ավանդական կուսակցությունները՝ հանձին ՀՅԴ-ՌԱԿ-ՍԴՀԿ տրիումվիրատի, վերջապես ընդհատակը լքել էր ազգային այլախոհական զորագունդը, հանձին ԱՄԿ-ի և հարակից այլ խմբավորումների։ Այնուամենայնիվ, մեր քաղաքացիական միջավայրը 1991-ի նախագահական ընտրություններից հետո գրեթե իսկույն ձևախեղվեց։ Ինչո՞ւ, որտե՞ղ էր թաղված շան գլուխը։
-Ես կարծում եմ, որ նշված ավանդական կուսակցությունները ինչ-ինչ առաջարկներ իրենց հետ բերեցին, սակայն քաղաքական, ի վերջո՝ ազգային առաջնորդության ուղղակի պատրաստ չէին։ Հավատացեք, որ այն տարիներին շարժման մեջ չկար միանձնյա առաջնորդության մարմաջ, «Ղարաբաղ» կոմիտեն միայն ուրախ էր ավանդական կուսակցությունների գալստյամբ, հուսալով, որ նրանք ճանապարհ կնշեն, քաղաքական մշակույթի գզրոցները կբացեն և այլն։ Դա տեղի չունեցավ։ Խնդիր կար նաև այլախոհական ճամբարում։ Այնտեղ երկու մաս էր ուրվագծվում. մեկը դիսիդենտականն էր, ովքեր որպես ազգային գործիչներ էին մտել պայքարի հորձանուտը և հայտնվել էին կալանավայրերում, սակայն վերադարձել էին որպես դիսիդենտներ։ (Հատուկ եմ օգտագործում «դիսիդենտ» եզրույթը, այդպես որակելով նրանց, ովքեր ատլանտյան արժեքային կաղապարների բացարձակ կրողն են)։ Նրանք ճանապարհ ընկան «մարդու իրավունքներ», «բազմակուսակցականություն», «ժողովրդավարություն» արևմտյան կաղապար-դրոշներով, սակայն այդ կոչերով ուրվագծված ճանապարհը Տաճար չէր տանում, այլ ուղեկցում էր դեպի աղբավայր, մարդկային հոգու խորագույն պղծություն: Դա մի մեծ նահանջ էր սոցիալիզմից, որը մենք թերի էինք համարում, մեծ բացթողումներով լի և ցանկանում էինք դրանից ավելի կատարյալ կյանք ընթանալ, այլ ոչ թե գահավիժել այն աղբանոցը, ուր հայտնվել ենք հիմա, ատլանտյան քաղաքակրթական կարգախոսների ներքո։
-Իմ պատկերացման մեջ իսկույն երևութանում է հայրիկյանությունը՝ նրա իսկ գլխավորությամբ։
-Բայց վերադարձան նաև նրանք, ովքեր կալանավորվեցին որպես ազգայնական և վերադարձան որպես այդպիսիք, բայց նրանք փոքր բացառություններով «ազգայնականի» ճշմարիտ որակը չէին, կաղապար տեսակն էին: Պարզաբանեմ. կա «Ծովից ծով Հայաստան» պատասխանն ազգային գերխնդրին և կա «Տիեզերքից տիեզերք Հայաստան»» պատասխանը։ Վերջինը մեր առաքելությունն է այս աշխարհում, մեր պատասխանատվությունը՝ կապված մարդկության ճակատագրի հետ։ Մենք մեր պատասխանն ենք տալիս, վրացիները՝ իրենցը, մյուս ժողովուրդներն էլ՝ իրենցը։ Մարդկային քաղաքակրթության հարստությունն է բազում պատասխանների հանրագումարը։
-«Ծովից ծով Հայաստանը» ի՞նչ խնդիր ունի։
-Հայկական հարցը նորից մտցված է միջազգային օրակարգ, ցավոք, դարձյալ մեզանից դուրս, աշխարհի ուժեղների կողմից։ Ոչ միայն մեր հայրենիքի տարածքն է դիտվում որպես աշխարհաքաղաքական մանիպուլյացիաների կենտրոնական թատերաբեմ (քրդեր, Ալ Քաիդա, Իսլամական պետություն և այլն), ոչ միայն հայրենիքի տարածքում միլիոնավոր ուծացված հայերի ինքնության վերահաստատումն օգտագործվում է այս կամ այն խնդիրներ սպասարկելու համար, այլև աշխարհասփյուռ հայության բազմաշերտ ու բազմորակ հսկայական ներուժը փորձ է արվում վերածելու մեզ հետ որևէ կապ չունեցող խնդիրների լուծման գործիքի: Այս ամենը այդպես էլ և անգամ ավելի վատ եղանակով կընթանա, եթե մենք մինչև ապրիլի 24-ը.
1. Չգիտակցենք, որ 100 տարի առաջ ցեղասպանության պատճառով ոչ միայն կորցրել ենք բյուրավոր մեր հայրենակիցներին սպանությունների և ուծացման հետևանքով, ոչ միայն մեր հայրենիքի մեծ մասը, այլև որպես մի ամբողջականություն ապրելու մեր անքակտելի իրավունքն ու հնարավորությունը:
2. Չամբողջականանանք հայությամբ որպես մի երկիր ընդհանրական կյանքով բոլոր հարթություններում (տնտեսական, քաղաքական, մշակութային, հոգևոր) և պետք չէ մտածել, թե դա հնարավոր չէ մոլորակի տասնյակ կետերով ցրված հայության համար. Ֆիլիպինները և Ինդոնեզիան հարյուրավոր կղզիների վրա գտնվող երկրներ են, բայց ապրում են որպես մի ամբողջականություն: Մենք ապրում ենք տարբեր երկրներում, բայց այդ վիճակում ենք հայտնվել ցեղասպանության պատճառով, և այսօր՝ հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, ոչ մի երկիր չի խոչընդոտի մեր միասնական կյանքով ապրելու որոշմանը, եթե այդպիսին մեր կողմից կայացվի: Եվ միայն այդ դեպքում մենք կունենանք և կառաջնորդվենք սեփական մտքով ու սեփական կամքով և այլևս գործիք չենք դառնա ուրիշների խաղերում ու չենք դառնա նոր ցեղասպանությունների թիրախ:
Իսկ առանց այս 2 անհապաղ քայլերի ունենք այն, ինչ ունենք: Չկա սեփական կամք ու միտք, և մեզնով խաղում են ուրիշները:
-Քրդական հավակնությունները սահման չեն ճանաչում, մարդիկ երբևէ պետականություն չեն ունեցել, բայց և այնպես հավակնում են Հայկական լեռնաշխարհում Քրդստան հիմնելու։
-Ներկա աշխարհակարգը լի է որոգայթներով: Մեռնող «լիբերալ» աշխարհակարգը վերածվել է էգոցենտրիկ, սպառող մարդուն և պետություններին (որոնք փորձում են պոկել ինչ-որ մեկի, այլ երկրի հարստությունը, ի վերջո, նրա ապագան) սպասարկող համակարգի։ Մեզ հետ էլ նույնը կատարվեց. երկրից խլեցին նրա տաղանդավոր երիտասարդությանը, գիտական և գործարարական ներուժը և այլն։ Քրդական ներկա քաղաքականությունը մեծ մասամբ վերոնշյալ փիլիսոփայության մեջ է տեղակայված։ Չնայած կան զարմանալի մարդիկ, իսկական մտավորականներ և առաջնորդներ նաև քրդերի մեջ։ Եվ նրանց է, որ պետք է կարողանանք գտնել, նրանց հետ փնտրենք մեր ժողովուրդների տարածաշրջանային և քաղաքակրթական ապագան (նրանցից յուրաքանչյուրն իր ժողովրդի համար ամենամեծ ողբերգությունը համարում է հայերի հանդեպ ոճրագործություններին մասնակցությունը, վերջինների հայրենիքի և ունեցվածքի յուրացումը):

«ՄԵՆՔ ԱՄԵՆ ԲԱՆԻ ՊԻՂԾ ՏԵՍԱԿՆ ԵՆՔ ՎԵՐՑՆՈՒՄ»


-Վերադառնանք ներհայկական միջավայր։ Իմ խորին համոզմամբ՝ ներկա քաղաքական կուսակցությունները բարոյազրկված են խորապես։ Չկա որևէ սկզբունքային տարբերություն իշխանական և ընդդիմադիր կենտրոնների լինելության խորհրդում։ Ո՞վ է զբաղեցնելու այս անապատը։
-Այս 25 տարիներին մենք այդպես էլ չունեցանք քաղաքական կուսակցություններ։ Որովհետև չկան գաղափարական կուսակցություններ, իսկ առանց գաղափարի կուսակցություն չի լինում, այլ ընդամենը իշխանության զավթմանը նպատակաուղղված հանցախումբ: Շարունակ թութակի պես կրկնել լիբերալ-դեմոկրատիա, չնայած իրական ազատության ավելի մեծ բռնաբարություն, քան նրա լիբերալացված կոնցեպցիան է, աշխարհը չի տեսել։ Դա համարել միակ ելքը, երբ այն աշխարհը վաղուց փակուղի է տանում, առնվազն անհեթեթություն է։ Արևմուտքում, այո, կան նորագույն գաղափարներ, և եթե փորձեին գոնե դրանք սերտել, հարցադրումներին սեփական պատասխանները տալ, կլիներ լուրջ գաղափարական աշխատանք, բայց չկա նման բան։ Մեկն ասում է, որ կկառուցի շուկայական տնտեսությունը, մյուսը հակադարձում է նրան, թե կկառուցի գերշուկայական տնտեսություն։ Անհեթեթություն է։
-Անհեթեթությունները կարծես շուրջկալել են հանրապետությունը։
-Մենք հայտնվել ենք մի ճգնաժամում, երբ հոգին մեռած է, և մենք ռոբոտացված էակների նման կրկնում ենք ինչ-որ բաներ, մեր Սահմանադրությունը պիտի հաստատի ինչ-որ Վենետիկի հանձնաժողով: Ճակատագրի ինչպիսի հեգնանք. 15-րդ դարի ընչաքաղցության, հարստամոլության, նենգության իր պիղծ համակարգը «վենետիկյան պոռնիկը» վարակի պես տարածեց ամբողջ Եվրոպայով մեկ, բայց, արի տես, այսօրվա Վենետիկում գործում է նրա գաղափարական Տաճարը՝ Վենետիկյան հանձնաժողովը, որն իր վերահսկողության տակ է վերցրել ժողովուրդների կյանքը կարգավորող նորմերի բարձրագույն վերահսկողությունը՝ թույլ չտալով նրանց դուրս պրծնել պղծության մոգական շրջանից:
-Սահմանադրության դերը արդյոք չափազանցված չէ՞։
-Ամենևին։ Սահմանադրությունը թույլ է տալիս, որ մարդն այս թոհուբոհում մի պահ կանգ առնի և ասի` ո՞վ է ինքը, ի՞նչ է աշխարհը և ինչո՞ւ է այսպես պտտվում։ Նա պիտի հստակ հասկանա, թե ինչ է սպասում իրեն վաղը, իր երեխային՝ վաղը չէ մյուս օրը։
-Ե՞վ...
-Եվ այն, որ մենք, այդ ամենը թողած ամեն բանի պիղծ տեսակն ենք վերցնում։ Այնինչ կանգ առնելու, մտորելու, ոչ թե վենետիկյան պոռնիկին, այլ սեփական երկրի իմաստուն մարդկանց ապավինելու ժամանակն է։
-Քաղաքական կուսակցությունների երգը վերջնականապես երգված է, բոլորինն անխտիր։ Գուցե զանազան շարժումներն ու նախաձեռնությունները ղեկը վերցնեն իրենց ձեռքը։
-Խնդիրը ձևը չէ։ Հենց վաղը ներկա քաղգործիչներից մեկը կարող է ամաչեցնել մեզ իր հայրենանվեր գործերով, քանզի մարդը մի զարմանալի հատկություն ունի՝ նա շարունակ մեռնում է և շարունակ հարություն է առնում։ Եվ չի բացառվում, որ ներկա արհամարհված գործիչներից մեկը վաղը դառնա իր ժամանակի հերոսը։ Եթե այս պնդումը կասկածելի է թվում, կարդացեք Ժան Պոլ Սարտրի «Սատանան ու Տեր Աստվածը» պիեսը և կտեսնեք, թե քանի անգամ է հերոսը պտույտներ կատարում մեռնելով ու ծնվելով։ Իսկ կյանքը շատ ավելի մեծ թատերաբեմ է, քան ցանկացած պիես։ Վերջապես եկեք հիշենք, թե ինչ շռնդալից վերադարձավ Կարեն Դեմիրճյանը, բայց դրանից ընդամենը մի քանի տարի առաջ ժողովուրդը կոմկուսն ուղղակի վտարեց իր քաղաքական կյանքից։
-Վազգեն Սարգսյանի վերածնունդն էր զարմանալի, նա լիարժեք չկայացավ ոչ որպես պաշտպանության նախարար, ոչ էլ, առհասարակ պետական գործիչ, բայց վարչապետ դառնալով նրա մեջ պետական գործիչը ծնվեց, կարծես Սասնա ծուռը նրա հոգում արթնացավ։
-Գիտե՞ք, կան նման պնդումներ, սակայն իրականում Վազգենը հսկայական դեր ունի մեր նորագույն պատմության, պաշտպանության համակարգի ձևավորման, Արցախի պատերազմում փայլուն հաղթանակի գործում։
Միևնույն ժամանակ ճիշտ եք, Վազգենը նաև սխալներ էր թույլ տալիս, առանձին դեպքերում և կոպիտ սխալներ, դա վրդովմունք էր առաջացնում: Սակայն մի պահ եկավ, և նա կտրուկ շրջադարձ կատարեց, ընդ որում, չանտեսելով և չհեռացնելով իր նախկին գործընկերներին, ուղղակի ձեռքը խփեց սեղանին և ասաց. «Վերջ, երկիր ենք կառուցում»։ Նրա մեջ միշտ էլ արթուն էր ազգային գործչի տեսակը, սակայն դա երկար ժամանակ կապակցված էր երկրում իշխող օտար քամիների հորձանուտում։ Այս ամենը նա գրողի ծոցն ուղարկեց։
-Վազգեն Սարգսյանի շրջապտույտը հնարավո՞ր է սպասել ներկա գործիչներից։
-Սկզբունքորեն՝ այո։ Բայց դա մարդկային բնության ամենազարմանալի դրսևորումներից է, թռիչքը դեպի նոր էություն, և արդյունք է լինում միայն անկեղծ մեծ ցանկության և մեծ ճիգերի գնով։
-Շնորհակալություն զրույցի համար և հուսանք, որ Վազգենը մեր վերջին պետականաշեն գործիչը չէր։


Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ