Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Ժամանակն է ափսոս և մեր անտեղի ու անդառնալի կորուստները»

«Ժամանակն է ափսոս և մեր անտեղի ու անդառնալի կորուստները»
24.07.2015 | 10:57

«Իրատեսի» զրուցակիցն է ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆԸ։ Ծնվել է 1954-ին, Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինը: Աշխատել է Երևանի կամերային և «Գոյ» թատրոններում: Մի շարք ներկայացումների, այդ թվում` «Խաթաբալադայի», «Խելքից պատուհասի» բեմադրող նկարիչն է:
Այժմ դասավանդում է Երևանի կինոյի-թատրոնի պետական ինստիտուտում:

ԵՐԲ ՀԱՅԵՐԸ ՆՈՒՅՆ ԺԱՄԻՆ ԵՆ «ՀԱՅՐ ՄԵՐ»-Ը ԱՐՏԱՍԱՆՈՒՄ


-Արվեստի մշակը իր գրասեղանի և ներկապնակի առջև առանձնանում է աշխարհի թոհուբոհից, սակայն նա իր ժամանակը զգում է զարմանալի մի զգայարանով, որը երկրայինի ու ոչ երկրայինի հատման կետում է: Այսօր ինչպիսի՞ն է քո բաժին երկրի վիճակը:
-Ծանր է: Քանի որ մեր սեփական ձեռքերով ենք քանդում այսքան դժվարությամբ կառուցած մեր պետական տունը: Հայաստանը այսօր փշալարերով է շրջափակված: Ո՞Ւմ կամքով է սա արվում. մի՞թե պարզ չէ, որ արտաքին ու ներքին սելջուկի կամքով: Թուրքը հազար տարի մշակեց իր քաղաքականությունը մեր հանդեպ: Ալի-վալիները մի խոսք ունեն. «Հայը ուրիշի այգու ջրվորն է». սա հենց էնպես չի ասվել, հայի աշխատանքի պտուղները նրանք քաղել են դարեդար: Ի դեպ, թուրքերը, սովորության համաձայն, հայ այգեգործներին շատ ավելի էին վճարում՝ շատ ավելին ստանալու ակնկալիքով:
-Մենք էլ նրանց պակաս իմաստուն չենք բնորոշում. «Թուրքը անիծած, նրա խոսքը օրհնած»:
-Նրանք, այնուամենայնիվ, ամեն բանի հիմքում քաղաքական խնդիր են դնում, հապա խորացեք այս մտքի մեջ. «Հայի վերջին խելքը իմը լիներ»:

«ՎԱԽԵՆԱՄ, ՈՐ ՆՐԱՆՔ ՄԻ ՕՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ ԻՐԵՆՑ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»


-1990-ից «Գոյ» թատրոն-լաբորատորիայում էիր, անմոռանալի Արմեն Մազմանյանի` ՄԱԶ-ի հետ: Այն տարիներին, ցրտի և մթի, երկարատև գիշերների պայմաններում, երբ նաև երկրում գոյապահպան իրավիճակներ էին, թատրոնի կյանքն ակտիվ դրսևորումների մեջ էր, «Գոյից» բացի, գործում էին նորաստեղծ «Փոսի» և «Մետրո» թատրոնները` ինքնատիպ, արդիական և բարձրարվեստ բեմականացումներով:
-Համաշխարհային «դժվարամարս» հեղինակներ ներկայացվեցին «Գոյի» բեմում՝ Էժեն Իոնեսկոյի «Ռնգեղջյուրը», Սեմուել Բեքետի «Գոդոյին սպասելիս», Լուիջի Պիրանդելոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս», Սարոյանի «Օպերա-օպերան»: Ոգի կար այն տարիներին, հանդիսատեսը լիացնում էր դահլիճը, երբեմն խաղում էին մոմի լույսի տակ…
-Հիշում եմ պատմածդ որպես զարթոնքի մի արար այն բարդ, հաճախ հակասական, սակայն նաև հերոսական օրերում: Դուք ի՞նչ Հայաստան էիք երազում տարիներ անց:
-Վստահաբար նման օրեր չէինք երազում և ունեինք դրա իրավունքը: Ժողովուրդն էր այդ իրավունքը նվաճել, վառարանների կողքին ու մոմի լույսի տակ նստած, սակայն հույսով ու հավատով լի, քանի որ նրա զինվորն ու զորավարը հաղթանակ էին կերտում Արցախի ճակատներում: Մենք թատրոնում էինք, որը մի անհավանական հետաքրքիր աշխարհ է, դերասանն է այստեղ, բեմադրիչը, բեմի բանվորն է և դիմահարդարը: Նաև մյուսները` սցենարիստը, նկարիչը…
Քանի՞ թատրոն կա 10 միլիոն հայության մեջ: Բազմաթիվ: Մենք մշակութային շատ ուժեղ երակ ունենք և կարող էինք աշխարհում մեր հաստատուն տեղը գտնել: Ցավոք, դա չեղավ: Չեղավ բոլորիս քաջ հայտնի բազում պատճառներով, որովհետև ազգն առաջնորդում են և երկիրն են ձևում-չափում ու կտրում մարդիկ, ովքեր բանուգործ մի կողմ դրած, մոռացած իրենց երազանքները, երբ պետականությունն էր վերածնվում, դարձան քաղաքական գործիչներ, այսքան քաղաքական գործիչ այս մի բուռ կենաց հողում զարհուրելի է: Ինչ-որ անհասկանալի բան կատարվեց, մեր ներկայացումների ժամանակ շատ քաղաքական գործիչներ էին ներկա լինում և հեռանում էին գոհ ու բավարարված: Այսինքն` թատրոնը, մշակույթն առհասարակ այն տարիներին ինչ-որ հետաքրքիր փոխառնչությունների մեջ էին երկրի կառավարիչների հետ։ Թատրոնը փորձում էր այն ժամանակ մեր այսօրվա հնարավոր տագնապները ներկայացնել: Հիշենք թեկուզ հանրահայտ «Խաթաբալադան», որի նկարիչը լինելու պատիվն ունեմ: Սակայն կամուրջներն այրվեցին…
-Կամուրջներն այրվեցին, մեր երազանքների Հայաստանը դարձավ միկիտանսաքոների ասպարեզ: Կարո՞ղ էր այդպես չլինել:
-Անվերապահորեն կարող էր: Մենք ձևավորել էինք մի զարմանալի Հայաստան աշխարհ, 300 000 քկմ-ի վրա ասես դրամատուրգիա էր կառուցվում: Ստամբուլում մի հայ մի հիանալի պիես էր գրում, Մուշում մյուսը վեպ էր կերտում, մեկ այլ շնորհալի հայ տաճար էր կառուցում, և մենք միաբանվում էինք հայկականությամբ: Իսկ մեր առավոտյան աղոթքնե՞րը. քանի՞ հայ է նույն ժամին «Հայր մեր»-ը արտասանում…
Մի օր տեղատարափ անձրևը հաղթահարելով հասա Կաթողիկե եկեղեցի: Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն էր, հունիսի 4-ը: Նրա անվան թատրոնում Մազի ղեկավարությամբ միջոցառում էինք պատրաստել, աշխատել էինք ողջ գիշեր: Դեռ մութ էր, երբ հարցրի Մազին՝ իսկ հոգևորական չի՞ մասնակցելու մեր հանդիսությանը: Ասաց` անպայման: Ես էլ գնացի տեր Շահեն քահանային հրավիրելու: Արևածագին մտա եկեղեցի: Տեր Շահենը սուրբ խորանի առջև ծնկաչոք աղոթում էր ի բարօրություն մեր ժողովրդի, մեր հայրենիքի և մեր երեխաների: Դուրս եկա, որ չխանգարեմ նրա աղոթքին: Տեր Շահենը զգացել էր ներկայությունս: Աղոթքից հետո խնդրեցի ներկա գտնվել և օրհնել մեր միջոցառումը: Համաձայնեց սիրով և իր ներկայությամբ մի ուրույն շուք տվեց հավաքույթին: Մի՞թե աշխարհիկ և հոգևոր միաբանության համար մարդուց այլ բան է պահանջվում, եթե ոչ պարզապես հարգանքով վերաբերվել իր եկեղեցուն և նրա սպասավորներին: Այսօր անհասկանալի է մեր ժողովրդի առանձին ներկայացուցիչների վերաբերմունքն իրենց եկեղեցու հանդեպ: Վախենամ, որ նրանք մի օր պատասխան տան իրենց անհավատության համար:

«ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԵՐ ԵՆ ԱՐՎԵԼ»


-Շեքսպիրն ասում էր` «Աշխարհը բեմ է, մարդիկ` դերասան»: Այսօր էլ թատրոնը շարունակվում է, և Ազատության հրապարակը բովանդակությամբ, միևնույն է, Թատերական հրապարակ է: Ըստ քեզ, ի՞նչ ժանրի բեմականացումներ են այսօր Հայաստանում, տրագիֆա՞րս է, կատակերգությո՞ւն, թե՞ մի այլ բան:
-Բոլորը միասին: Պե՞տք է ժպտալ, քծնել, հայհոյել, ժպտում են, քծնո՛ւմ են և հայհոյում։ Հայհոյում են, ըստ պահի հրամայականի։ Շեքսպիրը նաև ասում էր. «Հեղափոխությունները սկսվում և ավարտվում են բեմի վրա»: Այսօր ինձ սիրելի և գնահատելի մարդիկ թատրոնում թատրոն են խաղում, մի այլ ներկայացում, հանուն իրենց մշտական ապահովության։ Իսկ դրսում այլ կյանք է, այլ իրավիճակներ, որոնք պարտադրում են արվեստի մարդուն զգոն լինել։
-Ինձ և քեզ լավ ծանոթ են նկարիչների աշխարհն ու նկարիչների միությունը։ Սիությունը խորհրդային տարիներին պետության ուշադրության կենտրոնում էր, ստեղծագործողները, ոչ իրենց կամքով, Լենին ու Ստալին էին կերտում, ապահովում էին իրենց բարեկեցությունը և ազատ ժամերին նվիրվում էին իրենց արվեստին։ Այսօր շատ բան է գլխիվայր շրջվել։
-Այսօր միությունը պայքարում է արտաքին անհասկանալի ճնշումների և ներքին երկպառակությունների դեմ։ Վերջին տարիներին ՀՆՄ-ում լուրջ գործեր են արվել, նոր ցուցահանդեսային համալիր է կառուցվել, բազմաթիվ ցուցահանդեսներ են բացվում, մի խոսքով, Աբովյան-16-ի ճակատագրի համար ես տագնապներ չունեմ, որովհետև և՛ ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, և՛ նրա գործընկերները բանիմաց և կիրթ մարդիկ են, միության դեմ վայրահաչողները բանսարկու են և մի միտք ունեն` ղեկավարել նկարիչների միությունը։ Անհնար է, նրանց երբեք չենք ընտրի, նրանց անմաքուր ձեռքը չենք տա ՀՆՄ-ի ղեկը, այն մեծ ավանդույթներ ունեցող շատ թանկ մի կառույց է, որը ղեկավարել են Արա Սարգսյանը, Մարտիրոս Սարյանը, Գաբրիել Գյուրջյանը և այլք։ Ես դեպքից դեպք եմ լինում միությունում, բայց ծանոթ եմ այն ամենին, ինչ կատարվում է, կարող եմ Աբովյան-16 մտնել, զրուցել մարդկանց հետ կամ էլ կարդալ «Կերպարվեստ» և բավարարվել։ Կապը փոխադարձ է, միությունն իր յուրաքանչյուր անդամի տերն է, նկարիչը` իր միության։
-Դու այն սերնդից ես, որը կյանք է մտել խորհրդային տարիներին։ Կա՞ն համեմատության եզրեր երկու համակարգերի միջև՝ նկարչի հանդեպ դրսևորվող վերաբերմունքում։
-Բացարձակապես չկան։ Մի՞թե այն տարիներին պետությունը կարող էր թույլ տալ, որ հարձակումներ լինեին միությունների նկատմամբ։ Այսօր ի՞նչ է կատարվում. միացնում ես հեռուստացույցը և, խնդրեմ, լուտանքներ են թափվում հատկապես նկարիչների և գրողների վրա։ Եղբայր, ինչո՞ւ եք անկոչ հյուրի պես մտնում մեր տուն և աղտոտում այն։ Առհասարակ ստեղծագործող մարդիկ և նրանց համախմբող միությունները պետության և հասարակության հիմնասյուներից են, պետք չէ դրանք խարխլել։
-Դե դա Արևմուտքի պատվերն է՝ ոչնչացնել այն ամեն արժեքավորը, ինչը պետության ու ազգի զարգացման հիմքն է։ Եվ միշտ էլ գտնվում են ծախու գրչակներ ու հեռուստաընկերություններ՝ այդ դիվային ծրագիրն իրականացնելու համար։
-Նկարիչն իր խոսքն ասում է նկարելով, կտավի միջոցով։ Նրան չի կարելի իր գործից կտրել, սպառել պատշաճ ձևով ապրելու և ստեղծագործելու բոլոր հնարավորությունները։ Ինչպես որ չի կարելի գործից կտրել հացթուխին, ուսուցչին և, առհասարակ, աշխատանքի մարդուն։ Ես չեմ կարող և չեմ էլ կամենում լինել բանկի կառավարիչ։ Ինչպես որ բանկի կառավարիչը չի կարող ու չի կամենա նկարիչ կամ գրող լինել։ Այսօր արհեստական բազմաթիվ դժվարություններ են ստեղծվել մեզ համար, երկրի համար։ Բայց, միևնույն է, ամեն բան էլ հաղթահարելու ենք, ժամանակն է ափսոս և մեր անտեղի կորուստները։ Անտեղի ու անդառնալի։

Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ