ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Էլ բարի ցանկություններով դժոխք, էլ անտակտ, էլ ԳՇ կոռուպցիոն սկանդալներ

Էլ բարի ցանկություններով դժոխք, էլ անտակտ, էլ ԳՇ կոռուպցիոն սկանդալներ
24.10.2017 | 21:33

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Հաշվի առնելով այդ օրենքի շուրջ հետաքրքրությունը, ակնկալվում էր, որ դահլիճը գոնե բազմամարդ կլիներ: Բայց` իզուր: Չնայած դա սպասելի էր, քանի որ նախորդ օրն էլ այս նախագիծը հանձնաժողովի նիստում քննարկվելիս ներկա էր ընդամենը մի քանի պատգամավոր, իսկ «Ելքը», չգիտես ինչու, որոշեց արագ լքել հանձնաժողովի նիստը: Վերադառնալով ԱԺ նիստին, պիտի փաստել, որ Վիգեն Սարգսյանին ընդամենը երեք ընդդիմադիր, բնականաբար, «Ելք» խմբակցությունից, հարց տվեց, իսկ ելույթ ունեցան ընդամենը երկուսը` Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը:
Իսկ խոսող ընդդիմադիրներին ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչ է իրենից ներկայացնելու ՊՆ Գլխավոր շտաբը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Գլխավոր շտաբի հետ կապված օրենքում կան ընդհանուր ձևակերպումներ: Նախարարը փարատեց պատգամավորի մտահոգությունը և նշեց, որ օրենքը ամենայն մանրամասնությամբ տալիս է նրա հարցերի պատասխանները: Էդմոն Մարուքյանն էլ անդրադարձավ նախարարության գնումներին` կարևորելով տեղական արտադրողների հետ համագործակցությունը: «Դա ավանդական դեպքերից է, երբ բարի ցանկություններով հարթվում է ճանապարհ՝ դեպի դժոխք, որովհետև ոչ մի ավելի վատ բան, քան պաշտպանված ներքին արտադրողը, առանց մրցակցության, արդյունավետ լինել չի կարող: Մեր ձգտումն է զինված ուժերի ձեռքբերումների գերակշիռ մասը` մոտ 80 տոկոսը, տեղական արտադրողից ձեռք բերելու հնարավորություն: Բայց եթե որևէ ապրանք ավելի էժան գնով և ավելի բարձր որակով կարող ենք գնել՝ պետք է առաջնահերթությունը տանք այդ ապրանքին: Չենք կարող օրենքում գրել, որ տեղական արտադրողից ենք գնելու, քանի որ դա ճիշտ տրամաբանություն չէ: Մենք պետք է գնենք ամենաորակյալ բանը ամենաէժան գնով»,- վստահեցրեց նախարարը:


Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Գլխավոր շտաբի պետերի ու անդամների շուրջ մամուլում արծարծվող կոռուպցիոն սկանդալների մասին, որին ի պատասխան պաշտպանության և անվտանգության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ դրանք չհիմնավորված հայտարարություններ են, իսկ եթե պատգամավորը կոնկրետ փաստեր գիտի, թող ներկայացնի խորհրդարանին:
Հավելենք, որ մինչ նախագծի քննարկումը լրագրողները փորձեցին Վիգեն Սարգսյանից մեկնաբանություն լսել սահմանային լարվածության մասին, սակայն վերջինիս անվտանգության աշխատակիցները ամեն կերպ հեռացնում էին նրանց նախարարից: Ինչու՞ են անվտանգության աշխատակիցները հեռացնում լրագրողներին հարցին ի պատասխան Վիգեն Սարգսյանը նետեց. «Որովհետև դուք անտակտ եք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ