Այսօր ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին է անցել, որի համար Մոսկվա էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ հանդես է եկել ելույթով ու շատ ուշագրավ հայտարարություններ արել։
«Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացված լինելը. հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևորագույն որոշումներ: Եվ այս առումով դժվար է գերագնահատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի աշխատանքը, ձեր աշխատանքը, ձեզնից յուրաքանչյուրի ամենօրյա ջանքերը, որոնք ուղղված են անդամ պետությունների ուղղորդմանը դեպի նպատակներ, որոնք ամրագրված են Միության հիմնարար փաստաթղթերում և պաշտոնական հռչակագրերում»,- սա ասում է վարչապետ: Իս, իրո՞ք, էս ի՞նչ է ասում, է։ Առաջին արձագանքը սա է, երբ հիշում է պատգամավոր Փաշինյանին։ Դեռ մեկ տարի առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պահանջում էր դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Ավելին խորհրդարան էր ներկայացված նախաձեռնություն, որով պետք է Հայաստանը դուրս գա այդ միությունից։ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծում «Ելք» խմբակցությունը որպես հիմնավորում նշում էր այն, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի Հանրապետությունը տնտեսական, սոցիալական եւ ռազմաքաղաքական հետընթաց է գրանցել:
«Ելքի» նախագծում ասվում էր. «ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են: Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ ամենին հավելում էր նաև․ «Մենք՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները, ժամանակին, երբ քննարկվում էր ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը, շարունակում էինք համոզված լինել, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում անելիք չունի, և ԵԱՏՄ անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել տնտեսական, ռազմաքաղաքական և քաղաքական ուղղությունների համար։ ՀՀ անդամակցության 3 տարում ՀՀ-ի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով 8 տոկոսով է նվազել, զբաղվածության թվերը նվազել են, միջազգային պահուստները՝ պակասել, պետական պարտքն ավելացել է, ներդրումների հոսքերը՝ նվազել: Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին քաղաքական առումով ևս վտանգավոր է: Առաջին պատճառը մեր գործընկերոջ կողմից նկատվող արհամարհանքի դրսևորումներն են մեր պետականության նկատմամբ, մյուս անդամ երկրներից նկատվող շատ ցինիկ միջամտությունները կամ փորձերը՝ խառնվել ՀՀ ներքին գործերին: Այն մտավախությունները, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ ՀՀ-ի ինքնիշխանությանը վտանգներ են սպառնում, այս ընթացքում ավելի են հիմնավորվել։ Եկեք հիմնավորեք, տեսնեմ՝ կարո՞ղ եք հիմնավորել: Այս հանձնաժողովի վերլուծության ապագան պետք է լինի ռազմավարության հեռանկարը, այսինքն՝ ՀՀ-ն հեռանկար ունի՞ ԵԱՏՄ-ում, և ընդհանրապես ԵԱՏՄ հեռանկար ունի՞, թե չունի: Այս հարցերն ունեն լրջագույն բանավեճի կարիք»,-հայտարարել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս վտանգները չի՞ տեսնում, թե երբ հագնում ես իշխանության «մունդիրն» ամեն ինչ այլ կերպ ես տեսնում։ Կամ այս վտանգների մասին նա խոսել է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ, որոնք նույն են մնացել։ Հիմա Փաշինյանը հասկանու՞մ է, որ ճիշտ չէ ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Հասկանու՞մ է, որ ԵԱՏՄ-ն ոչ թե սպառնալիք է, այլ կայացած կառույց և տնտեսական մեծ հնարավորություններ է տալիս։ Հետաքրքիր է ի՞նչ փոխվեց այս մեկ տարվա ընթացքում, որ Նիկոլ Փաշինյանը «գլխիվայր» շուռ եկավ։ Պարզապես մեկ հարցում այս իշխանությունը «շահել» է, որ չունի Նիկոլ Փաշինյանի նման մի խորհրդարանական ընդդիմադիր պատգամավոր, որ ԱԺ ամբիոնում ամեն անգամ հիշեցնի նրա խոսքերը ու հարցնի՝ բա ամիսներ առաջ լրիվ այլ բան էիր ասում, որի՞ն հավատանք։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ