Այսօր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով սահմանադրական կարգի տապալման մեղադրանքներով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին և նույն հոդվածով մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, հայտարարել է, որ այդ հոդվածը ծիծաղել է: «Ոնց եք պատկերացնում այսօր Նիկոլ Փաշինյանը տապալի սահմանադրական կարգը, որ նորից մնա վարչապետ: Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որը իշխանություն չի: Իշխանությունում գտնվող մարդը ինչու պետք է տապալի սահմանադրական կարգը»- հայտարարել է Բալասանյանը` բավականի կոշտ արձագանքելով ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանի պնդմանը, թե մարտի 1-ին զինծառայող էր սպանվել արտակարգ դրություն մտցնելու համար: «Ամոթ է, չի կարելի այդպիսի բան ասել: Նրանք, ովքեր նման բան են ասում, կարճ ժամանակ անց վատ վիճակի մեջ են ընկնելու»,- ընդգծել է Բալասանյանը:
Հետաքրքրիր է այս հայտարարությունների համար Նիկոլ Փաշինյանը կրկին չի՞ զայրանա Արցախի ԱԽՔ քարտուղարի վրա, չի՞ ասի ձեր գործով զբաղվեք, Լևոն Մնացականյանի օրինակով նրան ազատել չի՞ տա աշխատանքից:
Բայց այս ամենից առաջ պետք է նկատել մի նուրբ պահ Բալասանյանի խոսքում: Նա սահմանադրական կարգի տապալման առնչությամբ ասում է, թե դա կարող է անել միայն իշխանություն չունեցող ուժը, իսկ Մարտի 1-ին այդ ուժը Լևոն Տեր-Պետրոսյանն էր` իր ՀԱԿ-ով: Ստացվում է` Արցախի անվտանգության պատասխանատուն անուղղակի իշխանություններին հասկացնում է, որ եթե այսօր բանակի նախկին հրամանատրությանն եք մեղադրում, քրեական գործեր հարուցում, ինչու՞ եք մոռանում, թե իրականում ո՞վ էր փորձում սահմանդրական կարգը տապալել 2008-ի Մարտի 1-ին: Բայց որ ամենակարևորն է` Բալասանյանը նախապես ասում է. «Ո՞նց եք պատկերացնում այսօր Նիկոլ Փաշինյանը տապալի սահմանադրական կարգը», որից հետո անմիջապես ասում, որ ոչ իշխանական ուժն է դա անում, իսկ 2008-ին ոչ իշխանական ուժի կարկառուն ներկայացուցիչը հենց Նիկոլ Փաշինյանն էր:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ