Այսօր Բաքվի ջարդերի տարելիցն է
1990 թվականի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը, խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ և սկսեց ծեծ ու բռնարարքներ. մադկանց դուրս նետեցին պատուհաններից, սպանեցին երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարեցին կանանց, շատերին ողջակիզեցին։ Այնուհետև հայտնվեցին ԱԺՃ-ի ներկայացուցիչները և «կյանքերը փրկելու» պատրվակով առաջարկեցին անմիջապես նավահանգիստ մեկնել։ Հայ բնակչությունից խլեցին դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։
Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկեցին տեղահանվածներին, կողոպտեցին, ծեծեցին ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկեցին Թուրքմենստան։ Նույնը կատարվեց նաև օդանավակայանում։
Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրել են սրտային խանգարումների)։ Այն դադարեցվեց զանգվածային ջարդերի միայն յոթերորդ օրը' քաղաք խորհրդային զորքեր մտցնելուց հետո:
Բաքվի դեպքերը, որոնց զոհ գնաց շուրջ 300 մարդ, փաստորեն Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր ազգային ինքնորոշման համար մղվող Ղարաբաղի (էթնիկ հայկական տարածք, որը հանձնվել էր Ադրբեջանին, երբ Ստալինի ռեժիմի ժամանակ վերագծվել էին սահմանները) հայերի ազգային-ազատագրական շարժմանը:
Մինչև օրս զոհված հայերի ստույգ թիվը հայտնի չէ, քանի որ հատուկ վիճակագրություն չի արվել կոտորածների ժամանակ:
Մի քանի օրվա ընթացքում Բաքվում հայ չմնաց, թեև այնտեղ բնակվում էր 250 000 հայ: Նրանք փախչում էին' թողնելով ամեն ինչ և ապաստան գտնում Վրաստանում, Ռուսաստանում, Հայաստանում:
Կոտորածներից մեկ օր առաջ Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման պահանջը անխուսափելիորեն հարցականի տակ կդնի Բաքվի 250 000 հայերի ճակատագիրը»:
Մեկ շաբաթ անց խորհրդային զորքերը գեներալ Ալեքսանդր Լեբեդի հրամանատարությամբ գրոհեցին Բաքուն և փաստորեն փրկեցին մնացած հայերին: Հայերին լաստանավով ուղարկեցին Թուրքմենստանի Կրասնովոդսկ նավահանգիստ (ներկայիս' Թուրքմենբաշի):
Միջազգային հանրությունը մինչ օրս չի դատապարտել Բաքվի հայերի սպանդը:
1990 թվականին Բաքվում կատարվածը հերթական ցեղասպանությունն էր հայ խաղաղ բնակչության դեմ:
Նաև այսօր, երբ Հայաստանի իշխանությունը փորձում է «բարեկամանալ» Ադրբեջանի հետ, պետք է փաստել, որ Ադրբեջանում ոչ միայն չի նվազել հայերին սպանելու ցանկությունը, այլ այն ավելի է շատացել ու աջակցվում է ադրբեջանական պետության կողմից:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից