Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արդարության մասին ոչ թե պետք է հայտարարություններ անել, այլ այն արմատավորել երկրի կյանքում

Արդարության մասին ոչ թե պետք է հայտարարություններ անել, այլ այն արմատավորել երկրի կյանքում
26.03.2013 | 12:54

Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ ցեղասպանության պահանջներում մենք թերագնահատում ենք մեր ոխերիմ թշնամուն` Թուրքիային, կամ առնվազն սուբյեկտիվ ենք: Մինչդեռ փաստ է, որ այդ երկիրը մտնում է աշխարհի 20 առաջատար պետությունների ցանկի մեջ և զարմացնում մասնագետներին իր դինամիկ տնտեսական (և ոչ միայն) զարգացմամբ: Մոսկվայաբնակ իսրայելցի մի քաղաքագետ, որին երբեք թուրքամետ չես համարի, վերջերս լինելով Թուրքիայում և ուսումնասիրելով նրա ներքին ու արտաքին քաղաքականության «ճկուն ու նենգ» յուրահատկությունները, այդ երկիրը համարում է ամենաուշագրավն ու ամենահետաքրքրականը աշխարհաշրջանում:
Ահա և օրերս ռուսաստանյան շատ լրատվամիջոցներ հրապարակեցին Թուրքիայում անցյալ տարի անցկացված մարդահամարի արդյունքները: Արժե, որ մենք ևս անդրադառնանք այդ թեմային, քանզի ժողովրդագրական բնագավառում այնտեղ նկատվող միտումները հակադիր են մեր ազգային շահերին. պետք է լավ իմանալ ժամանակակից թուրքին և ոչ թե ջայլամ ձևանալ: Մարդահամարի վերաբերյալ բոլոր տվյալները քաղված են ռուսաստանյան մամուլից:
Եվ այսպես, 2012 թվականին Թուրքիայի բնակչությունը կազմել է 75 միլիոն 627 հազար 384 մարդ: 1927 թվականի առաջին մարդահամարի տվյալներով` այն եղել է մոտ 12,5 միլիոն: Ամեն տարի այս երկրի բնակչությունն ավելանում է մեկ միլիոնով: Այսինքն, երեք տարին մեկ Թուրքիան երկնում է Հայաստանին հավասար մի ազգաբնակչություն: Եվ այդ այն դեպքում, երբ հայոց ղեկավարությանը այդպես էլ չի հաջողվում կանգնեցնել աղետաբեր արտագաղթը:
Թուրքիայի բնակչության 82 տոկոսը թուրք է, 10,6 տոկոսը` քուրդ: Մնացյալը արաբներ են, հույներ, հայեր, հրեաներ, չերքեզներ և այլն: Բացի այդ, Անկարան սերտ կապերի մեջ է իր «սփյուռքի» հետ, որի հիմնական զանգվածը` մոտ 3 միլիոն, բուն է դրել Գերմանիայում: Ըստ Սահմանադրության, թուրք է համարվում նաև խառն ընտանիքում ծնված երեխան` երբ թուրք է հայրը կամ մայրը:
Բնակչությունն անհամաչափ է բաշխված. առավել խտաբնակ են ծովամերձ տարածքները: 77,3 տոկոսը բնակվում է խոշոր քաղաքներում ու շրջանային կենտրոններում: Երկու տասնյակ քաղաքներ միլիոնից ավելի բնակիչ ունեն (հեշտ է ասել): Ստամբուլը իսկական մեգապոլիս է` 13 854 740 մարդ (երկրի բնակչության 18,3 տոկոսը): Բազմամիլիոնանոց են նաև առաջին եռյակի մեջ մտնող մյուս քաղաքները` Անկարան` 4 965 542, և Իզմիրը` 4 005 459 մարդ: Մեզ հարազատ անուններով քաղաքներից հիշատակենք Վանը` 1 051 975, Էրզրումը` 778 195, Մուշը` 413 260, Բիթլիսը` 337 253, Կարսը` 304 821 բնակիչ: Քրդերի գլխավոր քաղաք Դիարբեքիրի բնակչությունն արդեն անցել է 1,5 միլիոնից:
Թուրքիայի բնակչության մեջ գերակշռում են տղամարդիկ` 50,2 տոկոս: Սակայն կանայք փոքր-ինչ ավելի են ապրում` 30,6 և 29,5: Բնակչության միջին տարիքը 30,1 է: 15-64 տարեկանների մեջ աշխատունակ է ավելի քան 51 միլիոնը:
Մեկ քառակուսի կիլոմետրի հաշվով ամենախտաբնակը, իհարկե, Ստամբուլն է` 2666 մարդ, սակավ բնակեցվածը` Թունջելիի նահանգը` 12:
Մի խոսքով, ցավով պիտի արձանագրենք, որ թուրքական պետությունը բարգավաճում է, հզորանում, բնակչությունը` աճում: Եվ այդ զարգացումներում հսկայական դեր է խաղում այն պարագան, որ վերջին տասնամյակներում թուրքական ցեղը ծնում է իսկական ազգային լիդերներ, որոնց մասշտաբային բազմակողմ գործունեությունը միտվում է թուրք պետության ու թուրք տարրի իրական զարգացմանը: Եվ այս ֆոնի վրա հետևելով Հայաստանի նախագահի թեկնածուների` վիրավորական աստիճանի անդեմ ու անմրցունակ պայքարին, խոր հոռետեսություն էիր ապրում` արդյո՞ք մեր ազգն անընդունակ է դարձել երկնելու նոր սերնդի կարող լիդերներ կամ գոնե լիդեր: Ցեղասպանության մասին երկրի ղեկավարների դատողությունները դառնում են սոսկ դեմագոգիա, գորշ իրականությունից հասարակության ուշադրությունը շեղելու էժանագին հնարքներ, երբ արմատական ոչինչ չի արվում ինքնակործանիչ արտագաղթը կասեցնելու համար: Բնակչության ի՞նչ աճի մասին կարելի է խոսել, ի տարբերություն Թուրքիայի:
Արդարության մասին ոչ թե պետք է հայտարարություններ անել, այլ այն արմատավորել երկրի կյանքում:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 3793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ