Թրամփի վարչակարգը հաստատուն քայլերով տեղափոխվում է միմիայն ամերիկյան շահերի պաշտպանության հարթակ: Մերկ հաշվարկ, տնտեսական օգուտ, բիզնես շահեր և միայն կոնկրետ պարտավորությունների կատարում: Նույնիսկ ԱՄՆ-ի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամները պարտավոր են ենթարկվել նոր կանոններին: Հանուն «ժողովրդավարության» ԱՄՆ-ի հաշվին գլոբալ շոուն հետին պլան է մղվել: Այս քաղաքականության արդյունքում Հավաքական Արևմուտքը երկփեղկվել է: Թրամփը և նրա կառավարությունը չեղարկում են «ձրիակեր» Եվրոպայի հանդեպ առևտրատնտեսական արտոնությունները: Եվրոպական Միությունը այսուհետ պարտավոր է ուկրաինական կողմին տրվող զենքն ու զինամթերքը գնել ԱՄՆ-ից: Նոր կնքված պայմանագրերով ԵՄ պետությունները ԱՄՆ ապրանքներ արտահանելու են 15% մաքսատուրքով, իսկ ամերիկյան ապրանքները ԵՄ-ում ընդհանրապես ազատվում են մաքսատուրքերից: Սա դեռ բավական չէր, ԵՄ-ը պարտավորվում է հինգ-վեց հարյուր միլիարդի ներդրումներ անել ԱՄՆ-ում: Ուրսուլան շատ խեղճացած էր Սպիտակ տանը: Համոզված եմ, որ գինեկոլոգի մասնագիտությունը համատեղելի չէ ԵՄ-ի նման գիգանտ կառույցի գործադիր բարձրագույն իշխանության ղեկավարի աթոռին:
Ի՞նչ հետևանքներ կունենա ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների նման ձևաչափը, արդյոք եվրասկեպտիկները չե՞ն ակտիվանա, ի՞նչ ընթացք կունենան ուկրաինական ճակատի մատակարարումները և բազմաթիվ այլ հարցեր են ի հայտ գալիս: Այս հանգամանքները պետք է նորից մտածելու տեղիք տան Հայաստանի եվրաքվեականներին:
Գարիկ Քեռյան