Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ինչի համար և ում էր պետք 2020 թվականի պատերազմը

Ինչի համար և ում էր պետք 2020 թվականի պատերազմը
24.08.2025 | 11:43

Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ իր ուղերձում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի թեմային։ Մեկնաբանելով 2020 թվականի պատերազմը, Փաշինյանն ընդգծել է, որ չէր կարող գնալ զիջումների, քանի որ, ըստ նրա, դա միայն կուժեղացներ Հայաստանի կախվածությունը և կասկածի տակ կդներ ՀՀ պետականությունը։

Ի՞նչ է սա նշանակում։

2019 թվականին Նիկոլ Փաշինյանի սեղանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկ կար։ Առաջարկը ենթադրում էր Արցախի անցումային կարգավիճակի ամրագրում՝ ԼՂՀ հինգ շրջանների զիջման և խաղաղապահների մուտքի պայմանով։

Այս առաջարկում Փաշինյանին բացարձակապես ոչինչ չէր բավարարում։ Առաջին հերթին այն, որ Արցախը ՉէՐ դադարի գոյություն ունենալ, այլ կստանար միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ՝ անվտանգության երաշխիքներով։

Պատերազմը պետք էր ոչ միայն 2019 թվականի ծրագիրը զրոյացնելու, այլև պարտության համար Ռուսաստանին պատասխանատու նշանակելու համար։

Փաշինյանի և նրա թիկունքում կանգնածների ընկալմամբ՝ 2020 թվականի պատերազմը հայերի համար պետք է դառնար այն, ինչ 08.08.08 պատերազմը դառավ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համար։ Այդ պատերազմը տասնամյակներով սեպ խրեց երկու երկրների միջև՝ Մոսկվայի և Թբիլիսիի համագործակցությունը դարձնելով անհնարին։

2020 թվականի պատերազմը պետք է ավարտվեր Արցախի անկմամբ։ Միայն Պուտինի անձնական միջամտությունը կանխեց այդ սցենարը, ու պատերազմի ընթացքին ներսից ծանոթ ցանկացած մեկը դա կհաստատի։

Սակայն Արցախի պետականության ոչնչացման և դրա համար Մոսկվայի վրա պատասխանատվություն դնելու ծրագրից ոչ ոք չհրաժարվեց։ Հենց դրա համար էին պետք 2021-2022 թվականների սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին, որոնք Փաշինյանին առիթ տվեցին 2022 թվականին դե յուրը հանձնել Արցախը, և այդ նույն ժամանակ դե ֆակտո դուրս գալ ՀԱՊԿ-ից և Հայաստանում զարկ տալ ռուսաֆոբական քարոզչությանը։

Հիշենք, թե ինչ էր ասում Ջոն Բոլթոնը 2018 թվականին. Հայաստանը պետք է հրաժարվի պատմական կարծրատիպերից։ Հենց այս ամենի մասին էր նա խոսում։ Նրա համար կարծրատիպը Ռուսաստանին որպես դաշնակից ընկալելն է։

Պատերազմը Փաշինյանի ռեժիմի գլխավոր հենասյունն է։ Առանց դրա Նիկոլի առաքելությունն անկատար կմնար։

Իսկ Մոսկվա՞ն:

ՌԴ-ում անտեսում էին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Ինչ-որ տեղ կարծում էին, որ միևնույն է, ամեն ինչ վերահսկողության տակ է, և վերջին պահին «Պուտինը նորից ինչ-որ բան կմտածի»։ Ինչ-որ տեղ ադրբեջանական լոբբին հիանալի էր աշխատել, ինչ-որ տեղ կարծում էին, որ «նրանք ոչ մի տեղ չեն գնա»։ Ինչ-որ տեղ տեղերից տեղեկություններ էին ստացվում, որոնք 180 աստիճանով տարբերվում էին իրական իրավիճակից, ինչն ազդում էր վերջնական որոշումների վրա։ Արդյունքում, անվտանգության ճարտարապետությունը, որը կառուցվում էր վերջին 200 տարիների ընթացքում, և որում առանցքային տեղ էր զբաղեցնում Արցախը, ավերվել է, բայց Ադրբեջանը դրանից հետո ՌԴ-ի դաշնակից չդարձավ։

Ավելին, օկուպացված Արցախից Ալիևն այնքան սադրիչ հայտարարություններ է անում, որ ՌԴ-ում փորձագետների մի մասը դրանք ընկալում է որպես Ռուսաստանի հետ պատերազմի նախանշան։

Այս ամենը չէր լինի, եթե չլիներ պատերազմը, և Փաշինյանի այսօրվա խոստովանությունը դա հաստատում է։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ