Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

«Խաղաղություն» բառի համար կարող ենք վճարել ոչ միայն լրջագույն անդառնալի կորուստներով, այլև առնվազն նոր հակառակորդների ձեռքբերմամբ»

«Խաղաղություն» բառի համար կարող ենք վճարել ոչ միայն լրջագույն անդառնալի կորուստներով, այլև առնվազն նոր հակառակորդների ձեռքբերմամբ»
14.08.2025 | 17:40

Վաշինգտոնյան հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախաստորագրած համաձայնագիրը իշխանությունները ներկայացնում են իբրև խաղաղության նոր դարաշրջանի փուլ։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Ադրբեջանը պարտավորվել է տարածաշրջանային բոլոր խնդիրները այսուհետև լուծել խաղաղ բանակցային եղանակներով։ Այս փաստաթղթերի իրավական մեկնաբանության համար դիմել ենք Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ։

- Նախ, մինչև միջազգային փաստաթղթերի կոնկրետ դրույթներին անդրադառնալը, կխնդրեինք ամփոփ գնահատել դրանց իրավաքաղաքական արժեքը։

- Ուշադրություն դարձրեք այդ փաստաթղթերի շահառուներն են Իսրայելը, Թուրքիան և Ադրբեջանը, այսինքն՝ 44-օրյա պատերազմի առանցքային դերակատարները, որոնք ոչ միայն այդպես էլ չեն ենթարկվել դատական պատասխանատվության, այլև չեն արժանացել անգամ տնտեսական սանկցիաների, ավելին՝ ԱՄՆ-ը հենց այս փուլում չեղարկել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը։ Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանի իշխանությունը, չբավարարվելով այդքանով, շրջափակեց ողջ Արցախը և ռազմական ուժի կիրառմամբ հայաթափեց այն, հընթացս զավթեց Հայաստանի ռազմավարական լրջագույն արժեք ունեցող մի շարք սահմանամերձ տարածքներ և բացահայտ հանդես է գալիս հայատյաց քարոզչությամբ։ Եվ այս համատեքստում այն քարոզչական թեզն է շրջանառվում, որ, այնուամենայնիվ, հարկ է անտեսել տեղի ունեցած մարդկայնության դեմ ծանր ոճրագործությունները, ձեռնպահ մնալ դատական հայցերից և այդ երկրների պահանջների բավարարմամբ հասնել բաղձալի խաղաղության։

Որպես միջազգային իրավունքի փաստաթղթեր, դրանք, հատկապես՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը իրավական արժեք ունեն միայն Հայաստանի կողմից խիստ էական զիջումների մասով, իսկ Ադրբեջանի մասով դրանք բովանդակում են այնպիսի պարտավորություններ, որոնք արդեն իսկ ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ, այսինքն առարկայազուրկ են։

- Կարող ենք ենթադրել, որ այդպիսով, դրանք շահեկան չեն զուտ միակողմանի զիջումների կտրվածքով, մնացած մասով վտանգ չեն ներկայացնում։

- Բայց միակողմանի զիջումների մեջ են մտնում այնպիսի պարտավորություններ, որոնք անխուսափելիորեն սուր հակասություններ են առաջացնելու արտաքին լրջագույն ուժերի հետ, որոնք եթե անգամ զերծ մնան ռազմական միջամտությունից, կարող են էներգետիկ, տնտեսական ու սոցիալական էական խնդիրներ հարուցել մեր Երկրի համար և արդեն բաց տեքստով հայտարարում են այդ մասին։

Մասնավորապես, համաձայնագրով նախատեսվում է, որ այն գերակայելու է ոչ միայն ներպետական օրենսդրության (սա խնդիր չէ), այլև բոլոր այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ։

Ի՞նչ է սա նշանակում. Օրինակ, ԵԱՏՄ անդամակցության հիմնադիր փաստաթղթերը ևս պարտավորեցնում են, որպեսզի անդամ պետությունները ձեռնպահ մնան այնպիսի միջազգային պարտավորություններից, որոնք կհակասեն այդ փաստաթղթերին։

Նկատենք, որ այդ հիմնադիր փաստաթղթերը Սահմանադրական դատարանի եզրակացությամբ ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող։

Այսինքն՝ մենք բախվելու ենք մի իրավիճակի հետ, երբ միաժամանակ փորձելու ենք ղեկավարվել միմյանց հակասող միջազգային իրավադրույթներով, ինչն ուղղակի նոնսենս է։ Իհարկե, ելքը նախկինում կնքված միջազգային պայմանագրերից հրաժարվելն է, բայց հենց սա էլ նոր հակասությունների ու անկանխատեսելի բացասական զարգացումների անխուսափելի պատճառ կլինի։

- Վաշինգտոնյան եռակողմ հռչակագիրը պաշտոնական քարոզչությամբ ներկայացվում է լրջագույն ձեռքբերում նաև այն տեսանկյունից, որ ԱՄՆ-ը ստանձնել է պարտավորությունների երաշխավորի դեր։ Բայց սա, իրոք, ծանրակշիռ փաստարկ է, այնպե՞ս չէ։

- Իրականում այդ հռչակագիրը ոչ թե եռակողմ է, այլ երկկողմ, քանզի ԱՄՆ-ը հանդես չի եկել, որպես կողմ կամ երաշխավորող, այլ ընդամենը ստորագրել է, որպես վկա։

Մասնավորապես անգլերեն տարբերակում ԱՄՆ նախագահի ազգանվան վերևում հստակ նշված է՝ «Witnessed by» (վկա), ինչը հայերեն տարբերակում արդեն հանված է, այսինքն՝ այն հրամցվում է ակնհայտ կամայական թարգմանությամբ։

Ընդ որում, այս վերապահումը անմիջականորեն բխում է հռչակագրի տեքստից, որի 7-րդ կետով կողմերը ԱՄՆ նախագահին պարզապես շնորհակալություն են հայտնել՝ «երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում իր նշանակալից ներդրման համար»։

Այսպիսով, ոչ թե հռչակագիրն է եռակողմ, այլ սոսկ հանդիպումը, իսկ սա էական վերապահում է, քանզի ԱՄՆ-ը չի ստանձնել պարտավորությունների կատարման երաշխավորի դեր, ինչպես սխալմամբ ներկայացվում է։

Սկզբունքորեն եթե դա անգամ լիներ եռակողմ, դարձյալ որևէ կայուն գործնական արժեք չէր ունենալու, քանզի բոլորին է հայտնի, թե ինչ տեղի ունեցավ Սիրայում, Քուվեյթում, Իրաքում և այլն, որոնց դեպքում ԱՄՆ-ն իմպերատիվ երաշխավորի դեր էր ստանձնել։ Վերջապես հարկ է ելակետ ընդունել ոչ թե ներկայիս գերտերությունների խարիզմատիկ լիդերների զուտ հրապարակային խոստումները, այլ պատմաիրավական անբեկանելի փաստերը՝ իրենց էվոլյուցիայի մեջ։

Յուրքանչյուրին պետք է մտահոգի այն, որ ԱՄՆ-ի նման գերտերության ղեկավարը սահմանափակվել է տարբեր շահառուների համար գերկարևոր միջանցքի հարցն ամեն գնով լուծելու հարցով, բայց իրեն նեղություն չի տվել անգամ անդրադառնալու այնպիսի առնչվող հրատապ հարցերի, ինչպիսիք են ռազմագերիների, արցախահայության իրավունքների վերականգնման, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող վանքերի, եկեղեցիների և այլ սրբավայրերի բարբարոսաբար ոչնչացման և նմանաբնույթ այլ խնդիրներին։ Մի՞թե պարզ չէ, որ այսպիսի մարդակենտրոն առաջնահերթ հարցերի անտեսմամբ իրական խաղաղություն չեն կառուցում, դա կլինի ընդամենը տարածաշրջային ազդեցության գոտիների վերանայման ծրագիր։

Բացի դա, այդ ի՞նչ պարտավորություններ է ստանձնել Ադրբեջանը, որ մի բան էլ քննարկենք նաև դրանց երաշխավորման խնդիրը։

- Բոլոր դեպքերում, այդ փաստաթուղթն ի՞նչ գործնական արժեք կարող է ունենալ, մանավանդ, որ անգամ անվանումն է խոսուն՝ հռչակագիր։

- Անվանումը ճիշտ է ընտրված Ադրբեջանի մասով, քանզի վերջինիս ստանձնած պարտավորությունները, իրոք, վերացական են և պայմանավորված հետագա հնարավոր միջազգային երկկողմանի պայմանագրերի կնքմամբ, իսկ այ Հայաստանի մասով էական զիջումը՝ Զանգեզուրի միջանցքը ավելի, քան միանշանակ է։

Ընդ որում, երկկողմանի զիջումների պատրանք ստեղծելու միտումով ընտրվել են բավականին պարզունակ, անփույթ ձևակերպումներ։ Նախ, երկու միջազգային փաստաթղթերն էլ արհեստականորեն ծանրաբեռնվել են ՄԱԿ-ի կանոնադրության որոշ հիմնադրույթների անհարկի կրկնությամբ, բացի այդ, երբ խոսքը վերաբերել է փոխշահավետ հարաբերությունների ձևավորմանը, նախապատվությունը տրվել է խիստ վերացական դրույթների ամրագրմանը, որոնք կարող են կյանքի կոչվել միայն հետագայում կնքվելիք միջազգային երկկողմանի համաձայնագրերով։

Առարկայական անդրադառնանք մեր պնդմանը։ Տարանցիկ հաղորդակցությունների խնդրի մասով հռչակագրում ամրագրվել է, որ կողմերը վերահաստատում են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով, և այդ ջանքերը կներառեն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Այլ կերպ ասած, կոնկրետ այս փուլում լուծվում է միայն Զանգեզուրի միջանցքի հարցը, իսկ մյուս ճանապարհների հարցը, որոնք արդեն շահեկան կլինեին հենց Հայաստանի համար՝ առկախվում են։ Զավեշտը նաև նրանում է, որ տարանցիկ հաղորդակցության բնականոն, համաընդհանուր կանոնները, որոնք կիրառում ունեն ողջ աշխարհում, հանկարծ Ադրբեջանը, ԱՄՆ նախագահի հովանավարությամբ, գնահատում է իբրև «խոչընդոտ»։ Սա անչափ խոսուն փաստարկ է, կարող ենք վստահ լինել, որ ապագայում Հայաստանին արդեն պաշտոնապես, ընդ որում, հաջողված մեթոդաբանությամբ կներկայացվեն նաև այլ «խոչընդոտներ», օրինակ՝ Սահմանադրությունը փոխելը, պետական խորհրդանիշերը վերանայելը և այլն։

- Գրեթե իմ բոլոր հարցերին պատասխանելիս, դուք առաջնահերթ անդրադառնում եք երշխիքներին։ Այս տեսանկյունից ադրբեջանական իշխանությանը, թերևս, մտահոգում է նաև սահմաններում երրորդ երկրի ռազմական ուժերի առկայության հարցը։ Ինչպե՞ս կարող է լուծվել այս թնջուկը։

- Այո, համաձայնագրի 7-րդ կետով ամրագրված է. «Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով»։ Սա ուղղակի նշանակում է, ինչպես արդեն նկատեցի, հենց այս պահին իրավական ուժ ունեցող վավերացված միջազգային պայմանագրերի չեղարկում, ինչի հնարավոր հետևանքներին ևս անդրադարձա։

Ստացվում է, որ մենք կամավոր զրկվում ենք եղած երաշխիքներից, հույս ունենալով, որ հենց այս պահին պաշտոնապես լրջագույն տարածքային ակնկալիքներ ունեցող երկրները ձեռնպահ կմնան որևէ միջամտությունից։ Եթե եղած երաշխիքները, ըստ էության, գործնականում համարժեք չեն, ապա հարկ է դրան անդրադառնալ, ոչ թե ընդհանրապես հրաժարվել ցանկացած երաշխիքից։ Ընդ որում, սա ևս միակողմանի զիջում է, քանի որ այդ պարտավորությունը դե ֆակտո վերաբերում է միայն մեր Երկրին։

- Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ գոնե անհայտ կորածների և ռազմագերիների մասով կարձանագրվի որոշակի առաջխաղացում։

- Իրական ակնկալիք՝ ոչ, բայց պատրանք, որքան կամենաք։ Այսպես, համաձայնագրի 9-րդ հոդվածով ամրագրված է. «Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարության ապահովման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով»։

Այս պարտավորությունը Ադրբեջանի մասով մեռելածին է։ Նախ, վերջինս պարզապես արգելել է իր տարածքում «Կարմիր խաչ»-ի գործունեությունը, ինչը նշանակում է, որ այդպիսի տեղեկատվության իսկությունը մնում է անվերահսկելի, բացի այդ, Ադրբեջանը վաղուց է հայտնել, որ իր տարածքում չկան ռազմագերիներ և անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալներ։ Այս համատեքստում Ադրբեջանը գուցե մասամբ հավատ ներշնչելու համար խիստ մասնակի քայլեր անի, բայց ավելին ակնկալելը միամտություն է։

- Մեզանում հաճախ խոսում են Զանգեզուրի միջանցքի մասին՝ ընդգծելով, թե դրանում որքան մեծ է Թուրքիայի և Իսրայելի շահագրգռվածությունը։ Ըստ այդմ էլ հայտարարվում է, թե ի՞նչն է խանգարում, որ թողենք և իրենք ապրեն և մենք ապրենք։

- Սկզբունքորեն դեմ չենք, որ երկրներն ունենան բնականոն հաղորդակցության հնարավորություն, բայց խոսքը հենց այնպիսի հաղորդակցության մասին է, որի արդյունքում շահողը միայն մեկ կողմն է ոչ միայն տվյալ պահին, այլև ողջ հետագա զարգացումների համատեքստում։ Կարծում եմ, որևէ մեկը պատրանքներով այնքան տարված չէ, որ չհասկանա, որ խիստ սահմանափակ վերահսկելի, չի բացառվում նաև անվերահսկելի միջանցքը արդեն կարճ ժամանակ անց ուղեկցվելու է հարակից տարածքներում թուրք-ադրբեջանական ինֆրաստրուկտուրայի կտրուկ ներդրմամբ, որպիսի պայմաններում պարզապես տեխնիկայի խնդիր է դառնում այդ տարածքը «քաղաքակիրթ և օրինական» միջոցներով, օրինակ՝ տները և հողամասերը գնելու եղանակով և այլն, հայաթափելու հեռահար նպատակը։ Սա ոչ թե անհիմն ենթադրություն է, այլ այդ պետությունների պաշտոնական հայտարարությունների տառացի կրկնությունը։

- Այնուամենայնիվ, Ադրբեջանը միանշանակ պարտավորվել է այլևս չդիմել ռազմական ուժի կիրառման և բոլոր վիճելի խնդիրները լուծել միայն ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված խաղաղ բանակցությունների և այլ եղանակների միջոցով։

- Դե սա արդեն այս համաձայնագրի «գլուխգործոցն է», ստացվում է, որ Ադրբեջանը առ այսօր կարող էր անարգել ռազմական ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ, մինչդեռ, ինչպես արդեն նշեցի, պատերազմն ինքնին իրավաչափ եղանակ չէ հենց միայն այն հիմքով, որ դա համարվում է համապարտադիր ՄԱԿ-ի անդամ յուրաքանչյուր պետության համար։ Ադրբեջանի կողմից հնարավոր, այսպես կոչված՝ լեգիտիմ պատերազմի թեզի հեղինակները, ցավոք, մենք ենք, մենք ենք մշտապես շրջանառության մեջ դրել այն ակնհայտ անհիմն թեզը, ըստ որի՝ եթե մենք չանենք այս կամ այն զիջումը, ապա դրանով Ադրբեջանի համար կստեղծենք լեգիտիմ պատերազմի հիմք։

Ընդ որում, միջազգային կազմակերպությունները և գերտերությունները ներկա դարաշրջանում, ցավոք, բացահայտ թքած ունեն միջազգային պարտավորությունների կատարման վրա՝ մի դեպքում իրենք անհապաղ անցնում են սանկցիաների կիրառման, մեկ այլ նույնաբնույթ դեպքում, կիրառում են խրախուսական գործիքներ։ Միայն այդպես կարելի է բացատրել Ադրբեջանի նկատմամբ ամոթալի լոյալ վերաբերմունքը։

Այսպիսով, ինչի մասին էլ խոսենք, առանցքում մնում է նույն ելակետային հարցադրումը՝ պատերազմը չի կարող բացառվել, քանի դեռ կան չբավարարված ակնկալիքներ և հընթացս երաշխիքների իսպառ բացակայություն։ Ընդ որում, հայատյաց քաղաքականության արդյունքներին կարող են հասնել արդեն ոչ թե ծախսատար ռազմական գործողությունների, այլ առավել աննկատ ու քիչ ծախսատար դիվանագիտական խորամանկությունների միջոցով։

Հարցերը՝ irates.am-ի

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ