ՈՒկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ավարտի մասին խոսակցությունները վաղաժամ են։ Չնայած առկա վիճակի և հետագա զարգացումների հավանական դինամիկայի տեսանկյունից Պուտինի ու Թրամփի միջև կայացված պայմանավորվածությունները ստեղծված իրավիճակում Ուկրաինայի համար եթե չասեմ լավագույնն են, ապա միանշանակ չարյաց փոքրագույնն են, բայց և այնպես, խաղաղության նախանշանները բացակայում են։ Զելենսկին հայտարարում է, թե պատրաստ ենք դե ֆակտո, բայց ոչ դե յուրե ընդունել տարածքային կորուստները, ի պատասխան Լավրովը նշում է, թե պատրաստ ենք դե ֆակտո բանակցել Զելենակիի հետ, բայց ոչ դե յուրե, քանի որ վերջինիս սահմանադրական լիազորությունները վաղուց սպառված են։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը, մեծ հավանականությամբ, կշարունակվի մինչև հաջորդ գարուն, որովհետև գրեթե բոլորը, բացառությամբ Ռուսաստանի, Իրանի և մասամբ նաև Միացյալ Նահանգների, շահագրգիռ են, որպեսզի այն շարունակվի հնարավորինս երկար։ Իհարկե, շահառուներից յուրաքանչյուրն ունի իր շահադիտականությունը։
- Զելենսկին չի ցանկանում ընդունել տարածքային կորուստների փաստը, որովհետև վախենում է իր քաղաքական, ինչու չէ, նաև ֆիզիկական կյանքի համար։
- Բրիտանիան չի համակերպվում այն մտքի հետ, որ պատերազմի ավարտից հետո ստիպված է լինելու անվերադարձ լքել մեծ խաղացողների բարձրագույն լիգան։
- ԵՄ անդամ առաջատար երկրները տագնապ ունեն, որ պատերազմում Ուկրաինայի պարտությունը հանգեցնելու է ձախ լիբերալ նախագծի տապալմանը և ներեվրոպական քաղաքական վերակառուցմանը։
- Չինաստանի շահագրգռությունը կայանում է նրանում, որ պատերազմը թույլ է տալիս, մի կողմից, բոլորի ուշադրությունը սևեռված պահել ռուս-ուկրաինական հակամարտության վրա, մյուս կողմից, բացառիկ արտոնյալ պայմաններով Ռուսաստանից ստանում է էներգառեսուրսներ։ Ի դեպ, Չինաստանը այն եզակի երկրներից է, որը միաժամանակ հակամարտող երկու կողմերին մատակարարում է ԱԹՍ-ների և ռազմական նշանակության այլ զինատեսակների սարքավորումներ։
- Պատերազմի ավարտը չեն ցանկանում նաև հետխորհրդային տարածքի երկրների իշխանությունները։ Որոշ բացառություն կարելի է անել Բելառուսի համար։ Նրանց մի մասը, իշխանությունը պահելու և երկարաձգելու քաղաքական նկատառումներով, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, մասամբ Մոլդովան, մյուսները` հիմնականում Կենտրոնական Ասիայի երկրները, Ռուսաստանի համար սահմանված պատժամիջոցների արդյունքում ստացած նոր հնարավորությունների պատճառով։
Պատերազմի երկարաձգմամբ շահագրգիռ են Թուրքիան և Իսրայելը։ Թուրքիայի համար Ռուսաստանի «զբաղվածությունը» հնարավորություն է Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Սիրիայում իր դիրքերն ամրացնելու համար, Իսրայելի համար` Իրանի հետ սեփական հին հաշիվները մաքրելու համար։
Թվում է` պատերազմի շարունակությունը պետք է շահավետ լիներ նաև ԱՄՆ-ի համար` հատկապես ռազմարդյունաբերության եկամտաբերության և ԵՄ-ին տնտեսապես հպատակեցնելու տեսանկյունից։ Բայց և այնպես, ԱՄՆ-ի համար հիմնական առաջնահերթությունը Չինաստանին զսպելու գեոստրատեգիան է, որը, առանց Ռուսաստանի հետ կարգավորված հաարբերությունների, ուղղակի անհնար է իրականացնել։
Գարեգին Պետրոսյան