Նա նստած սրճարանում՝ անհոգ դեմքով իր սիգարն էր վայելում ու մի բաժակ սուրճը։ Նա գիտեր, որ սուրճը խմելուց և սիգարը վայելելուց հետո կարող է գնալ իր ձեռք բերած մեկսենայակոցը, մի քիչ պառկել, մի քիչ հանգստանալ, միացնել ամերիկյան լուրերը ու անհոգ դեմքով վայելել հերթական արևոտ օրը։ Նա գիտեր՝ ինչ է արել, և գիտեր՝ ինչի դիմաց նա ունի կյանքը, որին ինքը հարմարվել է։ Դե, ինչ խոսք, հեշտ է հարմարվել կյանքին, երբ դու ունես ֆեյսբուքյան էջ, որտեղից գումար է ծորում, գրել ես գիրք, որն արժե 100 դոլար, ունես բնակարան, որն ընդամենը քեզ տրվել է ստելու դիմաց։ Կամ չունես բնակարան, բայց ունես անհրաժեշտ գումար՝ կյանքդ բարեկեցիկ ապրելու համար։
Երբ նա դուրս կգա փողոց, կդնի իր լայնեզր գլխարկը, կհագնի իր սիրելի կոստյումը, շարքային ամերիկացու, մեքսիկացու, անգլիացու աչքին նա շատ կիրթ ու գրագետ պարոնի տպավորություն կթողնի։ Շատերը նույնիսկ կցանկանան զրուցել ու մտերմանալ նրա հետ՝ իմանալով, որ պատերազմի մասին գրքի հեղինակ է։ Միգուցե նա նաև հպարտանա իր ազգությամբ՝ իմանալով հայերի բարի համբավի մասին ԱՄՆ-ում։ Հավանաբար դա էլ ավելի կբարձրացնի նրան օտարի աչքերում, հավանաբար նա էլ ավելի իրեն լավ կզգա, որ կարողացավ այդքան հեշտ ու այդքան արագ հարմարվել նոր կյանքին։ Երկրից, որտեղից նա փախել է, պարտությունից, որի ամրագրման օրը հիվանդ ձևացավ, նա չի հիշի, կամ՝ կմոռանա շատ շուտով, և, ընդհանրապես՝ նրա համար օրն-օրի, այն ինչ եղել է, կդառնա շատ բանական, ինչու չէ նաև՝ շատ նորմալ։ Նա վերջնականապես կհամոզվի մեկ բանում՝ երկրում, որից նա փախավ, կարելի է անել ամեն ինչ, կարելի է խաբել, ստել, կեղծել, մանիպուլացնել ու մնալ անպատիժ։ Երբ նրա ստի ու մանիպուլացիայի պատճառով մեկ զինվոր զոհվեց, ու նա չպատժվեց, նա մտածեց, որ ինքը ոչ մի վատ բան չի անում.․․երբ զոհվեց 10-ը, ու նա կրկին մնաց անպատիժ, նա համարեց, որ այդպես էլ պետք է լինի ու երբ այդ թիվը դարձավ 100 կամ 1000 դա արդեն զուտ մեկ զրոյի տարբերություն էր իր համար։
Երկիրը, որից նա փախավ, տականքներ շատ ունի, ու երկիրը, որից նա փախավ, դեռ ունի տականքներ, ովքեր սիրում են իրեն, կամ՝ սիրում էին իրեն նույնիսկ այն ժամանակ, երբ ակնհայտ էր, որ նա 44 օր խաբել է։ Նա իր արդարացումն էլ ունի՝ նրան ստիպել են խաբել, երևի հենց այդ հանգամանքով պայմանավորված էլ՝ խիղճը մաքուր կպահի, կհամարի, որ իր մեղքի բաժինն անչափ չնչին է։ Այո՛, այդպես կմտածի, կժպտա նույնիսկ, երբ իմանա, որ այսօր 3 գիրք է վաճառվել պատերազմի մասին. կժպտա նա.․․նա, ով իրական պատերազմ վաճառեց։ Եվ նրանով պատմությունը ո՛չ կսկսվի, ո՛չ էլ կվերջանա, քանի որ երկրում, որից նա փախել է, ներում են բոլոր արգանդակերերին, սերնդասպաններին, երկիրը արևը մարել ցանկացողներին․․․երկրում, որից նա փախել է, մարդիկ չեն գնդակահարվում դավաճանության համար:
3 մայիսի 2021 թ.
Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ