ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Էրգրի ճամփեքով

Էրգրի ճամփեքով
23.04.2025 | 12:16

ՈՒխտագնացություն Արևմտյան Հայաստան:

Փոքր էի, դեռ դպրոց չէի գնում։ ՈՒ շատ բաներ ինձ անհասկանալի էին, օտար, անըմբռնելի։ Հաճախ էի զարմանքով նայում Ալավերդու փողոցներով դանդաղ գնացող սայլին, սայլապանին, ձիերին։ Եվ այդպես էլ ինձ համար անհասկանալի էր մնում, թե ինչու էին բոլորը սայլապանին Քեռի անվանում։ Զարմանում էի, թե ինչու նրա ձախ ձեռքը միշտ պիջակի գրպանում էր։

Հետո, տարիներ անց հասկացա, թե ով է նա, ինչու են բոլորը նրան Քեռի ասում, և այլն, և այլն։

... Ճակատագրի երանելի ու բարեհաճ զուգադիպությամբ ստացվել է այնպես, որ շատ եմ ճամփորդել, շրջագայել աշխարհի ավելի քան 35 երկրում։

ՈՒ միշտ մի թաքուն երկյուղածությամբ եմ մտածել Էրգիր` Արևմտյան Հայաստան մեկնելու մասին։ Միշտ մտածել եմ` դեռ ժամանակը չի։

Եվ... 2010 թվականի հունիսին եկավ երկար սպասված ժամանակը։

Այժմ մեծագույն երկյուղածությամբ գրիչ եմ վերցրել` թղթին հանձնելու հոգուս պատառիկները, այն անմեկնելի զգացողություններն ու տպավորությունները, որ ապրեցի այն տասն օրերի ընթացքում` Հայոց Ավետյաց երկրում։

...Մինչ Էրգիր հասնելը պիտի կտրեինք-անցնեինք հարյուրավոր կիլոմետրեր, մինչդեռ Անին դիմացդ է, թվում է` ձեռքդ մեկնես, կհասնես ու շոշափելի կդառնա հազարամյա պատմության հրաշքը։

Գնում եմ Էրգիր, չեմ էլ հասկանում, թե ինչպես եմ համակ ուշադրություն ու տեսողություն դարձած` քարացել այդ գիտակցությունից, գաղափարից, համարձակությունից։ Հետո եմ հասկանում, թե ինչու եմ երկյուղել պապերիս հայրենիքը գալ (հայրական տատիս մայրը` Թամար բաբոն Մուշից էր)։

Գիտեմ` այնտեղ ամեն ինչ քարեղեն է, քարակերտ ու քարե վկա։

Իսկ մինչ այդ` հայ -վրացական սահման` Բավրայի մաքսակետ, վրաց-թուրքական սահման` Վալեի մաքսակետ։

Հոգիս փոթորկվում է։

Ճամփորդական իրերի երկար-բարակ ստուգում-

տնտղումներից հետո անցնում ենք մաքսակետերը, չեմ հասկանում` ի՞նչ են ստուգում, ինչու՞։ Իր տունը, իր օջախ գնացող մարդը ի՞նչ կարող է տանել, որ։ «Ըմբռնումով» ենք վերաբերում մաքսակետերի «արարողակարգերին»։

ՈՒ բացվում է ճամփան դեպի էրգիր։ Ինչ-որ անսովոր զգացումով եմ համակվում։

Ձգվում է ճամփան։

ԿԱՐՍ։

Կարծես 14-ժամյա ճամփա անցած հոգնությունդ մեկեն անցնում է, երբ հեռվից Կարս անառիկ բերդաքաղաքի` համանուն բերդի երկինք մխրճված պարիսպներն են երևում։

Կարսը` Վանանդի նախարարների երբեմնի բերդն ու նստոցը, երբեմնի բերդաքաղաքը, Հայաստանի երբեմնի մայրաքաղաքը։ ՈՒ քարանում ես. թուրքի յաթաղան հիշեցնող կիսալուսնով պետության դրոշն է ծածանվում բերդի պարսպին։

Անցնում ենք Գյումրիից ընդամենը 80 կմ հեռավորությամբ գտնվող` երբեմնի Այրարատ աշխարհի Վանանդ գավառի Կարուց քաղաքի` Կարսի փողոցներով. որ հետո մոտենանք ու չհասնենք Կարսի բերդին։

Տխրություն է իջնում հոգուդ։ Ցավից սիրտդ կծկվում է։ Վերևում Կարսի բերդն է, ներքևում` Կարսի կամուրջը։ Եվ այդ հայոց երբեմնի վեհաշուք «Կարուց բերդ»-ամրոցի ներքևում` Մեծն պոետի, նաիրյան հանճարի տան կիսաքանդ պատերն են։

Ճմլվում է հոգիդ։ Տան շեմի պատին ժանգոտած թիթեղի վրա թուրքերեն գրված է` «վաճառվում է»։

ՈՒ ակամա միտդ են գալիս մեծն Չարենցի տողերը.

... Թողած Կարսում, գետի ափին, տունս` շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին

ու հայրենի երկինքը մով

Եվ Կարինե Քոթանճյանին

անգամ չասած մնաս բարով֊

Անց եմ կենում հիմա օտար

քաղաքների ճանապարհով։

Մարգարեությու՞ն է այս, կանխազգացու՞մ։ Դժվարանում եմ ասել։ Հիմա մենք` 100 տարի հետո անցնում ենք նույն, մեզ հարազատ, բայց և օտարացած Կարսի ճամփեքով, նեղ ու երկար փողոցներով, որով անցել է Եղիշե Չարենը` իր հետ տանելով ու մեզ թողնելով անանց կարոտը։ Նրա կարոտը բանասատեղծական տող է դարձել, իսկ մեր զգացողությունը խառնվել է նրա տողին, ու վախենում ես հետ նայել. դու էլ ես անցնելու և մնալու է մոլախոտերի մեջ հազիվ երևացող «անտաշ քարերով» սիրտ մորմոքող պատերի պատկերը։

Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետն ասես լալիս է ցավից։ Աչքիդ մի տեսակ ավելի սև են թվում Կարսի պատմական կամրջի բազալտակուռ քարերը։ Հենվում ես արևից ջերմացած քարերին ու... ավելի ես մրսում։

Երեք սրբավայր. Կարսի բերդ, Կարսի կամուրջ ու Եղիշե Չարենցի հայրական տուն։ Չգիտես` որի՞ առջև խոնարհվես ու ծնկի գաս։ Մինչդեռ ծնկի գալու համար քիչ հեռվում մզկիթ դարձած Սուրբ Առաքելոց եկեղեցին չի կարող սրբավայր լինել։ Գոց են դեռևս Աբաս Բագրատունի թագավորի օրոք կառուցված (928-953 թթ.) սրբավայրի դռները։ Եվ եթե անգամ բաց լինեն, պիտի բոկոտն մտնես մզկիթ. քոնը սեփականած մուսուլմանի օրենքն է։ Չգիտես` անեծքն է միտդ գալիս այդ պահին, թե աղոթքը առ Աստված, բայց չբարձրաձայնված ճիչն է շամփրում ուղեղդ. ո՞վ է զրկել քեզ այդ իրավունքից, ինչու՞, ո՞ր օրենքով կամ իրավունքով։

Մինչ մոլոր քայլերով պտտվում ես եկեղեցու շուրջը, հայացքդ համբառնում երկինք ու մրմնջում.

Հայր մեր, որ յերկինս ես...

Կարս բերդաքաղաքից դուրս գալուց առաջ` նախանշված երթուղով պիտի այցելես Կարսի թանգարան։ Այստեղ ամեն ինչ հայկականը, հայաշունչն է հիշեցնում։ Թողնում ես հարազատ ցուցանմուշները։ Ձեռքդ սահում է Առաքելոց վանքի ասեղնագործ դռան վրայով։ Չկան դուռը զարդարող` երբեմնի փորագրված զույգ խաչերը, քերվել են դռան վրայից։

Հետո պահի տակ շփոթվում ես, երբ ակնթարթորեն հայտնվում ես այն գորշ կանաչ վագոնի մոտ, որտեղից սկսվել են Կարսի վերջին անկումն ու երբեմնի հզոր բերդաքաղաքի մռայլ ժամանակները և 1921 թվականի հոկտեմբերի 13-ին կնքվել է Կարսի ամոթալի ու անիծյալ պայմանագիրը։ Չես ուզում անգամ մտնել վագոն։ Շանթահարվում ես պատմական նողկալի իրողությունից։ Շունչդ, ասես, կտրվում է, չէ՛, շնչահեղձ ես լինում ներսից եկող գաղջ օդից։

Գիտես` ժամեր անց թողնելու ես Կարսը։ Բայց ուզում ես պահ առաջ մեղմել հոգուդ ցավը։

Իսկ առջևում Սարիղամիշ տանող բարձրագնա ճանապարհն է։

Հոգնած օրը թեքվում է դեպի մայրամուտ։ Ավտոմեքենան փնչոցով հազիվ հաղթահարում է ճանապարհը։ Անտառափեշին թիկնած հյուրանոց ես հասնում կեսգիշերին։ Շուրջդ մութ է, անասելի խավար։ Քունդ չի տանում։ Առաջին գիշերը Էրգրում։ Արթուն է միտքդ. խորհելու գիշեր է։ Չէ՞ որ վաղը բացվելու են այն ճամփաները, որով գլխիկոր ու բոկոտն անցել են հայրենազրկված նախնիներդ, որոնք մեկ անուն ունեն միայն` եղեռնազարկ։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2621

Մեկնաբանություններ