Խոպանչիությունը դարձել է ապրելակերպ, սովորություն, կենցաղ
											 
													08.05.2020 | 00:35
						Կորոնավիրուսը Ռուսաստանում ջրի երես հանեց ևս մի խրթին խնդիր, որին մինչ այդ երկրի իշխանությունները նայում էին,  ինչպես ասում են, մատների արանքով: Խոսքը  միգրացիայի հոսքի մասին է: Պաշտոնապես արձանագրված մոտ 4 միլիոն միգրանտները գերազանցապես միջինասիացիներ են: Ինչքան են իրականում, երևի երկրի միգրացիոն ծառայությունն էլ չգիտե: Մոսկվայում և Պետերբուրգում, օրինակ, նրանց ներկայությունը սպասարկման ոլորտում հատկապես աչք է ծակում: 
 
Մի փոքր պաշտոնական վիճակագրություն: ՈՒզբեկները 1 միլիոն 474 հազար են,  տաջիկները՝ 875 հազար, ղրղզները՝ 558 հազար: Նրանք  տնտեսապես ձեռնտու են Ռուսաստանին. Էժան աշխատուժ է, որ հիմնականում զբաղված է ոչ որակյալ աշխատանքով: Գիտության մեջ, արվեստում և առհասարակ ինտելեկտուալ ոլորտում նրանք գրեթե չկան: Եթե Եվրոպայում միգրանտներն ապահովվում են բնակարանով,  բուժսպասարկմամբ, զանազան արտոնություններով և այլն, ապա Ռուսաստանում  նրանք իրենք են տեսնում իրենց գլխի ճարը: 
Հետկորոնավիրուսային գործազրկությունը, բնականաբար, խիստ սրեց միգրանտների վիճակը: Նրանք պարզապես փողոց շպրտվեցին առանց նյութական միջոցների, նույնիսկ հնարավորություն չունենալով վերադառնալու հայրենիք: Պարզ է, որ ռուսներն  ավելի շատ մտահոգված են իրենց գործազուրկներին ապահովելու հարցերով: 
 
Միգրացիայի շուրջ խոսակցություններն էլ ավելի սրվեցին, երբ «սոված» ներգաղթյալները սկսեցին  հանցագործություններ կատարել՝ զբաղվել գողությամբ,  տեղացիների վրա հարձակումներով և այլն: Ապրել է պետք:  Ռուսական քաղաքական  ընդդիմությունը լեզու առավ և չարախնդորեն հիշեցրեց, որ խնդիրը վաղուց գոյություն ուներ, սակայն իշխանությունները ոչինչ չէին անում այն կարգավորելու համար: Մոռացության մատնվեց նույնիսկ այն պարագան, որ տարբեր պատճառներով  տեղացիները  չեն էլ ուզում կատարել այն ցածրակարգ աշխատանքը, որով զբաղվում են միգրանտները, և որ տեղացիներին դուր չի գա, եթե միգրանտներին ինչ-որ նպաստներ  տրամադրվեն: Իրավիճակն իրոք խրթին է, չեն բացառվում անգամ խռովությունները: Ի դեպ, հաշվել են, որ եթե նույնիսկ նվազագույն աշխատավարձի չափով օգնություն  ցույց տան միգրանտներին, դա Ռուսաստանի վրա կնստի 36,4 միլիարդ ռուբլի: Ահռելի մի գումար: Չմոռանանք նաև նշել, որ եկվորները մուսուլման են, մի հանգամանք, որ պահանջում է որոշակի նրբանկատություն և զգուշություն: 
 
Լավ, ռուսների հոգսը թողնենք իրենց, ո՞րն է մեր մտահոգությունը: Իսկ ու՞մ համար է գաղտնիք, որ մեր երկրում կա այսպես կոչված խոպանչիների ստվար մի բանակ, որն իր տարվա  հացը վաստակում է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքով, հիմնականում՝ շինարարության ասպարեզում: Կարող եմ հավաստել՝ աշխատում են գիշեր-ցերեկ՝ առաջադրանքը ժամանակին և որակով ավարտելու մղումով: Գիտեք,  խոպանչիությունը այս խավի համար դարձել է նաև  ապրելակերպ, սովորություն, կենցաղ: Հիմա կփակվի նրանց մուտքը Ռուսաստան, և ի՞նչ պիտի անեն այդ մարդիկ: Հայոց պետությունը կարող է  օգտվել պատեհ առիթից և  առաջարկել պայմաններ, որ խոպանչիները հրաժարվեն իրենց երկարամյա «սովորույթից» ու  շինաշխատանքների լծվեն հայրենիքում` ընտանիքից» չկտրվելով: 
 
  Անմիջականորեն կորոնավիրուսին չառնչվող ևս մի նորույթ:  Ռուսաստանի խորհրդարանը՝ Պետդուման, քննարկում է  մի ծրագիր, որով նախատեսվում է առավելագույնս դյուրացնել  ՌԴ քաղաքացիության ընդունումը նախկին խորհրդային չորս հանրապետությունների՝ ՈՒկրաինայի,  Բելառուսի, Մոլդովայի և  Ղազախստանի քաղաքացիների համար: ՈՒշադրություն դարձրեք՝ չորսից երեքը քրիստոնեական պետություններ են, իսկ Ղազախստանում մեծ թվով ռուսներ են ապրում: Եվ Ռուսաստանը փորձում է  լուծել սեփական բնակչության աճի խնդիրը, քանզի  արդեն երրորդ տարին այդ ասպարեզում միայն բացասական ցուցանիշներ են արձանագրվում: Բնական է, որ առավելությունը տրվում է հավատակիցներին: 
Այս հենքի վրա պարզապես ուրախալի է, որ նշված ցուցակի մեջ չի մտել  քրիստոնեական Հայաստանը, հակառակ պարագայում նման արտոնությունից առաջին հերթին  կօգտվեին հենց մեր հայրենի... խոպանչիները: Եվ, իհարկե, ոչ միայն նրանք։
 
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
 Մոսկվա
						
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ