Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Մեր հին, համով լիմոնադը կորավ էդ հազարավոր ըմպելիքների մեջ

Մեր հին, համով լիմոնադը կորավ էդ հազարավոր ըմպելիքների մեջ
16.12.2024 | 13:39

Ասում էին՝ Ամերիկայում մեր լիմոնադից շատ ավելի համով մի լիոնադ կա, որը կոչվում էր Կոկա Կոլա։ Դա ինչ-որ հեռավոր, առեղձվածային խմիչք էր, անգամ անեկդոտ կար դրա մասին.

-Կոկա Կոլա խմել ե՞ս:

-Չէ՛, բայց քեռիս տեսել ա, թե ոնց են խմում։

Ես չէի տեսել, թե ոնց են խմում, բայց չէի էլ պատկերացնում, թե մեր՝ տեղական լիմոնադից, ավելի համով ինչ կարող ա լինի։ Մեր լիմոնադը կանաչավուն կես լիտրանոց շշի մեջ լցված դեղին ըմպելիք էր, որը խմելիս, ինչ տրամադրություն էլ ունենայիր, բացվում էր։ Կոկորդդ ծակծկելով կուլ էր գնում, ասես, կոկորդումդ Նոր տարվա զանգուլակներ էին ծլնգում, ու բերանումդ մնում էր հաճելի քաղցրահամը։ Դրանից հետո ոչ ուտել էիր ուզում, ոչ խմել, որ լիմոնադի համը չփոխվեր։ Իսկ Նոր տարվան լիմոնադ ճարելը դժվար էր, որովհետև բոլորն առնում էին։ Դրա համար էլ, եթե մի բան չէր ճարվում, ասում էին՝ ոնց որ նոր տարվա լիմոնադ լինի։ Շիշը հանձնում էինք ու նորն առնում, բայց հաճախ չէինք առնում, ու դրանից լիմոնադն ավելի ցանկալի ու համով էր դառնում։

Հետո՝ ութսունականներին, նոր տեսակի, գունավոր լիմոնադներ հայտնվեցին՝ մուգ կանաչ, դեղին, կարմիր։ Համն էլ փոխվեց՝ մի տեսակ, անանուխային, կոնֆետային դարձավ։ Հետո խանութներում հայտնվեց Պեպսի Կոլա։ Պեպսի Կոլան արդեն կիսով չափ Կոկա Կոլա էր՝ ընդամենն առաջին բառն էր տարբեր, ու մենք, մոտավորապես, սկսեցինք պատկերացնել, թե ինչի նման պիտի լինի Կոկա Կոլան։ Հետաքրքիր համ ուներ, ու գազն ավելի շատ էր, բայց մեր լիմոնադից ավելի լավը չէր, պարզապես, ուրիշ էր։ Հենց էդ ուրիշ համն էլ մեր համար դարձավ Ամերիկայի համը, ու մենք էլ մեզ կիսով չափ ամերիկացի զգացինք, մնում էր Պեպսին փոխվեր Կոկայի, որ լրիվ ամերիկացի զգայինք։

Շատ չանցած դա էլ եղավ՝ խանութներում Կոկա Կոլա հայտնվեց, իսկ հետո, արդեն, էլ Սպրայտ, էլ Սեվըն-Ափ, էլ Ֆանտա, էլ ուրիշ հազար տեսակի քաղցր-մաղցր խմիչքներ, ու մենք չնկատեցինք էլ, թե ոնց մեր հին, համով լիմոնադը կորավ էդ հազարավոր ըմպելիքների մեջ, անհետացավ։

Հետո՝ մեզ ամերիկացի զգալուց հոգնեցինք, անգամ Ամերիկա գնացողների մեծ մասը չէին ուզում իրենց ամերիկացի զգալ։ Էդ ժամանակ էր, որ հիշեցինք մեր հին, համով լիմորադը, բայց ուշ էր, մեր մանկության լիմոնադն էլ չկար․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8010

Մեկնաբանություններ