TRIPP – «Թրամփի ճանապարհը դեպի միջազգային խաղաղություն և բարօրություն»
Համաձայնագրի կենտրոնական տարրը նոր առևտրային և ենթակառուցվածքային ծրագիրն է, որը կոչվում է «Թրամփի ճանապարհը դեպի միջազգային խաղաղություն և բարօրություն» (TRIPP)։
Այս նորարարական ծրագիրն ուղղված է երկու երկրների միջև ամենավիճահարույց հարցի՝ տրանսպորտային կապի լուծմանը։
TRIPP-ը կստեղծի տարանցիկ ուղի Հայաստանի հարավով՝ ապահովելով Ադրբեջանի անխափան մուտքը դեպի իր անկլավ Նախիջևան։
Կարևոր է նշել, որ ԱՄՆ պաշտոնյաները, Kyiv Post-ին տված հարցազրույցում (անանունության պայմանով), նշել են, որ այս ուղին կպահպանի Հայաստանի «ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը»։
TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ։ Պաշտոնյաները հստակ հայտնել են, որ ԱՄՆ-ը չի տրամադրում «խիստ անվտանգության երաշխիքներ» և չի տեղակայելու զորքեր այդ ուղու վրա։
ԱՄՆ-ի մասնակցությունը բացառապես առևտրային բնույթ է կրելու․ ԱՄՆ-ը կստանձնի պատասխանատվություն՝ «համապատասխան մակարդակով օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով ապահովելու համար ուղու անվտանգ շահագործումը բոլոր կողմերի համար:
Պաշտոնյաների խոսքերով՝ ուրբաթ, օգոստոսի 8-ին, Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը նախագահ Թրամփի ներկայությամբ կստորագրեն մի շարք կարևոր փաստաթղթեր․
*Համատեղ հռչակագիր․
Սա պաշտոնապես կգրանցի «խաղաղության հասնելու հստակ ուղին» և հարաբերությունների ամբողջական նորմալացումը, որը պաշտոնյաներն անվանում են «այնքան մոտ անշրջելիությանը, որքան հնարավոր է»։
*Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում․
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները նախաստորագրելու են երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստը, որի շուրջ բանակցությունները շարունակվել են մի քանի ամիս։
*Համատեղ նամակ Մինսկի խմբից դուրս գալու մասին․
Երկու երկրները պաշտոնապես դուրս կգան ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ միջնորդական հարթակից, որը գնահատվել է որպես «անօգուտ» և կարիք ունի նոր մոտեցման...
*Նոր երկկողմ փոխըմբռնման հուշագրեր․
ԱՄՆ-ը կստորագրի առանձին փոխըմբռնման հուշագրեր (ՓՀ) Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ «վերակառուցելով» և «գործարկելով» նրանց համապատասխան երկկողմ հարաբերությունները և բացելով հնարավորություններ, որոնք նախկինում անհնարին էին թվում։
Ակնկալվում է, որ TRIPP ծրագրի աշխատանքային խմբերը կսկսեն քննարկումները հաջորդ շաբաթ՝ գագաթնաժողովից հետո, իսկ Թրամփը սահմանել է վերջնաժամկետ՝ նրանց աշխատանքը ավարտին հասցնելու համար:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ Alex Raufoglu
http://kyivpost.com/post/57664...