Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԺԱՄԱՆԱԿԸ ԴԱԺԱՆՈՐԵՆ ՊԱՏԺՈՒՄ Է ՔՆԱՏ ԱԶԳԵՐԻՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԴԱԺԱՆՈՐԵՆ ՊԱՏԺՈՒՄ Է ՔՆԱՏ ԱԶԳԵՐԻՆ
12.04.2011 | 00:00

Հայոց ցեղասպանություն... 96 տարի է անցել այն սահմռկեցնող տարուց։ Հազար տարի էլ անցնի, մարդ բանականի հոգու և մտքի ընկալմանը կմնա անհասկանալի և անըմբռնելի։
96 տարի է անցել, բայց և՛ զոհը, և՛ դահիճը հոգեկան հանգստություն չունեն։

Եթե մեզ` հայերիս, հանգիստ չեն տալիս ազգային հավաքական ցավն ու տառապանքը` միլիոնավոր ազգակիցների և անմիջական մեր հարազատների անդառնալի կորստի անսփոփ վիշտը, հայրենիքի բռնազավթման բարբարոսությունը և աշխարհի անգութ անտարբերությունից ու քաղաքական շահարկումներից ստացած դառը վիրավորանքը, ապա թուրքերի, ավելի ճիշտ, բոլոր ժամանակների թուրքական իշխանությունների անհանգստության պատճառը երկյուղն է եղել, որը տասնամյակների ընթացքում այնքան է մեծացել և ահագնացել, որ անկառավարելի տարերքի նման ավերածություններ է արել նրանց հոգիներում, ապա` մտքերում։
Ի՞նչն է տանջում թուրքերին։
Հայտնի է, որ զոհի ուրվականը մարդասպանին հետապնդում է մինչև իր մեղքը խոստովանելն ու արժանի պատիժ ստանալը։ Մարդասպանը, մինչև դատավճիռը, տանջվում է հոգեկան ցնցումներից ու թեև արտաքուստ փորձում է ապացուցել իր անմեղությունը, սակայն ներքուստ նա անհամբերությամբ է սպասում դատավճռին։ Իսկ անկեղծորեն զղջալու դեպքում և՛ դատավորն է մեղմացնող վճիռ կայացնում, և որ ավելի կարևոր է, մարդասպան-հանցագործի հոգուն թեթևություն է իջնում։
Թուրքերը, ահա, այդ մարդասպանի հոգեվիճակում են վերջին իննսուն և ավելի տարիներին։ Նրանք հոգեկան հանգիստ կունենան միայն պատիժը կրելուց հետո, և այդ օրը հեռու չէ։
Հայոց ցեղասպանությունից անցել է 96 տարի, իսկ մեղսակից աշխարհը շարունակում է անտարբեր մնալ դարի ոճրագործությանը և դրա ծանր հետևանքներից անասելի կորուստներ ունեցած հայերի հանդեպ։ Ցավոք, աշխարհում քաղաքական և տնտեսական շահերը վեր են դասվում մարդասիրությունից և մարդկային կյանքերից։ Իրեն քաղաքակիրթ հորջորջող Արևմուտքը, «ճանաչելով» Հայոց ցեղասպանությունը կամ պարզապես ժամանակ առ ժամանակ այն քաղաքական շահարկումների առարկա դարձնելով, փորձում է «ազատվել» մեղսակցության և մեղանչումների պատճառով հոգուն ծանրացած մեղքերից և «ցավակցության» խոսքեր է ասում հայերին, իսկ «հանդիմանության» ակնարկներ` Թուրքիային։
Մինչդեռ մեզ ուշացած և փարիսեցիական ցավակցություն պետք չէ։ Հանցակից և հանցավոր անտարբերություն ցուցաբերած պետությունները պետք է նախ ընդունեն իրենց մեղքը և զղջան։
Այդ խոստովանությունն ու զղջումը նախ մեզ են պետք, որպեսզի եվրոպական երկրների քաղաքական և դիվանագիտական կեղծ խաղերն այլևս չմոլորեցնեն մեր ապագա սերունդներին։
Այդ խոստովանությունն ու զղջումը պետք են հենց Եվրոպայի մեղսակից պետությունների ժողովուրդներին, որպեսզի նրանք ճանաչեն իրենց կառավարությունների` անցյալում կատարած քաղաքական մեղքերը և թույլ չտան, որ նրանք նոր ժամանակներում շարունակեն աշխարհաքաղաքական և տնտեսական շահեր հետապնդող և ազգեր ոչնչացնող իրենց քաղաքականությունը։ Սակայն, ցավոք, այսօր էլ նրանք շարունակում են ցեղասպանություններ արտահանել` ժողովրդավարություն և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անվան տակ։
Այդ զղջումը պետք է համայն մարդկությանը, որի ստեղծած հոգևոր և նյութական բարձրարժեք մշակույթի կողքին, գուցե և իշխողի իրավունքով, եղել են, այսօր էլ շարունակում են պատերազմները, բռնությունները, կոտորածները և ցեղասպանությունները։
Այդ խոստովանությունն ու զղջումը պետք են նաև Թուրքիայում ապրող ժողովրդին` իրականում բազմազգ, բայց բռնի թրքացած ազգերին (ես չեմ ասում թուրք ազգ, քանի որ թուրք ազգ` էթնոս, Թուրքիայում չկա այսօր. նրանք պարզապես թրքախոս են, նույնիսկ` ոչ թյուրքալեզու, թյուրքալեզու են միջինասիական և Ռուսաստանի Ալթայի ու Թաթարստանի ժողովուրդները` մոնղոլոիդ մարդաբանական տեսակին պատկանող)։
Հանրագիտարաններում ժամանակակից թուրքերը համարվում են եվրոպեոիդ։ Սակայն բոլորին է հայտնի, որ թուրք-սելջուկները եղել են մոնղոլոիդ` շեղաչք և դեղնամորթ։
Նայենք այսօրվա թուրքերին. արդյոք նրանք Ալթայից և Միջին Ասիայից 7-8 դար առաջ եկած ակ կոյունլու (սպիտակ ոչխարավոր), կարա կոյունլու (սև ոչխարավոր), թուրքմենական և օղուզական ցեղերի հետնորդնե՞րն են` իրենց մարդաբանական տեսակով` շեղաչք։ Իհարկե` ո՛չ։
Օսմանյան կայսրությունում նպատակաուղղված ոչ միայն լեզվափոխ և կրոնափոխ են արվել բնիկ ժողովուրդները, այլև կրոնական մոլեռանդություն և թուրքական ազգային ինքնություն և մտածողություն են պատվաստել նրանց։ Եվ դա տևել է դարեր։ Սա ևս իր բնույթով յուրատեսակ ցեղասպանություն է. մարդկանց բռնի զրկել են ազգային, մշակութային, կրոնական պատկանելությունից, լեզվից և ազգային հոգեկերտվածքից։ Ո՞վ է պատասխան տալու համամարդկային այս ոճրագործության համար, և ո՞վ է դատելու և փոխհատուցում պահանջելու այդ ազգերի բարոյական, մշակութային, լեզվական և հայրենիքների կորուստների համար։ Կարծում եմ, պատմության համամարդկային մեծ դատը։ Ցավոք, ուշանում է այն։ Մինչդեռ ժամանակն այլևս չի հանդուրժում հապաղում։
Նոր Նյուրնբերգյան դատավարություն է պետք, որպեսզի արդարությունը վերականգնվի և բռնի թրքացած ազգերը վերականգնեն իրենց ազգային և կրոնական պատկանելությունը։
Ինչպես ասվեց, դա ցեղասպանության դրսևորումներից մեկն է` թերևս անարյուն։ Իսկ Հայոց ցեղասպանությունը, որ իրագործեցին թուրքական կառավարությունները 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում և Հայաստանում, նույնպես չի ստացել իր քաղաքական և իրավական լիարժեք գնահատականը։
1914 թ. Առաջին աշխարհամարտի զոհասեղանին դրվեց պատերազմող կողմ չհամարվող հայ ժողովրդի անմեղ արյունը, և խաղասեղանին որպես գրավ դրվեց հայոց հայրենիքը։ 1941 թ. Երկրորդ աշխարհամարտի սեղանին դրվեց նույնպես պատերազմող կողմ չհամարվող հրեաների արյունը։ Եվրոպայում Առաջին համաշխարհայինի վերքերն սպիացել էին և հիշողությունները` խամրել, մինչդեռ Երկրորդ աշխարհամարտի վերքերը դեռ արյունածոր էին. միլիոնավոր մարդիկ` տարբեր ազգերից, զոհ դարձան գերմանական ֆաշիզմին։ Հայտնի Նյուրնբերգյան դատավճիռը հիմք դարձավ, որ ՄԱԿ-ը դատապարտի մարդկության դեմ գործած հանցագործություններն ընդհանրապես, իսկ հրեաների` որպես մեկ առանձին ազգի դեմ կատարված հանցագործությունը որակեց որպես ցեղասպանություն։ Եվ 1948 թ. ՄԱԿ-ն ընդունեց համամարդկային և միջազգային իրավական ուժ ունեցող մի համաձայնագիր (կոնվենցիա), որ հետագա ժամանակներում պետություններն ու որոշ քաղաքական ուժերի պարագլուխները պատերազմները և քաղաքացիական ընդհարումները չդարձնեն ազգերի բնաջնջման միջոց։
Համաձայնագրի սահմանած պատժելիությունն օժտվեց անժամանցելի ուժով. ցեղասպանություն իրականացնողներն անժամանցելիորեն ենթակա են պատասխանատվության և պատժի։
Հրեաների կոտորածները 1939-1945 թթ., ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, որակվել էին որպես ցեղասպանություն։
Ինչպես հայտնի է, օրենքը հետադարձ ուժ չունի։ Սակայն տվյալ դեպքում այն անտեսվել է։
Մինչև հիմա մենք` հայերս, զարմանալիորեն չենք դիտարկել մի կարևոր հանգամանք։
Թեև աշխարհի մեկ տասնյակից ավելի պետություններ ընդունել են Հայոց ցեղասպանության պատմական և քաղաքական իրողությունն ու անժխտելիությունը, սակայն որոշ քաղաքական գործիչներ և պատմաբան-ցեղասպանագետներ հայերի` թուրքերի կողմից կազմակերպված կոտորածը, տեղահանությունն ու հայրենազրկումը չեն որակում որպես ցեղասպանություն։ Նրանց փաստարկն ավելի քան անհիմն է. իբր այդ իրադարձությունները կատարվել են մինչև «ցեղասպանություն» հասկացության ձևակերպումը, ՄԱԿ-ի համաձայնագրի ընդունումը և օրենքի հետադարձ ուժ չունենալը։
Սակայն թույլ տվեք չհամաձայնել։
1948 թ. ընդունված և 1951 թ. ուժի մեջ մտած նույն այդ կոնվենցիան ինչպե՞ս է, որ հետադարձ ուժ ունեցավ 1939-45 թթ. հրեաների կոտորածների նկատմամբ։ Ի՞նչ տարբերություն` այդ դեպքերը 8-10 տարի՞ առաջ են կատարվել, ինչպես հրեաների դեպքում է, թե՞ 20 տարի, ինչպես հայերի դեպքում։ Չէ՞ որ հրեաներին բնաջնջելու տարիներին ո՛չ ՄԱԿ-ը կար` որպես այդպիսին, ո՛չ էլ, առավել ևս, նրա ընդունած ցեղասպանության կոնվենցիան։
Հետևաբար, Հայոց ցեղասպանությանը վերագրվող այն վերապահումը, թե ցեղասպանության համաձայնագիրը (տվյալ դեպքում` օրենքը) հետադարձ ուժ չունի, իրավաբանորեն սխալ է փաստարկված։ ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան հետադարձ ուժ ունի և տարածվում է նաև Հայոց ցեղասպանության վրա։
96 տարի է անցել, և մենք` հայերս, ասես, չենք կարողանում ուշքի գալ ուժգին հարվածի ցնցումից ստացած թմբիրից։
Աշխարհի ազգերն անում են այն, ինչը բխում է իրենց շահերից։
Իսկ մե՞նք։ Սթափվել է պետք. ժամանակը դաժանորեն պատժում է քնատ ազգերին։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Հ. Գ. -2005 թ. ապրիլի 24-ին «Երևան» հեռուստաընկերության հրավերով այս նույն դրույթները ներկայացրել եմ ուղիղ եթերում, ապա «Էկոնոմիկա» ամսագրում տպագրվեց իմ փոքրիկ ակնարկ-վերլուծությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին` սույն հոդվածի վերոնշյալ փաստարկով։ Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի ժամանակ խմբագիրն ամսագիրը տվել էր նաև ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի ղեկավար և «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանին։ Բառացիորեն մի քանի օր անց Հարութ Սասունյանը Լոս-Անջելեսում կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանությանը։ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդեց Հարութ Սասունյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա ասում էր ՄԱԿ-ի` ցեղասպանության կոնվենցիայի հետադարձ ուժ ունենալու և Հայոց ցեղասպանության վրա տարածվելու իրավական ուժի մասին` համեմատելով հրեական ցեղասպանության ժամանակային նմանության հետ։
Լսելով Հարութ Սասունյանի ելույթի այդ հատվածը` ես մեծապես երախտապարտ էի նրան, որ նա այդ գաղափարը հնչեցրեց այդ բարձր ամբիոնից, աշխարհի նշանավոր գիտնականների առաջ։
Հուսանք` այդ գաղափարը իրավական և քաղաքական դաշտում իրավական ուժ ձեռք կբերի և ճանապարհ կհարթի փոխհատուցման համար...

Դիտվել է՝ 2255

Մեկնաբանություններ