Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քաղաքական վերադասավորումների հեռանկարը

Քաղաքական վերադասավորումների հեռանկարը
29.04.2013 | 17:40

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունը Հայաստանի քաղաքական հնգամյակի եզրափակիչ փուլն է: Թերևս, սա է պատճառը, որ 1ընտրությանը մասնակցող կուսակցությունների մեծ մասը համայնքային բնույթի ընտրությանը քաղաքական պայքարի երանգ է հաղորդում, որպես նախընտրական քարոզչության մարտավարություն ընտրելով իշխող հանրապետականի դեմ հակաքարոզչության իրականացումը: Այս գործում հատկապես աչքի են ընկնում ԲՀԿ-ականները, որոնք, ի տարբերություն քաղաքական դաշտի մարգինալ ՀԱԿ-ի, փորձում են քաղաքական միավորներ ստանալ հետագա գործընթացներում ավելի հարմար դիրքեր ապահովելու համար:

Հետագա քաղաքական վերադասավորումների խնդիրը մտահոգում է ԲՀԿ-ին, հատկապես կուսակցության միջին օղակներին, որոնց համար անհասկանալի են կուսակցության դիրքորոշումն ու իրենց քաղաքական ապագան: Պետք է նշել, որ փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել սպասվող փոփոխություններն ու վերադասավորումները: Ամենայն հավանականությամբ, աշնան ամիսներից լուրջ դիրքային պայքար կսկսվի իշխանության և ընդդիմության ճամբարներում: Այս պայքարի հիմնական իմաստը կլինի հաջորդ ընտրական սեզոնում դիրքային առավելություն ստանալն ու իշխանության համար պայքարում ավելի արդյունավետ հարթակ ստեղծելը: Սա բնականոն, միևնույն ժամանակ բարդ խնդիր է, ուստի և մեկ անձի շուրջը ստեղծված ԲՀԿ-ն հայտնվելու է անդնդի եզրին:
Ի տարբերություն ընդդիմադիր քաղաքական ուժերի, ԲՀԿ-ն չունի իրական ընդդիմության վերածվելու ռեսուրսներ: Հիշենք ՕԵԿ-ի օրինակը, երբ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց ընդդիմադիր ճամբար տեղափոխվելու մասին, կուսակցության ողնաշարը հանդիսացող օլիգարխները «կրոնափոխ» եղան: Նույնը սպասում է նաև ԲՀԿ-ին, սակայն այս գործընթացը շատ ավելի ցավոտ կլինի այն պարզ պատճառով, որ, ի տարբերություն ՕԵԿ-ի, ԲՀԿ առաջնորդը օլիգարխ է, որը հարվածի տակ է դնելու իր գործարար հնարավորություններն ու կուտակած կապիտալը: Բացի դրանից, ԲՀԿ շարքերը բաղկացած են հիմնականում այնպիսի անձանցից, ովքեր կուսակցությանն անդամակցել են իշխանության հնարավորություններից օգտվելու համար, ուստի և դժվար է նրանց պատկերացնել քաղաքական ընդդիմության դերում:
Անկասկած, Գագիկ Ծառուկյանը շատ լավ հասկանում է, որ ընդդիմադիր ճամբար տեղափոխվելու դեպքում կուսակցությունից սպասվում է կործանարար արտահոսք, ինչը չի կարող չմտահոգել ինչպես Ծառուկյանին, այնպես էլ ԲՀԿ «քաղաքական թևին»: Կա ևս մեկ կարևոր առանձնահատկություն. ԲՀԿ-ն ստեղծված չի եղել որպես ընդդիմադիր կառույց և չունի ընդդիմադիր գործունեություն վարելու արժեքային հենք: 1998-ից սկսած ԲՀԿ կարկառունները` Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը և այլք, իշխանության հենասյուներից են եղել և պատասխանատու են բազմաթիվ բացասական երևույթների համար: Պարզ է, որ ընդդիմադիր գործունեության ճանապարհով իշխանության գալ չի հաջողվի, ուստի ԲՀԿ-ն կփորձի սակարկման առարկա դարձնել իշխող հանրապետականին աջակցության խնդիրը:
Ճիշտ է, վերջին երկու տարիներին այդ մարտավարությունն արդյունք չտվեց, և նախագահ Սարգսյանը ոչ մի զիջման չգնաց, սակայն հնարավոր է, որ իշխանությունը, խուսափելով ավելորդ գլխացավանքից, փորձի բավարարել ԲՀԿ-ի պահանջները` մի քանի պորտֆելներ տրամադրելով Ծառուկյանին և երաշխավորելով նրա գործարար արտոնությունները: Միևնույն ժամանակ, Հայաստանում նկատվում է հասարակական հարաբերությունների զարգացման միտում, ուստի և իշխող հանրապետականին ձեռնտու չէ համագործակցել օլիգարխիկ ուժերի հետ, հատկապես, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ՀՀԿ-ում առկա օլիգարխիկ շրջանակները կուսակցության վարկանիշի նվազման հիմնական պատճառն են, և ՀՀԿ-ում առայժմ չեն իմանում, թե ինչպես ազատվեն սեփական օլիգարխներից: Կասկածից վեր է նաև, որ ՀՀԿ-ն ինքն է փորձելու վերարտադրվել և պահպանել իր դիրքերը քաղաքական դաշտում, ուստի և ձեռնտու չէ բավարարել ԲՀԿ-ի ցանկություններն ու պահանջները:
Ինչևէ, քաղաքական վերադասավորումների հեռանկարը ԲՀԿ-ի մասով տխուր է. կուսակցությունը կամ պետք է անցնի բացահայտ ընդդիմության դաշտ և փոշիանա, կամ էլ կապիտուլացվի և վերածվի իշխանության սովորական արբանյակի, ասել կուզի` վերադառնա այն նույն նպատակին, ինչի համար ի սկզբանե ստեղծվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ