ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Որքա՞ն «արժե» մեկ ազատամարտիկը

Որքա՞ն «արժե» մեկ ազատամարտիկը
14.05.2013 | 16:04

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ազատամարտիկները հրապարակ դուրս եկան իրենց համար: Ցավ է սա` ազատամարտիկն անտեսված է պետության կողմից, բայց և կրկնակի հարգանքի արժանի. տարիներ շարունակ ամենատարբեր պրոբլեմների հետ կռիվ տվող ազատամարտիկներն իրենց խնդիրների մասին այսպես հրապարակավ երբեք չեն խոսել: Ու ո´չ նրա համար, որ այդ խնդիրները նոր են ծագել, ոչ էլ այն պատճառով, որ նրանք վախենում էին իշխանությունից: Չեմ կարծում, թե թշնամու կրակի բերանը գնացած, երիտասարդ կյանքը պատերազմի դաշտում փորձության դրած տղաները, որ էսօր հիսունն անց տղամարդիկ են, վախենալու բան ունեն:
Վոլոդյա Ավետիսյանը, ում մասին խորին հարգանքով էին խոսում Ազատության հրապարակում նրան միացած ազատամարտիկները, լուրջ ճանապարհ է անցել, ու իր պայքարի ընկերների սոցիալական անհույս վիճակը նրան բերել է կրկին պայքարի դաշտ, այս անգամ` սեփական իշխանությունների հանդիման: Իսկ ազատամարտիկների խնդիրները միայն կենսաթոշակը բարձրացնելով չեն լուծվի, դա ընդամենը կառավարությանը ներկայացրած պահանջների միայն մի կետն է: Նրանցից շատերը հաշմանդամ են, քիչ չեն և վատառողջները, ովքեր ունեն երկու ոտք-երկու ձեռք, բայց բժիշկների դռներին են: Նրանց երեխաները կրթության իրավունք ունեն, բայց իրենց հայրերը վճարունակ չեն, նրանց ծնողները հիվանդանալու, կյանքից հեռանալու իրավունք ունեն, բայց որդիները նրանց բուժման տանելու կամ հուղարկավորելու հնարավորություն չունեն:
Կառավարությանը երեկ ներկայացրած դիմում-պահանջի մեջ Վոլոդյա Ավետիսյանը նշում է, որ, ելնելով ազատամարտիկների վիճակից, կարելի է եզրակացնել. «ՀՀ կառավարությունը հատուկ կանխամտածված և ապօրինի քաղաքականություն է իրականացնում զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, այդ թվում` ազատամարտիկներին հնարավորինս ցածր կենսաթոշակ վճարելու և նրանց ու նրանց ընտանիքների անդամներին հնարավորինս սոցիալական երաշխիքներ տրամադրելու նպատակով»: Այսինքն, երկրի զինվորն այնպիսի զգացողություն ունի, որ երկրի իշխանությունը հատուկ է նման քաղաքականություն վարում իր նկատմամբ: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ կտրված է զինվոր-իշխանություն կապը, որ երեկվա զինվորը, ով նաև վաղվա զինվորն է, իրեն արհամարհված է զգում: Կառավարությանը մի շարք պահանջներ են ներկայացվել. «Վերանայել և պատշաճ կերպով սահմանել դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարների չափերը` դրանց ընդհանուր գումարը համապատասխանեցնելով ներկայումս զինծառայողներին ծառայության ընթացքում փաստացի վճարվող գումարին և ըստ այդմ կատարել վերահաշվարկ ու կենսաթոշակի անցած զինծառայողներին վճարել նրանց չստացած գումարները, սահմանել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության բավարար և արժանապատիվ երաշխիքներ, վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների, հայրենիքի պաշտպանության ու ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց սոցիալական ապահովության երաշխիքները` կատարելով վերահաշվարկ և փոխհատուցելով չվճարված գումարները»: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ասում է, որ եթե ազատամարտիկը, որպես պատերազմի մասնակից, 5 հազար դրամի փոխարեն 100-200 հազար դրամ ստանա, իր թոշակի հետ գուցե կարողանա ծայրը ծայրին հասցնել: Այս մասին նույնպես պահեստազորի գնդապետ, իրավաբան Վարուժան Ավետիսյանը այսօր ասուլիսի ժամանակ ասել է, որ միջինը 40-50 հազար դրամը հաշմանդամ մարդու համար բավարար լինել չի կարող, քանի որ այդ մարդիկ բուժման կարիք ունեն: Իրավաբանի կարծիքով` նստացույցը գուցե որոշակի արդյունք տա, բայց ազատամարտիկների պահանջները, մեծ հաշվով, չեն բավարարվի, քանի որ պետական կառավարման համակարգը սպառողական է, և ազատամարտիկն արժեք չունի:
Նստացույցի մասնակից ազատամարտիկները նույնպես մեծ հույսեր չունեին, բայց ասում էին, որ պայքարը շարունակելու են: Ի դեպ, նրանցից մեկն ասաց. «Շատ կարևոր է օրենք ունենալ պատերազմի մասնակիցների մասին, նորմալ չէ, որ պատերազմով անցած երկիրը դեռևս նման օրենք չունի»: Մի ուրիշն էլ վիրավորված վրա բերեց. «Ի՞նչ է նշանակում մեր ստացած 5 հազար դրամը, որ մենք էդքա՞ն արժենք, դա՞ է մեր գինը»:
Ազատամարտիկներն այսօր նստացույցը դադարեցրին: Նրանք մի քանի օր կսպասեն և շաբաթվա վերջին կապ կհաստատեն կառավարությունում իրենց նամակով զբաղվող պատասխանատուների հետ: Նրանք կարծում են, որ դիմումն ինչ-որ մի դրական արդյունք կտա, բայց եթե իրենց առաջադրած խնդիրները չլուծվեն, իրենք կշարունակեն պայքարը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ