Նույնիսկ, եթե հասարակության մեծ մասն անարձագանք է թողնում երկրի կյանքում տեղի ունեցող որևէ իրադարձություն, չի նշանակում, որ այդ հատվածը թքած ունի, թե ինչ է կատարվում իր քթի տակ, հարևանի տանը կամ կողքի մարզում: Սա հարաբերական պասիվություն է, որը ժամանակի հետ արտացոլվում է տվյալ հատվածի առօրյայում, ազդում է առողջության վրա, մղում է բարոյահոգեբանական աղբից դուրս գալու ինչ-ինչ լուծումների: Իսկ մինչ եղածն ու լինելիքը յուրովի մեկնաբանում ու դրանից սենսացիա են սարքում ԶԼՄ-ներն ու հատուկ առաքելություն ունեցողները սոցցանցերում, մարդկանց մոտ ականջները փակելու ցանկությունը գնալով սաստկանում է: Ի՞նչ է եղել: Մարզպետի տան մոտ, տան ներսում, թե տան դիմաց, ինչպես փորձեցին մեկնաբանել տարբեր ԶԼՄ-ներ, սպանություն է տեղի ունեցել: Մարդ է սպանվել: Երկուսն էլ վիրավորվել են ու գտնվում են հիվանդանոցում: Արդեն ձեբակալված են երկուսը, որոնցից մեկը մարզպետի որդին է, մյուսը` թիկնապահը: Երեկվանից սոցցանցերում կարծիքներ են հնչում, թե Բուդաղյանները սա կուլ չեն տա:
Երբ լսում ենք ձայներ, որոնք կարող են խելագարեցնել մեզ, փորձում ենք այն մեկուսացնել կամ ինքներս ենք մեկուսանում: Հասարակությունը էդ վիճակում է: Սոցցանցեր են մտնում սահմանափակ թվով մարդիկ: Մնացածները դիտում են հեռուստացույց կամ ոչ: Լսեցին` մի եղբորը սպանել են, մեկն էլ` հիվանդանոցում ծանր է: Վե´րջ: Մեկ էլ կցավեն կամ կուրախանան` նայած ինչ լուր ականջներով կհասնի հիվանդանոցում բուժվողից: Բայց սա քիչ չի, եթե նկատի ունենանք, որ մեր հասարակության զգայարաններն արդեն բավականին բթացել են հոգին սրտխառնոցի չափ տակնուվրա անող նման լուրերից: Մարդիկ այնքան բան լսեցին ու տեսան, որ շատերը պարզապես ինքնապաշտպանվում են սեփական անտարբերությամբ:
…Բուդաղյանները սա կուլ չեն տա: Վահե Ավետյանի հարազատներն էլ կուլ չեն տվել, Արտակ Նազարյանի էլ, մյուս զոհերի էլ, անկախ նրանից, թե ինչ իրավիճակում են կյանքից հեռացել: Նրանք անբնական մահով են գնացել: Ու նրանց մահն առնչվում է երկրի կառավարման համակարգի, բանակի, իրավական համակարգի հետ: Իսկ Ավետիք Բուդաղյանի երեխաները առանց հայր մնացին ու պիտի էսօրվանից իրենց հիշողության մեջ ֆիքսեն հոր հետ շփումների վերջին պահերը: Սուրիկ Խաչատրյանի որդին էլ 19 տարեկան է: Ընդամենը` 19 ու բանակում չէ, բայց ձեռքին զենք է եղել, որը կրակել է: Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, թե առժամանակ սառեցնում է իր` մարզպետի լիազորությունները, մինչև կավարտվի գործի քննությունը: Որքան հասկանում եմ, մարզպետը որևէ իրավասություն չունի ինքը սառեցնելու իր լիազորությունները, իսկ Սուրիկ Խաչատրյանը, փաստորեն, կարծում է, թե ինքն է որոշում` երբ սառեցնի իր լիազորությունները և երբ հետ վերադառնա մարզպետի աթոռին:
Տիգրան Խաչատրյանը այսօր դատարանի վճռով կալանավորվել է, նրան առաջադրված մեղադրանքները խստացվել են, իսկ կայքերում դեռևս նորանոր վարկածներ են շրջանառվում միջադեպի մասին: Երբ երկրի իրավական համակարգն այնքան էլ վստահություն չի ներշնչում, վարկածների տարբերակները շատանում են: Այսօր արդեն գրում են, թե Ավետիք Բուդաղյանին սպանել է Սուրիկ Խաչատրյանը` իր մեքենայի մեջ, իսկ Արտակ Բուդաղյանը, իմանալով եղբոր սպանության մասին, գնացել է Սուրիկ Խաչատրյանի տուն և հրազենային լուրջ վնասվածք ստացել վերջինիս որդու արձակած գնդակից: Երեկ հաղորդվել էր, թե Արտակ Բուդաղյանը ոչ մեկի հետ չի խոսում, միայն հարցնում է եղբոր մասին: Այսինքն, Արտակ Բուդաղյանը չգիտի եղբոր մահվան մասին կամ կասկածներ ունի, իսկ սա արդեն հակասում է վարկածին, թե նա նախապես իմացել է եղբոր սպանության մասին:
Իրավապահները մեծ գործ ունեն անելու` սպանության հանգամանքները բացահայտելու առումով: Արդեն բավականին նախադեպեր ունենք, որոնցում խառնված են պաշտոնյաների անուններ, և, որպես կանոն, այդ հանցագործությունները չեն բացահայտվում: Սա միայն Բուդաղյանների կուլ տալու-չտալու խնդիրը չէ: Սա հասարակության կուլ տալու, թե թքելու խնդիրն է: Կայքերից մեկի հարցումներով` հարցվածների 74 տոկոսը պատրաստ է լքել Հայաստանը, եթե դրա հնարավորությունը ունենա: Երբ մարդը տևական ժամանակ բարոյական աղբի մեջ է, ու հոգին արդեն որձկում է հերթական անգամ այդ աղբը մաքրելու անհույս փորձերից, նրան ուրիշ բան չի մնում անելու, քան փախչելը: Թեկուզ` հետ նայելով, թեկուզ` վիզը ծուռ ու թեկուզ` մտքին ինքն իրեն տված վերադարձի խոստումը: Հայն էլ, ռուսն էլ, վրացին էլ: Պարզապես մեր տարածքը փոքր է: Փախչելուց հետո սահմանից այն կողմ ենք հայտնվում:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ