Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 21-ից գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ Հանքավանում մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնելու Հայաստանի տասնինը տարեկանների ֆուտբոլի պատանեկան ընտրանին, ու որ այդ ծրագրի շրջանակներում նախատեսված էր նաև երկու ստուգողական հանդիպում: Հանդիպումները կայացել են, երկուսում էլ պատանեկանը պարտություն է կրել. առաջինում 0։2 հաշվով զիջել է «Գանձասարին», երկրորդում` «Արարատին» (1։2):
Իհարկե, որ տղաները ոչ միայն իրար գլխի են հավաքվել, այլև հանդիպումներ են անցկացրել, ինքնին լավ է, որովհետև մենք, նախապես առանց որևէ թիմի հետ մրցակցային փորձի (ասել է թե` առանց խաղային պրակտիկայի) միջազգայինի մասնակցած հավաքականի օրինակ ունենք: Սրա հենքի վրա եղածը, իհարկե, ձեռքբերում կարելի է համարել, իսկ եթե մի քիչ էլ լավատեսորեն նայենք, ապա կարելի է նաև բխեցնել, որ ինչ-որ օղակներ կամ մարդիկ իրենց գործունեության առնչությամբ քննադատական մոտեցում են հանդես բերել: Սա էլ է լավ: Միայն թե անհայտ է մնում` այդ խաղերը թիմի մարզիչներին ընդհանրապես ինչ-որ բան հուշեցի՞ն, որովհետև մարզասերը «Արարատի» ուժն էլ գիտե, «Գանձասարինն» էլ, ու երկուսից էլ առանձնապես տպավորված չէ, եթե չասենք` առհասարակ տպավորված չէ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ