Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշխարհի բոլոր քաղաքներում կան շքեղ տեսարաններ ու գետնախորշեր

Աշխարհի բոլոր քաղաքներում կան շքեղ տեսարաններ ու գետնախորշեր
21.03.2014 | 12:05

Բոլորը հույսի կարիք ունեն: Դրա համար մարդիկ ամեն շաբաթ վիճակախաղի տոմս են գնում, քաղաքից քաղաք են գնում, ապրում են գետնախորշում, պարում են գիշերային ակումբում, աշխատանք են փնտրում, վստահում են, ընկերանում:
Բրիտանական 12-րդ փառատոնի շրջանակում «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվեց Շոն Էլիսի «Մետրո Մանիլա» դրաման (գլխավոր դերերում՝ Ջեյք Մաքապագալ, Ալթեա Վեգա, Ջոն Արցիլլա): Օսկար Ռամիրեսն ընտանիքի հետ Հյուսիսային Ֆիլիպինների լեռնային շրջանների աղքատությամբ հայտնի բրնձի դաշտերից տեղափոխվում է Մետրո Մանիլա: Ֆիլմը մեծ քաղաքում տիրող բարքերի, աղքատության, համատարած խարդախության մասին է: Երբ աղջկադ ատամը ցավում է, կինդ գեղեցկուհի է, անտուն ես, քաղցած, երբ հավատում ես Աստծուն… Հայրիկ, երբ մահանաս, ո՞ւր ես գնալու` հարցնում է 9-ամյա դուստրը հորը: Օսկարը ցույց է տալիս դստրիկի սիրտը: Նրանց մյուս փոքրիկը մոր գրկում է, ամենափոքրը` կրծքի տակ:
Օսկարի կինը աշխատանք է գտնում գիշերային բարում, բժշկական հետազոտության ժամանակ պարզվում է, որ հղի է: Կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ մարմնի ձևերը թույլ են տալիս: Գեղեցիկ դեմքին ողբերգական շքեղություն է տալիս պարտադիր շպարը: Մերկ մարմնի պարն անսովոր տխուր է:
Օսկարը աշխատանքի է անցնում զրահապատ բեռնատարների կազմակերպությունում որպես վարորդ և ընկերանում է ավագ գործընկեր Օնգի հետ: Զվարճանալ սիրող նոր գործընկերոջ հետ գիշերն անցկացնում է բարում, ուր կինը աշխատանք է գտել: Հարկադրաբար խմում է: Հարկադրաբար ընդունում է ընկերոջ օգնությունը` գետնախոշից դուրս պրծնելու հույսով: Զվարճանքներ սիրող աշխարհը մեկի ազնվությունն է գնում, մյուսի` մարմինը: Օսկարը պարզում է, որ Օնգը երկար ժամանակ սպասել է այնպիսի մարդու ժամանմանը, ինչպիսին ինքն է: Գործընկերոջ բարությանն ի պատասխան պետք է օգնի Օնգին թալանելու այն կազմակերպությունը, որտեղ աշխատում են: Ոչ թե հանուն երազանքի, այլ որովհետև այլընտրանք չունի: Սա երազանքի ձևերից ամենավատն է: Կարծում եմ, ռեժիսորն անտեսանելի մի գծով համադրում է երկու ընտանիքների պատմությունը: Մի դեպքում ներկայացնում է գետնախորշերում ապրող հույսը, սերը, ազնիվ, լավ ապրելու ձգտումը, կյանքի «հոգեվարքը»: Մյուսում` լավ ապրելու մոլուցքն է, ուր սեր չկա, իսկ միջոցների մեջ խտրություն չեն դնում: Օնգի պատշգամբից քաղաքը երևում է իր ողջ շքեղությամբ, անսովոր լույսերով: Աշխարհի բոլոր քաղաքներում կան շքեղ տեսարաններ ու գետնախորշեր: Կան մարդիկ, որոնք չեն խաղում իրենց բաժին ընկած խաղի կանոններով, երբ լավ կյանքը մարտահրավեր է նետում` հյուրասեր տանտիրուհու լայն ժպիտով: Ինչպես Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» հանրահայտ վեպում, այստեղ նույնպես մարդասպանը մարդասպան չէ, իսկ մարմնավաճառը սուրբ է:
Ֆիլմի վերջաբանը անսպասելի է, բայց ոչ անհամոզիչ: Օսկարը հանուն երազանքի չի մեռնում, այլ մեռնում է, որովհետև այլընտրանք չունի: Նրա կինը զավակների հետ հեռանում է Մետրո Մանիլայից` տանելով գողացած ոսկե արկղի բանալին ու Օսկար Ռամիրեսի երազանքը: Օսկարը չի հասցնի ծերանալ, չի պատմի աղջկան բրնձի դաշտերի, Մետրո Մանիլայի, երազանքների ու թափառումների մասին, նրա փոքրիկները գուցե երբեք էլ չիմանան, թե ինչ է լինում մարդու հետ, երբ նրան պատին են դեմ տալիս: Օնգը, ի վերջո, մի հարցում ճիշտ էր՝ հույսը բոլորին է պետք, բոլորն են վիճակախաղի տոմսեր գնում, բայց ոչ ոք ոչինչ չի շահում:
Ֆիլմի դիտումից հետո հասկանում ես, որ խաղ չկար, էկրանին իրական կյանքն էր, Մետրո Մանիլան, մեծ քաղաքի լույսերն ու լոգարանի ծորակից իջնող ջրի շիթերին խառնվող արցունքները:
Հավելենք, որ ներառական և հաղորդակցության խնդիրներին նվիրված բրիտանական ֆիլմերի փառատոնն անցկացվեց Երևանում, Գորիսում, Գավառում և Գյումրիում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով:
Երևանում բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բրիտանական կինոն այսօր մեծ ճանաչում ունի աշխարհում, իսկ բրիտանական BAFTA կինոարվեստի մրցանակաբաշխությունը որակի երաշխիք է կինոաշխարհում: «Մենք ուրախ ենք, որ այս տարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Օսկարի արժանացած «Ստրկության 12 տարի» ֆիլմը բրիտանացի ռեժիսորի աշխատանք է,- ասաց նա:- «Մետրո Մանիլան» 2013 թվականի արտադրության ֆիլմ է: Այն մեր օրերին համահունչ սյուժե ունի, որը մտածելու և խորհելու տեղիք է տալիս»:
Անդրադառնալով մեր` «Ո՞րն է կինոյի դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում, ուր առաջին պլանում են համացանցը, արագությունը, վիրտուլ փոխհարաբերությունները», հարցին` պատասխանեց. «Կինոն արվեստի այն ճյուղն է, որ մանրադիտակային ճշգրտությամբ վերարտադրում է մեզ շրջապատող իրականությունը: Կինոյի դերն այսօր առավել քան երբևէ կարևոր է, քանի որ մեզ հնարավորություն է տալիս մի պահ կանգ առնելու և խորհելու այսօր բոլորիս համակած խելահեղ վազքի մասին»:
Հավելենք, որ փառատոնի շրջանակում ներկայացվում են ժամանակակից բրիտանական կինոարվեստի լավագույն և հաջողված աշխատանքները` բոլոր հնարավոր ժանրերով` կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստական դրամա: Հիմքում ընտանեկան հարաբերություններն են, սոցիալական խնդիրները, սերը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ