Կայուն սովորույթի ուժով մենք բարեխղճորեն անդրադառնում ենք եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններին, ներկայացնում առաջատար եռյակների մասնակցությամբ խաղերը: Այս անգամ հարկադրված ենք ավանդույթը խախտել, քանզի կիրակի կայացած ռեալբարսելոնյան էլ կլասիկոն խամրեցրեց ամեն ինչ: Ընդ որում, հավաստի տեղեկություններ կան, որ խաղի ընթացքում գալակտիկայում իննսուն րոպե կանգնած է եղել ցանկացած շարժ:
«ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ» ԲԱՆԵՐԻՑ
ՈՒզենք, թե չուզենք, հարկադրված ենք խոստովանել` վերջին տարիների էլ կլասիկոների պատմության մեջ այս վերջինը դուրս էր ընդհանուր զարգացումների տրամաբանությունից, ու խնդիրը բնավ էլ այն չէ, որ, չեմպիոնության համար, ի դեմս Մադրիդի «Աթլետիկոյի», «Ռեալ»-«Բարսելոն» մրցավեճին լրջորեն սկսել է խառնվել երրորդ կողմը: Շատ ավելի կարևորն այլ հարթությունում է: Հաղթանակը «Ռեալին» կատալոնցիների նկատմամբ կապահովեր արդեն յոթ միավորի առավելություն, իսկ սա գրեթե անհաղթահարելի խոչընդոտ կդառնար ոսկու համար մրցակցությունում, որովհետև, որքան էլ ցավալի է խոստովանելը, Անչելոտիի «Ռեալը» Մարտինոյի «Բարսելոնը» չէ, որը հարթ տեղում կարող է իրեն սայթաքելու շռայլություն թույլ տալ: Անկեղծ ասած, ես այնքան էլ վստահ չեմ, թե մնացած հանդիպումներում բարսելոնցիները կապույտ եզրագծով սկուտեղի վրա հերթական նվերը չեն մատուցի արքայական ակումբին, ինչպես վարվեցին, օրինակ, «Վալյադոլիդի» հետ խաղում` պարտվելով 0:1 հաշվով (հրաշալի հասկանում եք, որ կարևորը հաշիվը չէ, այլ պարտության փաստը), բայց որ կիրակնօրյա դիմակայությունում պիտի ասեին այն, ինչ ասացին, չէի էլ կասկածում, և սա հետին թվի համոզվածություն չէ «Բարսելոնի» նվիրյալիս համար: «Մեսի և ընկերություն» փակ բաժնետիրականը պարտավոր էր անել անելիքը:
«ԿՈՍՏՅՈ՞ՒՄՆ Է, ՈՐ ՊԻՏԻ ՔԵԶ ԶԱՐԴԱՐԵ»
Անվիճելի է, որ ֆուտբոլը գեղեցիկ է գոլերով: Սա ակնհայտ ճշմարտություն է: Հանդիպման ընթացքում արձանագրվեց յոթ գոլ` մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից փայլուն: Այս կտրվածքով ֆուտբոլասերը դժգոհելու առիթ պիտի որ չունենա, ու բնավ էլ նշանակություն չունի, որ դրանցից երեքն իրականություն է դարձել տասնմեկմետրանոցների իրացումից, որովհետև այդ իրացնելն էլ է վարպետություն պահանջում: Այդ վարպետությունը հատկապես է կարևորվում, երբ նույն անձն է երկրորդ անգամ մոտենում այդ տուգանայինի նշակետին, քանզի պահանջվող վարպետությանը գալիս են միախառնվելու նյարդերի պնդություն, հոգեբանական հավասարակշռվածություն, բազմաթիվ այլ գումարելիներ: Չմոռանանք նաև մրցակցի դաշտի գործոնը: Ինչևէ: Կլինե՞ր այդ յոթ գոլը, թե՞ ոչ, ըստ էության խաղի գեղագիտական ընկալման մեջ, հավատացնում եմ, բան չէր փոխվի, քանզի առանց այդ գոլերի էլ հանդիպումը կատարյալ ֆուտբոլային ներկայացում էր իր վիրտուոզ կատարողականով, նրբագեղ փոխանցումներով, հնարամիտ կոմբինացիաներով, խաղային կոնցեպտով: Բնականաբար, ես շատ էի ուզում, որ «Բարսելոնը» լիներ այդ դիմակայության հաղթողը ու չէի էլ կասկածում նրա հաղթանակին, սակայն ստիպված եմ հավատացնել նաև մեկ այլ բան. խաղի 2:2 հաշվից հետո վերջնարդյունքը գոնե ինձ համար մի տեսակ դարձել էր երկրորդական, ու տիրապետող էր դարձել տագնապը, որ խաղի համար սահմանված իննսուն րոպեն կավարտվի հենց այնտեղ ու այն ժամանակ, որտեղ դու ուզում ես այդ ժամանակը կանգնած տեսնել:
ՄԵՍԻ ԵՎ ՌՈՆԱԼԴՈՒ
Սա մեզ բաժին հասած ֆուտբոլային ժամանակների ամենամեծ ինտրիգներից մեկն է, գուցեև արհեստականորեն ուռճացրած: Ինքս Մեսիի հանճարի համոզված երկրպագու լինելով ու, սրան վրադիր, գրիչն էլ ձեռքիս (է՜, անտեր մնա հին մարդը. նստած` նյութը համակարգչով շարում եմ ու գրչից եմ խոսում), ի՞նչ եք կարծում, ո՞ւմ եմ նախապատվությունը տալու, որքան էլ ընդունեմ «Մարդ կա՝ տերտեր է սիրում, մարդ կա` իրիցկին» ժողովրդական բանաձևման մեջ պարփակված իմաստության նուրբ տարանջատումը, ինչ է թե կողմերից մեկն իրեն ճնշված չզգա: Ինչ խոսք, որ Մեսին Մեսի է, Ռոնալդուն` Ռոնալդու, ու չի կարելի համեմատել անհամեմատելիները: Յուրաքանչյուրը մեծ է յուրովի, բայց թույլ տվեք մնալ իմ կայուն համոզմունքին, ասելով` կա Մեսի, կան մնացածներ: Սակայն որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ավելի քան կոնկրետ բանի մասին խոսում եմ նույնքան ընդհանրական դատողությունների մակարդակով, անցնեմ մանրամասներին:
ԿՈՆԿՐԵՏԱՑՈՒՄՆԵՐ
Մեսիի առաջին իսկ գոլը դարձավ ռեկորդային: Դրանով լեգենդար արգենտինացին շրջանցեց ոչ պակաս լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյին, ով Մադրիդի «Ռեալի» կազմում իր տասնութ գոլով էլ կլասիկոների պատմության մեջ մինչ այդ պահը ռեկորդակիր էր: Հատկանշական է, որ Մեսիի տասնիններորդը դարձավ նաև նույնքաներորդն ընթացիկ մրցաշրջանում: Թե ինչո՞ւ է արձանագրված այսքան քիչ գոլ, գիտեք: Վնասվածքի պատճառով Լեոն բավական թվով հանդիպումներ է բաց թողել, իսկ այդ ընթացքում Ռոնալդուն ու Դիեգո Կոստան, բնականաբար, ձեռքները ծալած չեն նստել:
Եվս երկու անգամ դարպասը գրավելով` Մեսին էլ կլասիկոների նոր սահմանագիծ նշեց: Սա նրա հերթական ռեկորդն է, սակայն եկեք այն թողնենք մի կողմ, որովհետև ինչպես դիպուկ նկատվեց մեր աշխատասենյակային քննարկման ժամանակ, շուտով ստիպված կլինեն արգենտինացու համար ռեկորդների հաշվարկի նոր բաներ հնարել: Զորօրինակ` դիմային գծից քսան սանտիմետր հյուսիս-արևելք ու կողայինից տասնութ սանտիմետր հարավ-արևմուտք դիրքից ֆուտբոլային հանճարը քանի գոլ է խփել, ասենք, ձախ ոտքով: Այնպես որ, ռեկորդները եկեք թողնենք մի կողմ, նորից վերադառնանք բուն խաղին: Լիոնել Մեսիի հեթ-տրիկը խաղում պարզապես փայլած Անդրես Ինիեստայի գոլի հետ ապահովեց կատալոնյան թիմի 4:3 հաշվով հաղթանակը «Սանտյագո Բեռնաբեուում»` դաժան հարված դառնալով արքայական ակումբի համար, որը, այնուամենայնիվ, մեկ միավորով դեռևս առաջ է «Բարսելոն» կոչված կատարելությունից:
Որպես փաստ պիտի արձանագրենք, որ ընթացիկ մրցաշրջանի կտրվածքով կատալոնյան ակումբը ներքին առաջնությունում երկու անգամ էլ առավելության է հասել «Ռեալի» նկատմամբ, ինչը ծանր բեռան պես նստած կլինի արքայական ակումբի սրտին, եթե անգամ չեմպիոնության հասնի: Իհարկե, «Ռեալը» վերքը դարմանելու հնարավորությունը դեռևս չի կորցրել: Նկատի ունեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում նրանց հնարավոր հանդիպումը, սակայն այն դեռ պիտի կայանա, եթե երկնքում աստղերը բարեհաջող դասավորվեն, իսկ մինչ աստղերի դասավորությունը ռեալցիները, այնուամենայնիվ, ստիպված են ապրել արյունածոր վերքով:
ԼԱ՜Վ, ԲԱ ԱՉՔԵ՞ՐՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ
Բան չունեմ ասելու. «Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակը շնորհվում է կոնկրետ տարում ունեցած կոնկրետ վաստակի համար, ու, երևի թե, այս մոտեցումը ճիշտ է: Սակայն, այդ ճիշտն ընդունելով հանդերձ, թույլ տվեք ասել, որ այն այնքան էլ ճիշտ չէ: Ես ավելի քան կոնկրետ հարց ունեմ` կիրակի կայացած «Ռեալ»-«Բարսելոն» խաղը տեսե՞լ եք:
Ե՞վ: Դրանից հետո հետևություն չե՞ք արել, որ երբ կա արքան, թագի մասին, որքան էլ դա տվյալ պարագայում կոշիկի տեսքով է հանդես գալիս, այդ թագից էլ չեն խոսում:
Մի ուրիշ բան էլ` թագը ձեզ համար վիճակախաղի տո՞մս է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ