Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Թե՛ գավաթային, թե՛ առաջնության խաղեր

Թե՛ գավաթային, թե՛ առաջնության խաղեր
31.10.2014 | 12:59

Վերջին օրերը եվրոպական ֆուտբոլային առաջատար տերություններից Իսպանիայում, Գերմանիայում ու Անգլիայում գավաթային էին, և միայն Իտալիայում էր, որ սկուդետոն էր մնում օրակարգային: Փորձենք համառոտ ներկայացնել եղած զարգացումները:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետոյում զարգացումները հիշեցնում են լավ լարված ժամացույցի ճոճանակը, որի գործը ոչ թե մի տեղում մնալն է, այլ մշտապես շարժման մեջ գտնվելը: Եթե նախորդ տուրում վրիպեց «Ռոման»՝ «Սամպդորիայի» հետ արտագնա խաղում միավոր կորցնելով, ու դրանից իսկույն օգտվեց «Յուվենտուսը»՝ երեք միավոր քամելով «Պալերմոյից» ու նորից երեք միավորով առաջ պոկվելով ընթացիկ մրցաշրջանի իր թիվ մեկ հակառակորդից, ապա հերթականում ամեն ինչ կրկին ընկավ տեղը. «Ռոման» 2:0 հաշվով հաղթեց «Չեզենային»՝ միավորներով նորից հավասարվելով «Ծեր սինյորային», քանի որ վերջինս Ջենովայում նվազագույն հաշվով պարտվեց տեղի համանուն թիմին: Քսաներկու միավորով իտալական առաջնությունում դարձյալ երկիշխանություն է: Ասել է թե` տեղական նշանակության մարտերը շարունակվում են փոխնիփոխ հաջողությամբ: Ինչ վերաբերում է «Միլանին», «Կալյարիի» հետ հանդիպումում վաստակած մեկ միավորը (1:1) թիմին բերեց երրորդ հորիզոնական, քանի որ հավասար՝ տասնվեցական միավոր ունեցող թե «ՈՒդինեզեն», թե «Սամդորիան» իրենց հանդիպումները տանուլ տվեցին:

ԳԵՐՄԱՆԻԱ
Երեկվա օրը գերմանական ֆուտբոլում նվիրված էր գավաթային խաղերին: Բունդեսլիգայի առաջատար ակումբները վստահ են անցկացրել հանդիպումներն ու հաղթանակներ գրանցել մեկ տասնվեցերորդում: Այսպես՝ «Բավարիան» պարտության է մատնել «Համբուրգին» (3:1), Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» (2:1), «Հոֆենհայմը» առանց ակնհայտ դժվարության լուծել է «Ֆրանկֆուրտի» հարցերը (5:1): «Մագդեբուրգ»-«Բայեր» դիմակայության հիմնական ու լրացուցիչ ժամանակահատվածը կողմերին առավելություն չի տվել (2:2), ու հաղթողը որոշվել է տասնմեկմետրանոցներով, որում առավել հաջողակ են եղել հյուրերը՝ լևերկուզենցիները:


ԻՍՊԱՆԻԱ
Իսպանիայի գավաթի խաղարկության մեկ տասնվեցերորդում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթել է երկրորդ լիգան ներկայացնող «Կոռնելիային»՝ ձևականության վերածելով պատասխան հանդիպումը: Համարյա նույն սցենարով է զարգացել «Սաբադել»-«Սևիլիա» հանդիպումը: Նույնպես հաղթանակ (5:1), նույնպես արտագնա խաղում: Ինչ վերաբերում է «Բարսելոնին», Լուիս Էնրիկեի սաները մասնակցել են կատալոնյան սուպերգավաթի խաղարկությանը, որն անցկացվում էր առաջին անգամ: Մրցակիցը՝ «Էսպանյոլը», լուրջ դիմադրություն է ցույց տվել՝ հիմնական ժամանակամիջոցում պահպանելով խաղի հավասարակշռությունը՝ 1:1: Հետխաղյա տասնմեկմետրանոցներում առավել դիպուկ են եղել «Բարսելոնի» ֆուտբոլիստներն ու շահել գավաթը:

ԱՆԳԼԻԱ
Հայտնի են դարձել Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակիչ դուրս եկած ոչ միայն թիմերը, այլև այն կազմած զույգերը: «Չելսիին» բաժին է հասել «Դերբի Քաունթին», «Տոտենհեմի» մրցակիցն է լինելու «Նյուքասլը», «Բորնմուտն» ուժերը կչափի «Լիվերպուլի» հետ, իսկ «Շեֆիլդ Յունայթեդը» քննություն կվերցնի առաջնությունում փայլուն մեկնարկած «Սաուտհեմպտոնից»:
Մեկ քառորդ ելածներից թերևս առանձնացնենք «Նյուքասլին», որը հյուրընկալվելիս պարտության է մատնել «Մանչեստր Սիթիին» (2:0): Հատկանշական է, որ արդեն տասնչորս տարի սեփական հարկի տակ «Մանչեստր Սիթին» չէր զիջել մրցակցին: Ավելին՝ 525 րոպե «Նյուքասլը» չէր կարողացել գրավել «քաղաքաբնակների» դարպասը: Ահա այսպիսի հաղթանակ:
Ի դեպ՝ այս հանդիպումից հետո մեկնաբանություններով է հանդես եկել «Մանչեստր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին՝ ասելով. «Շատ ենք գոլեր բաց թողնում և հարկ եղածի պես արագ չենք աշխատում գնդակի հետ: Մեզ համար վատագույն շաբաթն էր: «Սիթին» ոչ-ոքի խաղաց Ռուսաստանում և երկու պարտություն կրեց: Սակայն պետք է հանգստանանք ու մտածենք ապագայի մասին: Մեր թիմը շատ էր վազում, խաղացողները փորձում էին հետ բերել կորցրածը, սակայն նրանց դա չհաջողվեց, քանի որ լավագույն մարզավիճակում չէին: Այժմ կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել «Մանչեստր Յունայթեդի» հետ խաղին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ