Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սակավագոլություն

Սակավագոլություն
02.12.2014 | 10:17

Եվրոպական ֆուտբոլային առռաջատար հնգյակը կազմող տերությունների հերթական տուրն աչքի ընկավ Գերմանիայի ու Անգլիայի առաջնությունների առաջատարների բացառիկ սակավագոլությամբ՝ երկու խաղում մեկ գնդակ: Ասենք՝ մնացածներն էլ առանձնապես արդյունավետ չէին, մանավանդ, եթե նկատի ունենանք մրցակիցներին:

ԻՍՊԱՆԻԱ
Հերթական տուրում հերթական հաղթանակները տարան առաջին երեք հորիզոնականներում գտնվող մադրիդյան «Ռեալն» ու «Աթլետիկոն», կատալոնյան «Բարսելոնը»:
Արքայական ակումբն արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Մալագային», կատալոնցիները, ի հաշիվ վերջին վայրկյաններին «չղջիկների» դարպասը խփած Բուսկետսի գոլի, հաղթահարեցին «Վալենսիայի» արգելքը (նույնպես արտագնա խաղում), իսկ «Աթլետիկոն» 2:0 հաշվով գերազանցեց «Դեպորտիվոյին»:
Եռյակին միմյանցից բաժանում է երկուական միավոր:
Միաժամանակ նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն դաշտից առաջին անգամ հեռացավ առանց գոլի, թեպետ երկու գոլային փոխանցումն ինքնին վատ արդյունք չէ: Ի դեպ, սա պորտուգալացու 200-րդ հաղթական մասնակցությունն էր լա լիգայի խաղերին:
Քանի որ խոսեցինք Ռոնալդուից, հավասարակշռությունը պահպանելու համար բավարարենք նաև Մեսիի տաղանդի երկրպագուներին: Արգենտինացին, ով Չեմպիոնների լիգայի ու ներքին առաջնության վերջին երկու հանդիպումում էլ երեքական գոլի հեղինակ է դարձել՝ խմբագրելով ինչպես առաջինում, այնպես էլ երկրորդում եղած ռեկորդները, անմասն չի եղել իր թիմի գոլային արարումից՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ:

ԱՆԳԼԻԱ
Անպարտ մրցելույթներով աչքի ընկնող Լոնդոնի «Չելսին» սայթաքեց միանգամայն անսպասելի տեղում՝ աղյուսակի միջին հորիզոնականներում գտնվող «Սանդերլենդի» հետ խաղում: Ճիշտ է, այնպես չէ, որ «ազնվականները» մնացին առանց միավորի (խաղն ավարտվել է 0:0), բայց դե փաստենք՝ վաստակած մեկն էլ, համենայն դեպս, չէր մտնում Մոուրինյոյի պլանների մեջ:
Տուրը հաջող եղավ «Մանչեստր Սիթիի» համար: «Հալ Սիթիի» հետ խաղում թիմը ոչ միայն երեք միավոր վաստակեց (3:0), այլև երրորդ հորիզոնականը փոխեց երկրորդով, քանի որ «Սաուտհեմպտոնը» սեփական հարկի տակ «հաջողեցրեց» նույն հաշվով պարտվել օրեցօր թափ հավաքող ու դիտարժան խաղ ցուցադրող «Մանչեստր Յունայթեդին», որը քսաներեք միավորով արդեն չորրորդ հորիզոնականում է:
«Չելսին» ունի 33, «Մանչեստր Սիթին»՝ 27, «Սաուտհեմպտոնը»՝ 26 միավոր:


ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում բավական ծանր հաղթանակ տարավ առաջատար «Բավարիան»՝ «Հերտայի» հետ խաղում բավարարվելով ընդամենը մեկ գոլով: Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաև երկրորդ տեղում ընթացող ու արդեն 26 միավոր ունեցող «Վոլֆսբուրգի» հանդիպումում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ:
Լևերկուզենի «Բայերը» չափազանց անխնա եղավ «Քյոլնի» հետ խաղում՝ 5:1: Հաղթանակը թիմին բերեց երրորդ հորիզոնական: Այն ունի 23 միավոր: «Բավարիայի» վաստակած միավորները 33-ն են:
Ինչ վերաբերում է Դորտմունդի «Բորուսիային», թիմը շարունակում է տհաճորեն զարմացնել, թեպետ այսքան պարտություններից ու աղյուսակի վերջին հորիզոնականում գտնվելուց հետո հանգիստ կարելի է կորցնել զարմանալու ունակությունն ու իրերը տեսնել իրենց ունեցած լույսի տակ:

ԻՏԱԼԻԱ
Վերջին վայրկյաններին «Թուրինի» դարպասը Անդրեա Պիռլոյի խփած գնդակը հաղթանակ բերեց «Յուվենտուսին»:
Հաղթական գրաֆիկով շարժվեց նաև «Ռոման»՝ 4:2 հաշվով պարտության մատնելով «Ինտերին»: Հյուրընկալվելիս «Չեզենայի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակի հասած «Ջենովան» 23 միավորով մտավ առաջատար եռյակ:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջին եռյակից հաղթական են եղել միայն «Մարսելի» ու «Պարի Սեն Ժերմենի» հանդիպումները: Առաջինը 2:0 հաշվով տանը պարտության է մատնել «Նանտին», երկրորդը, նույնպես տանը, «Նիցցային»՝ 1:0: Սայթաքել է միայն «Լիոնը»՝ հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ընդունելով «Սենտ Էտիենից»:
«Լիլին» նվազագույն հաշվով հաղթելուց հետո «Բորդոն» արդեն ունի 27 միավոր՝ ճիշտ այնքան, որքան լիոնցիները: Մարսելցիներն ունեն 34, փարիզցիները՝ 33 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ