Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առողջ ապրելակերպն ու Իմունականխարգելման ազգային ծրագիրն` ուշադրության կենտրոնում

Առողջ ապրելակերպն ու Իմունականխարգելման ազգային ծրագիրն` ուշադրության կենտրոնում
22.12.2014 | 13:23

ՀՀ առողջապահության նախարարության կողմից զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար Ծաղկաձորում ընթացող դասընթացին ներկայացվեցին առողջ ապրելակերպին և Իմունականխարգելման ազգային ծրագրին վերաբերող հարցեր:

Խոսելով առողջ ապրելակերպի և ոչ վարակիչ հիվանդությունների մասին` հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինա Գյուրջյանը նշեց, որ առողջ ապրելակերպն առաջին հերթին ենթադրում է տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող համալիր միջոցառումներ, որոնք կարող են կանխել և նվազեցնել հիվանդացության և վաղաժամ մահացության աճը:
«Այդ միջոցառումների նպատակն առողջության բարելավումն ու ամրապնդումն է»,- ընդգծեց նա` ներկայացնելով միջազգային փորձը:
Եվրոպական երկրներում ոչ վարակիչ հիվանդությունները մահվան ընդհանուր դեպքերի 80 տոկոսի պատճառ են: Դրանցից 50 տոկոսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին, 20-ը` չարորակ նորագոյացություններին, 8 տոկոսը` վնասվածքներին և թունավորումներին:
Հայաստանում բնակչության մահացության պատճառների կառուցվացքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 90 տոկոս: Այդ թվում` արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` 48, չարորակ նորագոյացությունները` 19.9, մարսողական օրգանների համակարգի հիվանդությունները` 6.3, վնասվածքները և թունավորումները` 4.9, իսկ շաքարային դիաբետը` 4.8 տոկոս: Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումների շարքում հանրային առողջապահության մասնագետը ներկայացրեց ռազմավարությունը, օրենսդրական դաշտը և իրականացվող միջոցառումները։ Բանախոսը կարևորեց պայքարը ծխելու, ալկոհոլը չարաշահելու, անառողջ սննդի, ֆիզիկական թերակտիվության, ավելորդ քաշի և այլ ռիսկերի դեմ։ Բնակչության կրթումը, առողջության բոլոր ռիսկերի բացահայտումը և հիվանդությունների համախտանիշների վաղ փուլերի հայտնաբերումը և բուժումը նույնպես անհրաժեշտ միջոցառումների թվում են:
ՀՀ ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրեց Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման ընթացքը, նոր մարտահրավերներն ու խնդիրները: Խոսելով վարակիչ հիվանդությունների արմատական վերացման և վերահսկման մասին` նա նշեց , որ 1995 թվականից ի վեր մեր երկրում պոլիոմիելիտի դեպք չի արձանագրվել: 2000 թվականից չի արձանագրվել նաև դիֆթերիայի դեպք ( 1994-1995թթ. բռնկումից հետո իրավիճակը կայունացել է): 2007 թվականից չեն արձանագրվում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր, իսկ խոզուկը` միայն եզակի դեպքերով է արտահայտվում։
2013- 2014թվականներին գրանցվել է կարմրուկի 11 դեպք, բոլորը` համաճարակաբանորեն կապված Վրաստանի և Ռուսաստանի հետ:
Գայանե Սահակյանը, անդրադառնալով 2008-2014թթ. ընդգրկվածությանը, փաստեց, որ նպատակային տարիքային խմբերի պատվաստումների ենթակա երեխաների 90 տոկոսից ավելին ստանում են իրենց անհրաժեշտ պատվաստումները: Իր զեկույցում նա ներկայացրեց նաև պնևմակոկային պատվաստումների ներդրման ընթացքը:
Բանախոսը նշեց, որ հաճախ պատվաստումների արդյունավետության և անվտանգության վերաբերյալ թյուր կարծիքներ են հնչում, որոնց ի պատասան հանրային առողջապահության մասնագետները, լրագրողները հանրային իրազեկման մշտական պահանջարկ են իրականացնում նաև սոցիալական ցանցերում: Գայանե Սահակյանը մասնավորապես շնորհակալություն հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղարեչյանին Ֆեյսբուքում «Իմ բալիկը» խումբը բացելու համար, որը կարծիքների և փորձի փոխանակման հարթակ է դարձել:
Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց ծխախոտի և ալկոհոլի դեմ պայքարին, առողջապահական այլ ծրագրերի:
Ամփոփելով աշխատանքները` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության, կարծիքների փոխանակման համար: Նա կարևորեց նման հանդիպումների շարունակականությունը:
Սեմինարի առաջին օրը` դեկտեմբերի 20-ին, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսի մասնակցությամբ քննարկվեց ցորենի ալյուրի հարստացման ծրագրի նախագիծը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային առողջապահության մասնագետներ:

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ