«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Անհանգիստ հանգստյան օրեր

Անհանգիստ հանգստյան օրեր
24.02.2015 | 12:22

Այո, եվրոպական գրանդներից անցած հանգստյան օրերը հանգիստ չեղան առնվազն երկուսի համար: «Մալագան», այս էլ երկրորդ անգամ, այն էլ` Բարսելոնում, դարպասը կողպած պահեց կատալոնյան ակումբի առաջ, «Բառնլիի» հետ խաղում մրցավարը գտավ, որ «Չելսին» կարող է միանգամայն գոհանալ և մեկ միավորով: Ինչ վերաբերում է անցյալի շարմը հետ բերելու մտահոգությամբ ապրող «Մանչեստր Յունայթեդին», «Սուոնսիի» հետ խաղը լրիվ այլ տպավորություն թողեց:

ԻՍՊԱՆԻԱ
Տասնմեկ անընդմեջ հաղթանակից հետո «Բարսելոնը» սայթաքեց, ու ճշմարտությունը պահանջում է ասել, որ բնավ էլ ոչ հարթ տեղում: Փորձության այդ քարը եղավ այն նույն «Մալագան», որը եթե առաջին մրցաշրջանի գոլազուրկ հանդիպման արդյունքում հյուրերին միավոր վաստակելու հնարավորություն տվեց, ապա դա բոլորովին ավելորդ համարեց հյուրընկալվելիս (1:0)` առարկայնորեն ցույց տալով, որ ահեղ մրցակցի համար իր դարպաս տանող ճանապարհներն անհուսալիորեն փակ են: Հետաքրքրական է, որ նույն թիմին երկու անգամ խոցելու անկարողություն «Բարսելոնի» մոտ մեկ էլ եղել է 2007-2008 մրցաշրջանում, «Խետաֆեի» հետ հանդիպումում: «Մալագայից» կրած այս պարտությունը բնականաբար հիանալի նվեր էր Մադրիդի «Ռեալին», որը դրսում «Էլչեի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:0) չեմպիոնական մրցավազքում «Բարսայից» կրկին առաջ է չորս միավորով: ՈՒնեցած 53-ով տուրում «Ալմերիայի» նկատմամբ առավելության հասած Մադրիդի «Աթլետիկոն» (3:0) կապտանռնագույններից հետ է մնում երեք միավորով:

ԱՆԳԼԻԱ
Տուրն անհաջող ընթացք ունեցավ նաև պրեմիեր լիգայի առաջին եռյակը կազմածներց երկուսի համար. «Չելսին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բառնլիի» հետ` 1:1 (խոստովանենք` ոչ առանց մրցավարի գործուն մասնակցության), իսկ «Մանչեստր Յունայթեդը» «Սուոնսիի» հետ հանդիպումում վատ առումով հնարավոր առավելագույնն արեց պարտվելու համար` 1:2: Սակայն եթե լոնդոնցիների ոչ-ոքին մրցաշարային աղյուսակում չսասանեց նրանց դիրքերը, ապա մանչեստրցիները ստիպված եղան երրորդ հորիզոնականից նահանջել, իսկ, ինչ-ինչ, այդ տեղի վրա աչք ունեցողների պակաս չկար: Տուրի արդյունքներով առավել հաջողակ եղավ Լոնդոնի «Արսենալը», քանի որ «Սաուտհեմպտոնը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Լիվերպուլին»: Ինչ վերաբերում է «Արսենալին», արտագնա խաղում այն 2:1 հաշվով պարտության է մատնել «Կրիստալ Պալասին» ու վաստակել 48 միավոր: Փաստորեն նախորդ տուրի արդյունքներով առաջին եռյակը կազմածներից միայն «Մանչեստր Սիթին» եղավ հաջողակ: «Նյուքասլի» նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակից հետո «քաղաքաբնակներն» արդեն հինգ միավորով են հետ «Չելսիից»:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի առաջատարը տարավ հերթական խոշոր հաշվով հաղթանակը: Այս անգամ մյունխենցիների առաջ ծնկողը «Պադերբոռնն» էր` 6:0: Հերթական հաղթական մրցելույթն ունեցավ նաև երկրորդ հորիզոնականը վստահաբար իր ամուր ձեռքերում պահող «Վոլֆսբուրգը»: Այս անգամվա նրա զոհը Բեռլինի «Հերտան» էր` 2:1: Աղյուսակում «Վոլֆսբուրգին» հետապնդող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» «Համբուրգի» հետ ունեցած արտագնայում բավարարվեց ոչ-ոքիով (1:1), ինչը, սակայն, ոչնչով չխանգարեց մնալու երրորդ հորիզոնականում: Մյոնխենգլադբախցիներն արդեն տասը միավորով են հետ «Վոլֆսբուրգից», որն իր հերթին «Բավարիայից» է հետ յոթ միավորով:
Քանի որ ավանդույթի ուժով անդրադառնում ենք նաև Դորտմունդի «Բորուսիայի» մրցելույթներին, ասենք, որ հաղթական էր հանդիպումը «Շտուտգարտի» հետ` 2:3: Սա Մխիթարյանի ներկայացրած թիմի երրորդ անպարտ հանդիպումն էր, ինչի արդյունքում «Բորուսիան» հայտնվել է փոքրիշատե ապահով տասներկուերորդ հորիզոնականում: Իհարկե, լավ է, որ համաշխարհային ֆուտբոլի այս ինքնատիպ կոլեկտիվի խաղում նկատվում է բեկում, սակայն վատ է, որ մեր ֆուտբոլիստը դուրս չի գալիս ճգնաժամից:

ԻՏԱԼԻԱ
Հերթական ոչ-ոքին «կռեց» «Ռոման»` այս անգամ «Վերոնայի» հետ արտագնայում (1:1): Եթե հաշվի առնենք, որ նախօրեին «Յուվենտուսը» հերթական երեք միավորն էր վաստակել «Ատալանտայի» հետ մրցակցությունում (2:1), ապա պիտի արձանագրենք, որ «գայլերը» «ծեր սինյորայից» հետ են արդեն ինը միավորով ու կարծես թե վերջնականապես են հրաժարվել չեմպիոնության համար պայքարից: Ավելին` եթե շարունակեն այսպես, փոխչեմպիոնությունն էլ կդառնա երազանք, քանի որ մրցակիցները քնած չեն և ավելի ու ավելի հավակնոտ են դառնում իրենց ախորժակում: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Նապոլիին», որը նրանից վեց միավորի հեռավորության վրա է` պահուստում ունեցած մեկ պակաս խաղով: Ի դեպ` երեկ նեապոլցիները մրցում էին աղյուսակի միջնամասերում գտնվող «Սասուոլոյի» հետ: Հաղթանակի դեպքում այդ տարբերությունը կարող էր կազմել երեք միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի հերթականում մինչ «Մարսելը» միավոր կորցրեց Սեն Էտիենում` տեղի համանուն թիմի հետ խաղում (2:2), «Լիոնը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Նանտի» նկատմամբ, իսկ «Պարի Սեն Ժերմենը» մեկ օր առաջ էր երեք միավոր վաստակել «Թուլուզից», ինչը հնարավորություն էր տվել 52 միավորով բարձրանալու երկրորդ հորիզոնական: Լիոնցիների ակտիվում է 54 միավոր, մարսելցիներն ունեն 50:

ՍԿՍՎԱԾ ՇԱԲԱԹԻ ԱԶԴԱԿԱՆՉԵՐԸ
Քանի որ ներկայացված առաջնությունների ակումբներից շատերը մասնակցում են նաև Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայի ընթացիկ առաջնություններին, ներկայացնենք նրանց հանդիպումները` ներքին առաջնություններում ունեցած հաջողություններն ու անհաջողությունները փորձելով տեսնել նաև այս լույսի տակ` իհարկե, հեռու մնալով մեկնաբանություններից: Այսպես, արդեն այսօր Չեմպիոնների լիգայի շրջանակում կմրցեն «Յուվենտուս»-Դորտմունդի «Բորուսիա», «Մանչեստր Սիթի»-«Բարսելոն» զույգերը, որոնց վաղը կհաջորդեն «Արսենալ»-«Մոնակո», Լևերկուզենի «Բայեր»-Մադրիդի «Աթլետիկո» դիմակայությունները:
Փետրվարի 26-ին հիշատակվածներից, արդեն Եվրոպայի լիգայի հանդիպումների շրջանակում, դաշտ դուրս կգան Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Ռոման», «Նապոլին» և «Վոլֆսբուրգը»` մրցակից ունենալով «Սևիլիային», «Ֆեյենորդին», «Տրապզոնսպորին», «Սպորտինգին»: Ասենք, որ ոչ պակաս լարված դիմակայություններ են սպասվում նաև «Բեշիկթաշ»-«Լիվերպուլ», «Ֆիորենտինա»-«Տոտենհեմ», «Ինտեր»-«Սելտիկ» առճակատումներում: Իհարկե, ներկայացվածներով չեն ավարտվում Եվրոպայի լիգայի ներկայիս առաջնությունում ընդգրկվածները, և դուք միանգամայն ազատ եք ձեր նախապատվություններում, պարզապես մեր հանձնարարելի ցուցակն այս է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ