Ցյուրիխում ավարտվեց «Շախմատային մարտահրավեր» փառատոնը` կազմված կայծակնային, դասական ու արագ շախմատի մրցաշարերից: Առաջին երկուսին անդրադարձել ենք` տեղեկացնելով, որ կայծակնայինում հաղթել է մեր գրոսմայստեր Լևոն Արոնյանը` չորս միավորով դառնալով միանձնյա հաղթող: Երկրորդում հաղթանակի բերկրանքը բաժին է հասել Վիշվանաթան Անանդին: Ցավոք, այստեղ Արոնյանը Կարյակինի ու Կարուանայի հետ հայտնվել է աղյուսակը եզրափակողների թվում` վաստակելով չորս միավոր: Կայծակնային շախմատում հայ գրոսմայստերը կարողացել է մոբիլիզացնել ուժերը, սակայն այն բավարարել է երկրորդ տեղը գրավելուն: Հաղթողից` Կրամնիկից, Արոնյանը հետ է մնացել ընդամենը կես միավորով:
Ցյուրիխյան գերմրցաշարի առանձնահատկությունն այն էր, որ հաղթողը որոշվելու էր դասական ու արագ շախմատի ընդհանրական արդյունքով: Ստացվեց այնպես, որ իննական միավորով առաջին երկու տեղերը բաժանեցին Անանդն ու Նակամուրան (7,5 միավորով Արոնյանը չորրորդն էր): Հաղթողին որոշելու համար, համաձայն կանոնակարգի, շախմատիստները պետք է անցկացնեին կայծակնային շախմատի երկու պարտիա, որին, հավասար արդյունքի դեպքում, հետևելու էր «մահվան պարտիան»: Անանդի առաջարկով միանգամից խաղարկվել է մահվան պարտիա, որտեղ առավել հաջող է եղել մրցակիցը` Նակամուրան, ով էլ դարձել է գերմրցաշարի հաղթող:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ