Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Լռությունն էլ տարբեր ենթատեքստեր ունի»

«Լռությունն էլ տարբեր  ենթատեքստեր ունի»
06.03.2015 | 12:35

«Կայարան» գրական ակումբի «Երիտասարդ գրողների անթոլոգիան» քննարկվեց գրողների միության բանավեճի ակումբում: Քննարկմանը մասնակցեցին գրականագետներ, գրողներ, և իհարկե, անթոլոգիայի հեղինակները: «Կայարան» գրական ակումբի նախագահ, արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ անթոլոգիայում ընդգրկված հեղինակներից շատերը սկսնակներ են, և հատկապես նրանց համար ոչ միայն հետաքրքիր, այլև անհրաժեշտ է գրականագետի, ընթերցողի խոսքը, այսպես ասած՝ հայացքը դրսից. «Քննարկումները գրական ընթացքի անբաժանելի մասն են: Եթե մուտք ես գործում գրականություն, պիտի պատրաստ լինես մասնակցելու գրական այդ և նման պրոցեսների, լսելու և՛ գովասանք, և՛ քննադատություն: Այդ քննարկումների ընթացքում են ծնվում շատ գաղափարներ, դրանց արդյունքում են հղկվում գրողները»:

Կոպիտ, անհարկի գնահատականը կարո՞ղ է գրողին հեռացնել գրականությունից: Ի պատասխան մեր այս հարցի արձակագիրն ասաց. «Կարող ես ընդունել կամ չընդունել այս կամ այն գնահատականը, բայց որևէ մեկի խոսքը չի կարող հիմնաքար դառնալ` գրելու կամ չգրելու համար: Կյանքում այնքան բան կարող է խանգարել` մի օր դու ես հիվանդ, մի օր երեխադ, մի օր լավ-վատ խոսք է հնչում, մի օր էլ` գիրքդ չեն տպագրում, փող չունես, պատերազմ է և այլն: Ինչպես կասեր ժողովուրդը՝ արտը խախուտ, մահանեն՝ կարկուտ: Եթե որոշել ես ծառայել գրականությանը, պիտի որոշումդ լինի վերջնական և հստակ: Քննադատությունը, կողմնակի գործոնները կարող են նպաստել կամ վնասել քո գործունեությանը, բայց դրանք երբեք պատճառ չեն դառնում գրիչը կոտրել-նետելուն, եթե իհարկե դու գրող ես կոչմամբ և ոչ թե մտավորական կամ հանճար ես խաղում»:
Լռությունը նույնպես վերաբերմունք է, նշան, որ ուշադրության արժանի չէ հեղինակը: Անդրադառնալով մեր այս դիտարկմանը` զրուցակիցս նշեց, որ քննադատության լռությունն էլ գրողին սպանելու մի տարբերակ է, ոչ միայն չնկատելու առումով, այլև գրողին իր ընթացքում բացարձակապես մենակ և անորոշության մեջ թողնելով. «Այսօր մենք պայքարում ենք այն բանի դեմ, որ գրական դաշտում ով ասես իրեն փառք է պատվիրում, տղերքով իրար հանճար են հռչակում, չգիտեմ սա գրողներից ում տեղին բնորոշումն է՝ գրական ջեբկիրությամբ զբաղվում: Բոլոր միջոցառումները կամ հոբելյանական տարելիցներ են, կամ շնորհանդեսներ, կամ մրցանակաբաշխություններ. բուն գրական ընթացքին վերաբերող վերլուծություն, քննարկում, խոսք չկա: Դրա պատճառն այն է, որ այսօր մեր գրական միջավայրում կյանքն այնքան քնած է, որ ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում գնահատելու, հռչակելու, գրականության պապա խաղալու: Ցանկացած գրիչ վերցնող մտածում է, որ ինքը անշուն գյուղ է մտել… Լռությունն էլ տարբեր ենթատեքստեր ունի. սկսած պրոֆեսիոնալիզմի բացակայությունից, չարությունից, ծուլությունից, վերջացրած վատ կազմակերպված պրոպագանդայով, գրականագետի ճաշակով, անձնական որակներով և այլն»:
Հավելենք, որ «Կայարան» տարեգրքի այս տարվա համարը նվիրվելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Լինելու են բացառապես անտիպ գործեր (հատվածներ վեպից, պատմվածք, դիմանկար, էսսեներ): Այս տարի լույս է տեսնելու Սուսաննա Հարությունյանի նոր վեպը, որը նույնպես առնչվում է Ցեղասպանությանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ