Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Օրաթերթերը շրջաններ հասնում են բավականին ուշ և կորցնում հետաքրքրությունը»

«Օրաթերթերը շրջաններ հասնում են բավականին ուշ և կորցնում հետաքրքրությունը»
18.03.2015 | 12:11

Ժամանակակից մարդը օրվա զգալի մասն անցկացնում է համակարգչի առաջ: Սոցցանցերը, էլեկտրոնային կայքերը ապահովում են ժամանցը, շփումը, տրամադրում են անսպառ ինֆորմացիա: Այնուամենայնիվ, շատերը նախընտրում են ինֆորմացիա ստանալու դասական եղանակը: Պարզվում է, որ այսուհետ օրվա մամուլին ծանոթանալու, կամ ուզածդ թերթը, ամսագիրը թերթելու համար բավական է միացնել համակարգիչը:

«Բլից Մեդիա» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ Հայաստանում իր գործունեությունն է սկսել արտասահմանյան և հայկական տպագիր պարբերականների տարածաշրջանում առաջին առցանց գրախանութը` pressinfo.am-ը: Ընթերցողն այստեղ կգտնի ավելի քան 1000 հայկական և արտասահմանյան թերթեր ու ամսագրեր: Շնորհիվ որոնման հարմար համակարգի` կարող է կարդալ ցանկացած պարբերական:
Ինչպես և նախկինում, կարելի է թերթել էջերը, նշումներ անել, բաց թողնել պարբերականը, հետո նույն էջից ընթերցանությունը շարունակելու համար։ «Ավելին, ընթերցողը կարող է ունենալ իր գրադարանը, գնված թերթերը, ամսագրերն ու գրքերը պահել ոչ թե խոհանոցի պահարանում, այլ էլեկտրոնային գրադարանում,- ասում է «Բլից Մեդիա» ընկերության տնօրեն ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆԸ, նշելով, որ գնորդին պետք է ժամանակին հասնի մամուլը` տպագրական կլինի, թե առցանց:- Տպագրականի դեպքում խնդիրներ կան: Մենք զգացինք, որ առցանց վաճառք կազմակերպելու անհրաժեշտություն կա: Հայաստանում գլխավորում է օրաթերթային շուկան: Օրաթերթերը շրջաններ հասնում են բավականին ուշ և կորցնում հետաքրքրությունը: Ձմռանը, օրինակ, երբ ճանապարհները որոշ շրջաններում փակ են լինում, թերթերը շաբաթներով չեն հասնում բաժանորդին: Կարծում եմ, որ գոնե գյուղապետերը, համայնքապետերը ուզում են օրվա մամուլին տեղեկանալ: Հիմա այդ հնարավորությունը կա»:
Սփյուռքի համար նույնպես մեծ հնարավորություն է ստեղծվում: Պահանջարկ կա տարբեր անուն թերթերի, ամսագրերի, իսկ տպագրական մամուլի տարածումը կազմակերպելը դյուրին չէ:
Ինչ վերաբերում է ռուսական պարբերականներին: Թերթերը, ամսագրերը Հայաստան են առաքվում շաբաթը 2 անգամ, ուստի օրաթերթը Հայաստան է հասնում 3 օր ուշացումով: Շուկայի պատասխանատուները վստահեցնում են, որ pressinfo.am-ում կարելի է կարդալ կամ ներբեռնել օրաթերթը հենց թողարկման օրը, առավոտյան ժամը 7-ին և դրա դիմաց վճարել երեք անգամ ավելի էժան, քան թերթի հնացած տարբերակի համար:
«Իրատես de facto»-ի` «Հայաստանյան թերթերն ի՞նչ կարժենան, մրցակցային դա՞շտ է ստեղծվում, թե՞ այլընտրանքային տարբերակ, որից շահույթ են ունենալու նաև թերթերը» հարցերին ի պատասխան Արմեն Դավթյանն ասաց, որ ստեղծվել է վաճառքի նոր միջոց. «Իհարկե շահույթ ունենալու ենք, բայց դա կոմերցոն գաղտնիք է: Ամեն խմբագրություն իր քաղաքականությունն ունի, առանձին-առանձին ենք աշխատում բոլորի հետ: Որոշ թերթեր անվճար են տեղադրվելու: «Գրական թերթը», օրինակ, առցանց տարբերակում հնարավոր է ավելի թանկ լինի: Հիմնականում, սակայն, թերթերի արժեքը նույնն է, ինչ կրպակներում»:
«Նախկինում pressinfo.am-ն անվճար էր, այցելությունները հաճախակի՞ էին»,- մեր հաջորդ հարցն այսպիսին էր: Պարզվեց շատ են այցելություններ գրանցվել կայքում տեղ գտած հայկական ռուսալեզու թերթերում («Голос Армении», «Новости Армении»): Հայաստանյան պարբերականներում` ոչ այնքան: «Եթե սահմանի վրա միջադեպ էր լինում, այցելությունների թիվը մեծանում էր: «Голос Армении»-ն, «Новости Армении»-ն օրական 40-50 հաճախորդ էին ունենում»,- ասաց Արմեն Դավթյանը:
Հավելենք, որ էլեկտրոնային գրախանութում կա նաև «Գրքեր» բաժին, որտեղ ներկայացված է տարբեր լեզուներով գրականութուն: Հայալեզու էլեկտրոնային գրքերը հիմնականում տրամադրում է «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը: Ենթադրվում է, որ ռուսական գրականությունը կհետաքրքրի հայաստանյան, հայկականը` Սփյուռքի գնորդին:
Առաջիկայում հայ ընթերցողը մամուլի տեսականու մեջ կգտնի նաև միջազգային հեղինակավոր պարբերականներ ( The Times, Le Figaro, Financial Times և այլն):
pressinfo.am-ը ստեղվել է Пресса.ру ինտերնետ-պորտալի (էլեկտրոնային պարբերակների ամենախոշոր առցանց խանութը ՌԴ-ում) օգնությամբ: Գնորդները վճարում կարող են իրականացնել քարտով, էլեկտրոնային փողով, կարելի է նաև 3 ամիս, 6 ամիս կամ 12 ամիս ժամկետով բաժանորդագրվել այս կամ այն հրատարակչությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ