Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եվ նորից Միշել Պլատինին

Եվ նորից Միշել Պլատինին
27.03.2015 | 00:12

Երրորդ անգամ անընդմեջ Միշել Պլատինին վերընտրվեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ: Այն, որ հենց նա էր ընտրվելու, հայտնի էր արդեն իսկ անցած դեկտեմբերից, երբ սպառվեց առաջադրման ժամկետը, ու, բացի նրանից, ոչ ոք չառաջադրեց իր թեկնածությունը:
Կոնգրեսում հանրահայտ ֆրանսիացին, որ նախկինում նույնքան հանրահայտ ֆուտբոլիստ էր, շնորհակալական խոսքի, նման դեպքերին պատշաճող այլևայլ բաների կողքին ի մասնավորի առաջարկել է ստեղծել ֆուտբոլային ոստիկանություն, որպեսզի հնարավորինս արդյունավետ պայքար մղվի մարզական արենաներում գնալով լայն ծավալում գտնող այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են էքստրեմիզմն ու ֆաշիզմը:
«Նախկինում խուլիգաններն ու տարաբնույթ ֆանատները մարզական արենաներում տերեր էին: Վերջին ամիսներին եղավ այն, ինչն ինձ հիշեցրեց անցյալը: Իմ դեպքում դա եղավ ուղիղ երեսուն տարի առաջ (խոսքն «Էլզելում» տեղի ունեցած ողբերգության մասին է- Մ.Հ.): Ոչ ոք չի կամենում դեպքերի կրկնությունը»,- ասել է նորընտիր նախագահն իր ելույթում:
Հարկ է նկատել, որ ՈՒԵՖԱ-ի նախագահի պոստում գտնվելու այս ութ տարիներին Պլատինին իրեն դրսևորել է որպես համարձակ որոշումներ ընդունելու ունակ գործիչ: Այս տարիները նրա գործունեությունում առանձնացել են բարենորոգչական համարձակ քայլերով, որոնք շատ բաներում են փոխել եվրոպական ֆուտբոլի դեմքը: Այդ նա միավորեց ՈՒԵՖԱ-ի ու Ինտերտոտոյի գավաթները, ստեղծելով նոր մրցաշար` Եվրոպայի լիգան: Այդ նրա շնորհիվ փոփոխությունների ենթարկվեց եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարը, որը ոչֆուտբոլային երկրներին նույնպես հնարավորություն տվեց մասնակցելու Չեմպիոնների լիգայի խմբային փուլին: Այդ նրան է պատկանում ֆուտբոլում մեծ աղմուկ հանած ֆինանսական արդարացի խաղի մասին նորամուծությունը, որի էությունը հետևյալն էր` ակումբները պիտի ապրեն ըստ հնարավորությունների, չափից ավելի ծախսեր չպիտի թույլ տան, այլապես նրանց սպասում է ընդհուպ հեռացում եվրագավաթների խաղարկությունից: Ճիշտ է, սույն պատժամիջոցն իր ծայրահեղ ձևի մեջ դեռևս չի կիրառվել, սակայն շռայլ ծախսեր թույլ տվող շատ թիմեր մինչև հիմա էլ մեծ տուգանքներ են մուծում:
Պլատինիի նորամուծություններից էր նաև Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը ոչ թե առանձին մեկ կամ երկու երկրում, այլ ամբողջ աշխարհամասով մեկ անցկացնելու որոշումը: Այս գաղափարի շնորհիվ հոբելյանական մրցաշարը (վաթսուն տարի առաջ է առաջին անգամ խաղարկվել Եվրոպայի գավաթը) կանցկացվի աշխարհի տասներեք երկրում: Ի դեպ, այս նորամուծության մոլի հակառակորդներից էր ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, ում տեղակալներից մեկն էլ, պաշտոնի բերումով, Պլատինին է:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ