Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։ Նրա դիմավորման պաշտոնական արարողությունը կայացել է Թեհրանի նախագահական պալատում, որտեղ նրան ողջունել է նախագահ Հասան Ռուհանին: Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Էրդողանը կմասնակցի նաև թուրք-իրանական համագործակցության խորհրդի բարձ մակարդակով երկրորդ նիստին, հանդիպում կունենա Իրանի այաթոլլա Ալի Խամենեիի հետ: Էրդողանի այցը վերջին 4 տարիներին Թուրքիայի նախագահի առաջին այցն է Իրան:
Ըստ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքէջի՝ Էրդողանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի հետ։ Reuters-ը հիշեցնում է, որ Էրդողանի այցը տեղի է ունենում երկու երկրների լարված հարաբերությունների պահին։ Իրանցի մի քանի օրենսդիրներ Էրդողանի այցն արգելելու կոչեր էին արել, երբ Թուրքիայի նախագահը պաշտպանել էր Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական գործողությունները՝ իրանամետ ապստամբների դեմ։ Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել Իրանին դադարեցնել աջակցությունը Եմենի ապստամբ հութիներին, Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայից հետ էր կանչել իր ժամանակավոր լիազորին: Ըստ իրանական աղբյուրի` կողմերը հայտնել են միասնաբար ծայրահեղականության դեմ պայքարելու պատրաստակամություն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Իրանի հետ լայն բանակցությունների կոչ է արել՝ Մերձավոր Արևելքում հետագա արյունահեղությունը կանխելու համար: Այս մասին գրում է Farsnews-ը:
«Մենք պետք է միավորվենք և բանակցություններ վարենք ու կանխենք այդ արյունահեղությունը»,- հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքով, Թուրքիան և Իրանը «պետք է միջնորդի դեր կատարեն» Սիրիայի և Իրաքի հակամարտություններում: «Ինձ չի հետաքրքրում, սպանվածները սուննի՞ են, թե՞ շիա: Ինձ հուզում է այն, որ նրանք մահմեդական են»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում թուրքական Hurriyet Daily News-ը: Թուրքիան և Իրանը կողմ են Եմենում հրադադարին և այլ երկրների միջամտությանը հակամարտությանը՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք չենք կարող մեր տարածաշրջանում հանդուրժել անկայունությունը և արմատականության դրսևորումը: Երկու երկրներն էլ Եմենում հրադադար են ցանկանում, խաղաղություն և կայունություն, մենք դեմ ենք օտարերկրյա միջամտությանը: Մարդկանց պետք է հասնի մարդասիրական օգնությունը: Մենք պատրաստ ենք միասին պայքարել ահաբեկչության դեմ մուսուլմանական երկրների միջև եղբայրական հարաբերությունները պահպանելու համար»,- ասել է նա և հույս է հայտնել, որ «մենք կարող ենք պայքարել ահաբեկչության դեմ», հավելելով, որ հարկավոր է հասնել տարածաշրջանի երկրների միջև եղբայրության և բարեկամության հաստատման:
Ըստ Farsnews-ի, Իրանի նախագահը նաև նշել է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են Իրաքում և Պաղեստինում իրավիճակը: Իրանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն նաև սիրիական ճգնաժամի շուրջ։
TRT Haber-ի փոխանցմամբ՝ Անկարան հույս ունի, որ Իրանը կզեղչի Թուրքիա մատակարարվող գազի գինը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը Թեհրանում ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Էրդողանը պատրաստ է ավելի շատ իրանական գազ գնել, եթե գազի գինն էժանացվի: Թուրքիան Իրանից 1000 խ/մ գազը գնում է 490 ԱՄՆ դոլարով: Ըստ Թուրքիայի` դա ամենաբարձր գինն է, որ ինքը վճարում է գազի համար: Թուրքիան պնդում է, թե Ռուսաստանից ու Ադրբեջանից գազ է գնում 335 և 425 ԱՄՆ դոլարով` 1000 խ/մ-ի դիմաց: Ռուսաստանից հետո Իրանը Թուրքիայի երկրորդ խոշորագույն գազի մատակարարն է: Ռուհանին առաջարկել է ջանքեր գործադրել, որ Թուրքիայի և Իրանի միջև առևտրի ծավալը հասցվի 30 մլրդ դոլարի` անցած տարվա 14 մլրդ-ի փոխարեն: Այցի ընթացքում Թուրքիայի և Իրանի նախագահները 8 համաձայնագիր են ստորագրել և ընդգծել տնտեսական կապերն ավելի ընդլայնելու անհրաժեշտությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թուրքիայի նախագահի այցը Թեհրան շարունակվում է: Փաստը, որ նա արագ մեկնեց Իրան և Իրանն էլ նրան արագ ընդունեց, արդեն խոսուն է փոխհարաբերություններում պարզություն մտցնելու տեսակետից: Շիաների ու սունիների հակամարտության խնդիրները մեկդի թողած՝ երկու նախագահները, ըստ հրապարակված տեղեկատվության, անդրադարձել են հիմնականում Եմենի իրավիճակին և պատրաստակամություն են հայտնել համատեղ դադարեցնել կոնֆլիկտը: Թուրքիան արդեն իրանական գազի հայտ է ներկայացրել՝ գնի իջեցման առաջարկով: Բնականաբար՝ քննարկելով միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր՝ նրանք չէին կարող չանդրադառնալ Իրան-Եվրոպա գազատարի երթուղու հարցին, բայց տեղեկատվության բացակայությունը հիմք է ենթադրելու, որ որոշակիություն այս հարցում չկա: Արևելյան դիվանագիտության մեջ հմուտ երկու նախագահներն էլ այս հարցում չեն շտապի: Դեռ կկայանան հանդիպումներ երկկողմ ձևաչափերով այլ երկրների նախագահների հետ: Նայած ինչ հաջողությունների է հասել Էրդողանը Թեհրանում, Իրան կշտապի կամ ոչ Ալիևը: Ադրբեջանը Մյունխենում առաջարկում էր ներդրումների պարագայում Եվրոպային միայնակ ապահովել գազով: Իրանական գազի Եվրոպա արտահանման հեռանկարը նաև Բաքվի ծրագրերն է խառնում: