Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տրիումֆատոր կարող է լինել միայն մեկը

Տրիումֆատոր կարող է լինել միայն մեկը
02.06.2015 | 11:10

Հանգստյան օրերին կայացան Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի գավաթների եզրափակիչ խաղերը: Դրանցից երկուսում մրցում էին ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնությունը նվաճածները, ու եթե այդ հանդիպումներին մի փոքր հայկականություն խառնենք «Արարատի» համար երանելի 1973 թվականի ոգով, գավաթը նրանց պետք էր որպես ոսկե մեդալների պահոց: Մյուս երկուսի պարագայում խնդիրն ավելի համեստ էր, ինչը, սակայն, չի նշանակում, թե մրցակցությունը պակաս բովանդակալից էր ու կարևոր:


«ԱԹԼԵՏԻԿ»-«ԲԱՐՍԵԼՈՆ»` 1:3
Անգամ մեծագույն ցանկության դեպքում «Աթլետիկին» ո՛չ խաղալ իմանալու, ո՛չ էլ կամային բարձր որակների մեջ չես կասկածի, սակայն բասկերի դժբախտությունն էր բարսելոնցիներին մրցակից ունենալը, այն էլ նրա այս որակում: Հանդիպման հնարավոր ելքի այլ տարբերակ կարելի էր երևակայել միայն օրիգինալ երևալու դեպքում, սակայն կատալոնցիներն ինքնատիպության սիրահարների ակնկալիքները շատ արագ մշուշի վերածեցին: Մեսիի հրաշալի փոխանցումից հետո արդեն տասներորդ րոպեին Նեյմարը գրավեց դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ: Բասկերը չէին հասցրել շունչ քաշել, երբ Լեոն ինքը բացեց խաղի հաշիվը: Սուարեսի հրաշալի փոխանցումից հետո երկրորդ գոլի հեղինակ դարձավ Նեյմարը: Երկրորդ խաղակեսում կողմերը փոխանակեցին մեկական գոլ: Մեսիի ֆուտբոլային գլուխգործոցի արդյունքում կատալոնցիները հաշիվը մոտեցրին խոշոր հաշվով պարտության նիշին, սակայն բասկերը կարողացան թրջել հաշիվը: Այսպիսով «Բարսելոնը» լուծեց ընթացիկ մրցաշրջանի իր թիվ երկու խնդիրը: Երրորդը, գիտեք, Չեմպիոնների լիգայի գավաթն է, որին սպասելու բան չի մնացել: Հետաքրքրական է, որ հունիսի 6-ին դուբլով է ընդառաջ գալիս նաև «Յուվենտուսը», ու այդ օրվա տրամաբանությունը մեկն է` ընթացիկ մրցաշրջանում կողմերից մեկը միայն կարող է լինել տրիումֆատոր: Հավելենք, որ գավաթի խաղում վնասվածք է ստացել Ինիեստան, ում մասնակցությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչին հարցականի տակ է:

«ԲՈՐՈՒՍԻԱ»-«ՎՈԼՖՍԲՈՒՐԳ»` 1:3
Գերմանականում «Աթլետիկ»-«Բարսելոն» մրցակցության հաշվի կրկնությունը, ինչ խոսք, թույլ չի տալիս մտածել, որ «Վոլֆսբուրգը» կատալոնյանին համարժեք թիմ է, բայց որ տեղի «գայլերն» ընթացիկում փայլուն հանդես եկան, անվիճելի է: Արծաթե մեդալների կողքին գավաթն առանձնակի բովանդակություն է ստանում, մանավանդ որ ակումբի պատմության մեջ այն առաջինն է (քսան տարի առաջ թիմը նման մի հնարավորություն ունեցել է, սակայն այն ժամանակ նրա ճանապարհը փակել է մեկ այլ «Բորուսիա»` Մյոնխենգլադբախինը): Ասենք, որ խաղի ելքը բոլոր իմաստներով վճռվել է առաջին խաղակեսում, որտեղ առաջին գոլը հեղինակել են դորտմունդցիները: Մի բան էլ նկատենք. ի հաշիվ առաջնությունում ունեցած երկրորդ տեղի, «Վոլֆսբուրգն» արդեն իսկ նվաճել էր Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունք, ինչը նշանակում էր, որ ներքին առաջնությունում յոթերորդ հորիզոնականը գրաված ակումբը հնարավորություն է ստանում մասնակցելու Եվրոպայի լիգային: Այդ յոթերորդը, գիտեք, Դորտմունդի «Բորուսիան» էր: Իհարկե, այս ամենը չեմ ասում նրա համար, որ մտածեք, թե գավաթի եզրափակչում կրած պարտությամբ դորտմունդցիները վարձահատույց եղան մրցակցին, թեպետ, որքան ես եմ հասկանում, այս կյանքում ամեն ինչն էլ գին ունի:

«ՕՍԵՐ»-«ՊԱՐԻ ՍԵՆ ԺԵՐՄԵՆ»` 0:1
Հայտնի ճշմարտություն է, որ մարդու բախտը կարող է բերել մինչև որոշալի փուլ: Հիմա, եթե այս ճշմարտությունը վերաձևենք բուրգունդյան ակումբի վրայով, «Օսերը» գավաթային մրցավազքն անցավ առանց լուրջ բարդությունների, ու այդ ճանապարհին բարձրագույն խումբը ներկայացնող միակ մրցակից ակումբը «Գենգամն» էր: Սակայն այն, ինչ կիսաեզրափակչում իրեն թույլ տվեց «Գենգամը», եզրափակչում չկարողացավ իրեն թույլ տալ «Պարի Սեն Ժերմենը», որն ընթացիկում թե՛ չեմպիոն է դարձել, թե՛ լիգայի գավաթակիր, իսկ եթե երկու նվաճում ունես, երրորդն ինչո՞վ պիտի խանգարի: Այս ազնիվ ցանկությամբ էլ մայրաքաղաքցիները պարտության մատնեցին երկրի երբեմնի չեմպիոնին: Հավելենք, որ սա ՊՍԺ-ի պատմության մեջ երկրի իններորդ գավաթն էր: Ամենատիտղոսավորին` «Մարսելին», հասնելու համար մնաց չնվաճված ընդամենը մեկ գավաթ:

«ԱՐՍԵՆԱԼ»-«ԱՍՏՈՆ ՎԻԼԱ»` 4:0
Անգլիայի գավաթի եզրափակիչը նույնպես անակնկալներ չմատուցեց: Մարզական տխուր վիճակում գտնվող «Աստոն Վիլան» «Արսենալին» մրցակից չէր, ինչն էլ իր համոզիչ արտահայտությունը գտավ վերջնահաշվում: Նկատենք, որ քսանմեկ տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ է, որ հաղթողը նման խոշոր հաշվով է պարտության մատնում հակառակորդին: Սա Վենգերի սաների երկրորդ անընդմեջ նվաճումն էր գավաթայինում, իսկ ընդհանուր թվով` տասներկուերորդը: Մառախլապատ Ալբիոնում ավելին ոչ մեկին չի հաջողվել անել: Տեղեկացնենք, որ Անգլիայի գավաթի խաղարկությունը հնագույնն է աշխարհում: Նոր մրցաշրջանում այն կկրի «Ֆուտբոլային Էմիրեյթս ասոցիացիայի գավաթ» անվանումը («The Emirates FA Cup»): «Էմիրեյթսը» աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է, նաև` Լոնդոնի «Արսենալի» հովանավորը: Ի դեպ, նույն անվանումն է կրում նաև ակումբին պատկանող մարզադաշտը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ