Հիրավի սրընթաց զարգացումներ են համաշխարհային ֆուտբոլի էլիտայում: Չնայած ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների շեմին բեմականացված քրեական գործերին ու դրանց հետևած յոթ բարձրաստիճան անձանց կալանավորմանը, Զեպ Բլատերը հաղթում է ընտրություններում ու հինգերորդ անգամ անընդմեջ հռչակվում ՖԻՖԱ-ի նախագահ: Սույնին ավելի քան առարկայական հետևում են ՖԻՖԱ-ից անկախ աշխարհի առաջնություն կազմակերպելու խոսակցությունները, ու չորս օր անց Բլատերը հանդես է գալիս հրաժարականի ասուլիսով, որտեղ, ի մասնավորի, հայտարարում է. «Ընտրություններն ավարտվեցին, սակայն մարտահրավերները չավարտվեցին: ՖԻՖԱ-ում անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ: ՖԻՖԱ-ի կոնֆերանսի պատգամավորներն ինձ վստահեցին, սակայն բոլորը չէ, որ դա արեցին: Այդ իսկ պատճառով ես խնդրում եմ մոտակա ժամանակներս հրավիրել հատուկ կոնգրես` ինձ փոխարինող ընտրելու համար»:
Առանձնապես շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ բլատերյան անակնկալը պայմանավորված է երևան եկած անսպասելի զարգացումներով:
Ինչպիսի՞:
Այս պահին դժվար է միանշանակ պատասխանելը, որովհետև թե՛ Բլատերին հակակշռած ուժերը, թե՛ ինքը` Բլատերը, փամփշտակալում դեռ կրակելու բան ունեն, ու, որքան ինձ է թվում, դրանք պակաս պայթուցիկ չեն: Ստացվում է մոտավորապես հետևյալը` եթե նավը սուզվում է, փրկվողներ չեն լինելու:
Այս դեպքում ինչպես հասկանալ Բլատերի հրաժարակա՞նը:
Շատ հասկանալի ու շատ սովորական` պաշտոնը շատ բան է, բայց ամեն ինչ չէ:
Եվ հետո, ինչո՞ւ է թվում, թե Բլատերը հեռանում է… ընդմիշտ: Նա այդ պաշտոնին կկարգի իր «մարդուն» կամ, ծայրահեղ դեպքում, լոյալ մեկին, ու վերջնահաշվում նրա հակառակորդները ստիպված կլինեն բավարարվել հաղթանակով, սակայն ոչինչ չասող հաղթանակով, քանի որ դա կլինի պյուռոսյան:
Կարելի՞ է մտածել, թե Բլատերի հեռանալով վտանգված են ռուսաստանյան ու կատարյան աշխարհի առաջնությունները, որոնք էլ, ի դեպ, եղան ՖԻՖԱ-ի դեմ ծավալված մարտարշավի սկիզբը:
Ե՛վ այո, և՛ ոչ:
Այո` այնքանով, որ այս աշխարհի տակ ոչինչ հաստատ չէ, ոչ` այնքանով, որ ընդդիմադիրների շարքում եղած առանձին կառույցների ղեկավարներ դրական են արտահայտվել հօգուտ առաջիկա երկու առաջնությունների, և դրանց անցկացման վայրի հարցում տարաձայնություններ չունեն, իսկ անգլիացիները հայտարարել են, թե մասնակցելու են մոսկովյանին:
Իհարկե, կարող եք ասել, որ սա այսօրվա իրողության արտահայտությունն է, այսօրվա ճշմարտությունը:
Չեմ վիճում, որ ճշմարտությունը ժամանակային պայմանականություններ է ունենում, բայց մի էլ կարծեք, թե այսօրվա ճշմարտությունը բավականաչափ ուժեղ չէ վաղվա մեջ նույնպես ապրելու համար: Բլատերը փորձված գայլ է, ինտրիգների մեջ թրծված անձ: Պատահական չէ, որ, հեռանալով հանդերձ, նա իր սատելիտներով առնվազն դեռ հինգ ամիս մնալու է ՖԻՖԱ-ի ղեկին ու անակնկալ դեռ մատուցելու է մեծ ախորժակատերերին` ավելի քան թափանցիկ խոստանալով, որ, կառույցի ռեֆորմացիային զուգահեռ, դեռ շատերին անսպասելի կզարմացնի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ