Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եթե «Բարսելոնն» ինքը չի պարտվում, նրան անհնար է հաղթել

Եթե «Բարսելոնն» ինքը չի պարտվում, նրան անհնար է հաղթել
09.06.2015 | 11:13

Հունիսի 6-ն իր նշանավոր «Յուվենտուս»-«Բարսելոն» բեռլինյան դիմակայությունով արդեն անցյալ է, չեմպիոնը` հայտնի: Եվ, այդուհանդերձ, երևի ավելորդ չի լինի հիշել, թե կողմերից յուրաքանչյուրն ինչպես անցավ տարվա գլխավոր հանդիպում տարած ուղին:

ՄԻ ՔԻՉ ԱՆՑԱԾ ՈՒՂՈՒՑ
Խմբայինից դուրս գալու հարցում կատալոնյան ակումբը պրոբլեմներ չունեցավ, թեև տնային խաղում «Պարի Սեն Ժերմենին», այնուամենայնիվ, հաջողվեց «կտցահարել» նրան: Թե վերջինիս համար դա որքան էր ցավալի կամ վիրավորական, պատասխանը տրվեց մեկ քառորդում: Երկու հանդիպում, և երկու համոզիչ հաղթանակ` 3:2, 2:0 հաշիվներով: «Բարսելոնի» play-off-յան մյուս հանդիպումներին չանդրադառնանք, որովհետև եթե թիմը եզրափակչի ուղեգիր է նվաճել, պարզ է, թե դրանցում ոնց է իրեն դրսևորել:
Միանգամայն այլ գծագրում ունեցավ «Յուվենտուսի» եզրափակիչյան ուղին, որն արդեն իսկ խմբայինում կարող էր ավարտվել, եթե չլիներ «Օլիմպիակոսի» դարպասապահ Ռոբերտո Հիմենեսի կուրյոզային ինքնագոլը: Ասենք` play-off-ում էլ իտալացիների համար առանձնապես քաղցր կյանք չեղավ: Հիշենք «Մոնակոյի» հետ հանդիպումը, պատասխան խաղում նշանակված բավական կասկածելի տասնմեկմետրանոցը հօգուտ թուրինցիների: Ինչևէ: Անցյալը շատ չփորփրենք, քանզի ընդունված է ասել` հաղթողներին չեն դատում: Եվ ահա այս հանդիպումը, որտեղ ակնհայտ ֆավորիտը «Բարսելոնն» էր, և որտեղ կարող էր գործել առանձին վերցրած մեկ խաղի էֆեկտը:
Ինչու ենք սա հատկապես առանձնացնո՞ւմ: Որովհետև ընթացիկում կոսմիկական խաղ ցուցադրող «Բարսելոնին» հնարավոր է հաղթել առանձին վերցրած մեկում (կարող են «աշխատել» բազմաթիվ գործոններ), սակայն երկուսում` կներեք:

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Եվրագավաթյան play-off-ներում առավելությունը «Բարսելոնի» կողմն է: Չեմպիոնների լիգայում իտալացիները կատալոնյան արգելքը հաղթահարել են 2002-2003-ին, սակայն նույն մեկ քառորդում զիջել են 1985-1986-ին ու 1990-1991-ի եզրափակչում: Սրան հավելենք և այն, որ վերջին ինը տարում կատալոնցիները գլխավոր եզրափակչում հանդես են եկել չորս անգամ, մինչդեռ վերջին անգամ նման պատիվ թուրինցիներն ունեցել են 2002-2003 թթ. մրցաշրջանում, այն էլ` անհաջող: Սրա հետ մեկտեղ պիտի ասել, որ «Օլիմպիաշտադիոնը» բախտաբեր է եղել «ծեր սինյորայի» երկու առաջատարների` Պիռլոյի ու Բուֆոնի համար, ովքեր ազգային ընտրանու կազմում 2006-ին հենց այստեղ են դարձել աշխարհի չեմպիոն` հաղթելով Ֆրանսիայի հավաքականին: Իհարկե, Պիռլոյի ու Բուֆոնի հաճելի զգացողությունները կարևոր գործոն են, սակայն հունիսվեցյան գլխավոր խաղում «Յուվենտուսի» դեմ էր խաղալու գերազանց մարզավիճակում գտնվող «Բարսելոնն» իր Մեսի-Նեյմար-Սուարես «եռաժանիով», որն ընթացիկ մրցաշրջանում 120 գոլ է հեղինակել` դառնալով եվրոպական ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ եռյակը:


ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Այո, այո` ներկայացումը, քանզի դաշտում ծավալվածն այլ կերպ հնարավոր չէ որակել: Շիկացած կրքե՞ր` այո, փայլուն կատարումնե՞ր` այո, դարպասի գրավումնե՞ր` այո, ապշեցուցիչ սեյվե՞ր` այո, սլացիկ կոմբինացիանե՞ր` այո, անակնկալի էֆեկտնե՞ր` այո, չհաշված տասնմեկմետրանոցնե՞ր` այո, բացահայտ կոպիտ խա՞ղ` այո… Եթե ուրիշ բնութագրումներ էլ կան, իսկ դրանք հարկավ կան, լիուլի ավելացրեք ու սխալված լինելու վախ մի ունեցեք, որովհետև այդ ամենը կար Բեռլինի օլիմպիականում:
Արդեն առաջին տասը րոպեին խաղի ելքը վճռված կլիներ, հանդիպման ինտրիգը` վերջնականապես հանգած, եթե թուրք մրցավարը Ռակիտիչի գոլից հետո նշանակեր կործանարար տասնմեկմետրանոցը: Այդ չնշանակումը, ինչ խոսք, հօգուտ «Յուվենտուսի» էր, որը բարսելոնյան եռյակի կողմից էր սպասում դարպասի ռմբահարում` փոխարենը հարվածներ ստանալով այլ օղակներից: Մրցակցի հարվածի գլխավոր ուղու որոնումների մեջ էլ ողջ առաջին խաղակեսն անցկացրեց «Յուվենտուսը», ու շնորհակալ պիտի լինեն Բուֆոնին, որ երկրորդ խաղակեսը սկսվեց ընդամենը 0:1 հաշվից:
Կորցնելու այլևս ոչինչ չունենալով` երկրորդ խաղակեսում իտալացիներն անցան կատաղի գրոհի ու հաջողեցին: Սակայն ուրախությունը կարճ տևեց, քանզի, թիմին փրկելով Մեսիի հուժկու հարվածից, հեքիաթային Ջանլուիջին, ով ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկն է, չկարողացավ նույնն անել Սուարեսի պարագայում: Եթե ուշադիր եք նայել պահը, վրիպեր ուրուգվայցին, խաղընկերոջ սխալը պատրաստ էր շտկելու Ռակիտիչը:
ՈՒ դուք ուզում եք կրկնակի ապահովագրումներով խաղացող այսպիսի թիմին հաղթե՞լ:
Ինչու եմ կրկնակի ապահովագրումների այս պահն առանձնացնում: Որովհետև խաղը կազմակերպելու այս ձևն է դարձել ժամանակակից «Բարսելոնի» խաղային ձեռագիրը, ու երիցս կեցցե Լուիս Էնրիկեն: Իհարկե, յոթամսականները կշտապեն հակաճառել` ասելով, որ իմ ասածը տոտալ ֆուտբոլի մասին է, ու թե դրանում նորությունը ո՞րն է, որ սազն առած Էնրիկե ես գովում: Բարեկամներս, իհարկե, սա տոտալ ֆուտբոլն է, բայց մեկ էական տարբերությամբ: Առջևի գծում ունենալով նման հրաշալի եռյակ` յուրաքանչյուր մարզիչ կմտածեր միայն մեկ բանի մասին` փոխանցումներով սնուցել այդ եռյակին ու ապավինել բացառապես նրա գոլային հոտառությանը: Էնրիկեի նորամուծությունն այն է, որ այդ եռյակն օգտագործում է ոչ միայն նրա բուն գործառույթով, այլև նրանով կարող է քողարկել գլխավոր հարվածի ուղղությունն այն դեպքում, երբ հակառակորդը ողջ ուշքն ու միտքը կենտրոնացրել է հարվածային բռունցքի չեզոքացման վրա:
Դառնալով հանդիպման հաշվին` ասենք, որ կատալոնցիները երրորդ գոլն էլ խփեցին` օգտվելով խաղի վերջին րոպեներին պաշտպանությունը բոլորովին նոսրացրած իտալացիների սխալից, սակայն դա պարզապես հաղթական հաշվի խմբագրում էր ու ոչ ավելին: «Բարսելոնը» հինգերորդ անգամ նվաճեց գավաթը, իսկ հինգերորդ անգամը նշանակում է սեփական հարկի տակ ընդմիշտ ունենալ ակումբային ֆուտբոլի այդ գերպատվավոր տիտղոսը: ՈՒ քանի որ բանը հասավ թվերին, ասենք, որ ընթացիկ մրցաշրջանում սա կատալոնյան ակումբի երրորդ տիտղոսն էր: Առաջին երկուսն առնչվում են ներիսպանականին` չեմպիոնություն, երկրի գավաթ: Ի դեպ, ակումբի երեք տիտղոսները կարող են վերածվել հինգի, եթե «Բարսելոնը» նվաճի նաև սուպերգավաթը (օգոստոսին խաղալու է Եվրոպայի լիգայի չեմպիոնի` «Սևիլիայի» հետ), դառնա ակումբային թիմերի աշխարհի չեմպիոն (սա տարեվերջին կազմակերպվող մրցաշար է):
Նյութն ավարտելուց առաջ մի վիճակագրություն էլ հիշատակենք: Խփեր գոլ Մեսին, ում անվան դիմաց դարպասի տասը արձանագրում է ֆիքսված ընթացիկում, կդառնար Լիգայի լավագույն ռմբարկու: Չխփեց ու կոչումը զիջեց նույնքան գնդակ խփած Ռոնալդուին (ի դեպ, նրանք Չեմպիոնների լիգայում մինչ օրս խփել են 77-ական գնդակ): Սակայն սա այնքան էլ էական չէ: Լավագույնի այդ կոչումը նա դեռ կնվաճի իհարկե: Շատ ավելի կարևորն այն էր, որ բեռլինյան եզրափակչում Լեոն խուսափեց վնասվածք ստանալուց, ինչը միանգամայն ռեալ էր, քանզի իսկական որս էր նրա դեմ կազմակերպվել: Ի դեպ, դառնալով նույն վիճակագրությանը, ասենք, որ բեռլինյան եզրափակչում Մեսին միակ ֆուտբոլիստն էր, ով 33 գնդակ ավելի է խփել Չեմպիոնների լիգայում, քան մեկնարկային կազմում խաղադաշտ ելած «Յուվենտուսի» բոլոր ֆուտբոլիստները միասին:
Այսպիսի բաներ:
Իսկ Դուք ասում եք, թե Մեսին գոլ չխփեց:
Պահ, էլ ոնց կլինի, մոռանո՞ւմ եք նրա ֆանտաստիկ երկու գոլային փոխանցումը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ