Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի վիճակահանության հետևանքները

Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի վիճակահանության հետևանքները
22.03.2016 | 11:52

Աշխարհի բոլոր ժամանակների դարպասապահների դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դառնում է քսաներկու տարվա վաղեմություն ունեցող ռեկորդի տապալման հեղինակ, «Վիլյառեալը» հավաստում է, որ ներկա դրությամբ «Բարսելոնին» հաղթելը ուտոպիա է, սակայն կարելի է նրանից միավոր կորզել, «Սաուտհեմպտոնը» հաստատում է, որ ընթացքում 0:2 հաշվով պարտվելը դեռևս չի նշանակում աշխարհի ավարտ, մանչեստրյան դերբիում «Յունայթեդը» ցավոտ դաս է տալիս «Սիթիին», որքան էլ լուսատախտակին ֆիքսված 1:0-ն համեստագույն հաշվով հաղթանակների շարքից է:

ԻՍՊԱՆԻԱ
«Սպորտինգի» հետ խաղում «Աթլետիկոյի» հետ չար կատակ խաղաց Չեմպիոնների լիգայի մեկ քառորդում «Բարսելոնը» «ընծա» ստանալու լուրը՝ պարտություն 1:2 հաշվով ու «Ռեալի» համար հիանալի հնարավորություն սեփական հարկի տակ «Սևիլիային» հաղթելու դեպքում Սիմեոնեի սաներից հետ մնալը նվազագույնի հասցնելու: Շտապենք ասել, որ «արքայականը» փայլուն լուծեց առաջադրված խնդիրը (4:0)` ձեռքի հետ վրեժ լուծելով մրցաշրջանի առաջին կեսում կրած պարտության համար: Ինչ վերաբերում է «Վիլյառեալ»-«Բարսելոն» դիմակայությանը, ակնհայտորեն առաջինի ֆուտբոլիստներին քնքշորեն շոյել էր Լուիս Էնրիկեի տված գնահատականը, և նրանք ամեն ինչ արեցին մրցակցի գլխավորի տված գովասանքը գործնականի վերածելու համար: Համենայն դեպս, խաղը 0:2 հաշվով պարտության անդունդից դուրս քաշելը, այն էլ «Բարսելոնը» մրցակից ունենալու պարագայում, այնքան էլ շարքային թիմի բան չէ: Այստեղ հպանցիկ նշենք, որ հաջորդ տուրում միմյանց են բախվելու «Բարսելոնն» ու «Ռեալը», որոնց առաջին՝ մադրիդյան հանդիպումն ավարտվել է կատալոնցիների ջախջախիչ հաղթանակով՝ 4:0: Այս խաղը կայանալու է Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի հանդիպումներից առաջ (ապրիլի 2) ու անվիճելիորեն հրաշալի նվեր կլինի ֆուտբոլասերին:
Երեսուն տուրից հետո կատալոնցիներն ունեն 76, «Աթլետիկոն»՝ 67, «Ռեալը»՝ 66 միավոր, ու առաջնության արծաթի համար պայքարը շատ ավելի սուր բնույթ ստացավ:

ԱՆԳԼԻԱ
Արտագնա խաղում «Լեստերը» նվազագույն հաշվով հաղթեց «Կրիստալ Պալասին» (ընթացիկ մրցաշրջանում սա նմանատիպ հաշվով Ռանիերիի սաների տասներեքերորդ հաղթանակն էր) ու 66 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Հանուն «Բոռնմուտի» նկատմամբ հաղթանակի Եվրոպայի լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջին խաղը զոհաբերած «Տոտենհեմը» հասավ ուզածին (3:0)՝ պահպանելով «Արսենալից» ունեցած վեց միավորի կտրվածությունը: Ասում ենք` պայմանական, որովհետև 55 միավոր հավաքած «Արսենալը» (արտագնայում 2:0 հաշվով պարտության է մատնել «Էվերտոնին») հետաձգված մեկ խաղ ունի:
Բացառիկ կամային հատկանիշներ դրսևորեց «Լիվերպուլին» հյուրընկալած «Սաուտհեմպտոնը»: «Սրբերն» իսկապես փոսից հանեցին խաղը` ընթացքում 0:2 հաշվով պարտությունը վերածելով 3:2 հաշվով հաղթանակի: Եվրոպայի լիգայում տեղ գտնելու համար պայքարող «Վեստ Հեմի» հետ խաղում երկու անգամ պարտությունից խուսափեց «Չելսին»՝ սեփական հարկի տակ տեր դառնալով աշխատանքային մեկ միավորի: Իսկ ահա տուրի գլխավոր զարդը, չնայած մյուս հանդիպումների կարևորությանը, մանչեստրյան դերբին էր՝ «Սիթի» հյուրընկալող կողմով: Այստեղ հանդիպման ելքը որոշել է հյուրերի խփած միակ գոլը:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի առաջատար եռյակը շարունակում է ապրել մնացածներից անկախ կյանքով՝ տանելով հերթական պլանային հաղթանակները: «Հերտան» հետևողականորեն ապացուցում է, որ լրջորեն է թիրախ ընտրել առաջնության բրոնզե մեդալները: Բաղձալի նպատակին հասնելու հերթական քայլ էր «Ինգոլշտադտի» նկատմամբ տոնած 2:1 հաշվով հաղթանակը: Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդում «Յուվենտուսի» հետ հյուծիչ խաղից հետո «Բավարիան» ծանր հաղթանակի հասավ «Քյոլնի» նկատմամբ՝ առավելությունը ֆիքսելով նվազագույն հաշվով՝ 1:0, իսկ ահա Դորտմունդի «Բորուսիան» «Աուգսբուրգի» հետ խաղում եղավ ավելի գոլառատ՝ 3:1, նաև ի հաշիվ Հենրիխ Մխիթարյանի գոլի: Ասենք, որ հանդիպման առաջին գոլը խփել են տանտերերը: Այնպես որ, հաղթանակը կամայինների շարքից է:
«Բավարիայի» միավորները 69 են, «Բորուսիայինը»՝ 64, «Հերտայինը»՝ 48:

ԻՏԱԼԻԱ
«Բավարիայի» պատճառով Չեմպիոնների լիգայի «հոգսերից» ազատված «Յուվենտուսը» դառնացած սրտով ընկավ «Թուրինի» ջանին ու քիչ արյուն չհեղեց՝ 4:1: Չեմպիոնական մրցավազքում իր հիմնական մրցակցից աշխատեց հետ չմնալ «Նապոլին»՝ «Ջենովայի» ըմբոստությանը պատասխանելով երեք գոլով (3:1)՝ ձեռքի հետ դառնալով կամային հաղթանակի հեղինակ: Վերջին ութ խաղը բացառապես հաղթանակներով ավարտած իտալական «գայլերը» «Ինտերի» հետ մրցակցությունում բավարարվեցին մեկ միավոր վաստակելով՝ 1:1:
«Յուվենտուսն» ունի 70, «Նապոլին»՝ 67, «Ռոման»՝ 60 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
«Պարի Սեն Ժերմեն»-«Մոնակո» մրցակցությունում «մայրաքաղաքայիններն» արդեն իսկ չեմպիոնական մեդալները շահածի կարգավիճակում էին, ուստի և իրենց ամեն ինչ էլ կարող էին թույլ տալ: Այդ ամեն ինչն ավարտվեց նրանով, որ սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեցին երկրի փոխչեմպիոնության համար համառ պայքար մղող մրցակցին:
Սեփական հարկի տակ «Նանտի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը «Լիոնի» համար ավելի քան տեղին էր, որովհետև երրորդ տեղի համար հեռակա մրցավեճում «Ռենի» երիտասարդ կոլեկտիվը արտագնայում տպավորիչ հաղթանակի էր հասել «Մարսելի» նկատմամբ՝ 5:2: Սակայն այս երկուսից անկախ գործող «Նիցցան» էլ մրցաշարային հետաքրքրություններ ունի և տանը 3:0 հաշվով հաղթելով «Գազելեկ Այաչոյին»՝ նրանց դուրս մղեց երրորդ հորիզոնականից:
«Պարի Սեն Ժերմենն» ունի 77, «Մոնակոն»՝ 55, «Նիցցան»՝ 50 միավոր:

ԿԼՈՊՆ ԸՆԴԴԵՄ ԿԼՈՊԻ
Վերջում անդրադառնանք Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների վիճակահանությանը: Առաջինում զույգեր են կազմել «Բավարիան» ու «Բենֆիկան», «Բարսելոնն» ու «Աթլետիկոն» (առաջին խաղերը՝ ապրիլի 5-ին), «Վոլֆսբուրգն» ու «Ռեալը», «Պարի Սեն Ժերմենն» ու «Մանչեստր Սիթին» (առաջին խաղերը՝ ապրիլի 6-ին), երկրորդում՝ Բիլբաոյի «Աթլետիկն» ու «Սևիլիան», Դորտմունդի «Բորուսիան» ու «Լիվերպուլը», «Բրագան» ու «Շախտյորը», «Վիլյառեալն» ու «Սպարտան» (առաջին խաղերը՝ ապրիլի 7-ին): Ինչպես տեսնում ենք, երկուսում էլ հնարավոր չի եղել «խուսափել» իսպանական զույգերից, որոնք շատ են եվրոպական խաղարկություններում, սակայն պակաս հետաքրքրական չի դիտվում և «Բորուսիա»-«Լիվերպուլ» դիմակայությունը, որտեղ մրցակցող կողմերին միավորողը առաջինի նախկին ու երկրորդի ներկա գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչի «մայրաքաղաքը» իտալական Միլանն է, Եվրոպայինը՝ շվեյցարական Բազելը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ