Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռոհանին, այնուամենայնիվ, գնում է Հայաստան

Ռոհանին, այնուամենայնիվ, գնում է Հայաստան
21.12.2016 | 13:18

Իրանի նախագահի մամլո ծառայության ղեկավար Փարվիզ Իսմայիլին հաղորդել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կմեկնի Հայաստան, ապա Ղազախստան և Ղրղզստան: Իսմայիլիի խոսքով՝ մեկօրյա այցի շրջանակներում Ռոհանին կհանդիպի ՀՀ նախագահի հետ և երկկողմ կապերի խորացման բանակցություններ կվարի: Ծրագրված է համագործակցության համաձայնագրերի ստորագրում և բիզնես ֆորում: Համանման ծրագիր է Ղազախստանում ու Ղրղզստանում:


Հայաստան այցն ունի առանձնահատկություններ: Իրանի նախագահի այցը անոնսվել էր ավելի վաղ՝ սեպտեմբերին, ապա նոյեմբերին, դեկտեմբերի սկզբին: Բաքուն բացասաբար էր արձագանքում տեղեկություններին, Թեհրանը սպասում էր: Առավել ևս, որ 2013-ին նախագահ ընտրվելուց հետո Հասան Ռոհանին Հայաստան չէր այցելել, սակայն երկու անգամ եղել էր Ադրբեջանում: Վերջին անգամ՝ օգոստոսին, երբ Բաքվում կայացավ Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի նախագահների գագաթնաժողովը, որից հետո Բաքվի պաշտոնական ձայները սկսեցին բարձր դատաղություններ անել, որ «նախագահ Ալիևը փոխում է աշխարհի քարտեզը», որ «ստեղծվում է համագործակցության նոր ձևաչափ», որտեղ «Բաքուն աճող դեր ունի», իսկ «երեք երկրներին՝ ՌԴ-ին, Ադրբեջանին ու Իրանին, միավորում է գլոբալ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակում մոտեցումները համակարգելու պատրաստակամությունը», և նրանք դառնալու են «տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման աղբյուր՝ հետագայում ամրապնդելով քաղաքական կապերը»: Հիմա պարզ է դառնում, որ Բաքուն փորձում էր իր տեսակետները փոխարկել Հայաստանի նկատմամբ Իրանի վերաբերմունքի փոփոխության, իսկ Թեհրանը՝ Իսրայելի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի փոփոխության: Պատահական չէ, որ Իրանի ու Ադրբեջանի միջև տեղեկատվական վեճ էր ծավալվել՝ Բաքուն Թեհրանին մեղադրում էր հայամետ քաղաքականութան մեջ, բայց ինքն առաջինը հակաիրանական քայլ արեց:

Երբ տեղեկություն տարածվեց, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնում է Բաքու, որոշ փորձագետներ ենթադրեցին, որ «Իսրայելն ավելի շատ է հայացքը գցում մուսուլմանական երկրների կողմն ընդհանրապես ու մասնավորապես շիա մեծամասնությամբ երկրների», իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իբր պատրաստվում է «կամուրջներ կառուցել Իսրայելի ու Իրանի միջև»՝ «Ադրբեջանն իբրև տարանցիկ տարածք օգտագործելով՝ իր գազը Եվրոպա հասցնելու Թեհրանի շահագրգռության» լույսի ներքո: Թեհրանում սպասում էին, որ Ալիևը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ կամ հանդիպումից հետո կխոսի այդ մասին: Բայց Ալիևը լռեց, իսկ իսրայելցի որոշ փորձագետներ խոսեցին «ընդհանուր պատմությունից», որն իբր «ներթափանցված է ժամանակակից ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների մեջ»: Ժամանակակից Ադրբեջանն ընդհանուր պատմություն ունի Պարսկական ու Ռուսական կայսրությունների, բայց ոչ մի կերպ Իսրայելի հետ: Նեթանյահուի այցը Բաքու ժամանակագրության մեջ համարյա համընկավ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների երկարացման հետ՝ «միջուկային համաձայնագիրը խախտելու» պատրվակով, թեպետ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով դա իրականությանը չի համապատասխանում: ԱՄՆ-ի World Policy Journal-ը նշում է, որ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում հայտարարում էր, որ նախագահ Բարաք Օբամայի կնքած Իրանի միջուկային ծրագրի պայմանագիրն ընդունելի չէ և կարծում է, որ «Իրանի ուղղությամբ առաջին կրակոցը Բաքվից արեց հենց Նեթանյահուն՝ Թեհրանի հետ գործարքի գլխավոր հակառակորդը»:

Իր վերաբերմունքը նա արտահայտեց «60 րոպե» ծրագրում՝ դատողություններ անելով Իրանի մեկուսացման ծրագրերի մասին, չբացառելով նույնիսկ ուժի կիրառումը: Ամեն ինչ սկսում է պարզվել: «Ներխուժելով Իրաք և տապալելով Սադամ Հուսեյնին՝ նախագահ Ջորջ Բուշը այդ քայլը դիտարկում էր իբրև պլացդարմի ստեղծում դեպի ավելի կարևոր գործողություն՝ իշխանության փոփոխություն Իրանում, որ ավելի համեղ պատառ էր նավթային արդյունաբերության համար,- գրում է World Policy Journal-ը:- Ծրագիրը ձախողվեց: Փոխարենը Իրանի աջակցությունն ունեցող քաղաքական կուսակցությունները սկսեցին գերակայել շիա մեծամասնությամբ երկրում: Իրանը Իրաքի նավթի մեծ մուտք ստացավ՝ նավթատար կառուցելով Բասրայից դեպի իր նավթավերամշակող գործարան Աբադանում: Իրանն իրեն ենթարկելու համար Իրաքն օգտագործելու փոխարեն ԱՄՆ-ը Իրաքը բացեց Իրանի ազդեցության առաջ: Թրամփը քննադատում է այդ արդյունքը՝ հասկանալի պատճառներով»:

Ահա ինչու Նեթանյահուի Բաքու այցի մեջ Թեհրանը դիտարկում է քաղաքական չբարձրաձայնված կողմ, որը նրան մղում է գործել: Ակնհայտ է, որ Իսրայելը նոր խաղ է սկսում Իրանի դեմ՝ փորձելով ստանալ Ադրբեջանի աջակցությունը: Ընդ որում՝ Իրանը, Ռուսաստանը, հիմա նաև Թուրքիան խրված են սիրիական ճգնաժամոմ, որի բաղկացուցիչ մասն է քրդական հարցը, որի վերաբերյալ Ադրբեջանի դաշնակից Անկարայի և Իսրայելի տեսակետները տարբեր են, մինչդեռ Թուրքիայի ու Թեհրանի տեսակետները այդ ուղղությամբ շատ ընդհանրություններ ունեն: Իրանը կարող է հակախաղ սկսել՝ ի հակակշիռ Բաքվի ու Իսրայելի ալյանսի ռազմավարական հարաբերություններ հաստատել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ՝ ելնելով սեփական անվտանգությունից, այդ պատուհանով դուրս գալ ուղիղ Եվրասիական միություն, որ կարևոր է պատժամիջոցների առկայությամբ: Օբյեկտիվորեն՝ նվազագույնը դա կամրապնդի կողմերի տարածաշրջանային դիրքերը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում ստատուս քվոյի պահպանման հարցում: Երևան այցի ժամանակ Հասան Ռոհանին կարող է Ալիևին լուրջ քաղաքական անակնկալ մատուցել՝ հայտարարելով, որ պատրաստ է դադարեցնել ծավալուն նախագծերն Ադրբեջանի հետ: Նոր քաղաքական ու աշխարհաքաղաքական պայմանները Հարավային Կովկասում պահանջում են նոր լուծումներ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման իրավիճակում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ,REGNUM


Հ.Գ. Հավելեմ, որ կրոնագետ, Ադրբեջանի Ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի գիտաշխատող, փիլիսոփայության դոկտոր Աքրամ Հասանովը 1news.az-ին տված հարցազրույցում Հասան Ռոհանիի Հայաստան այցի մասին հայտարարել է, որ Իրանից Արբեջանը նման քայլ չէր սպասում: «Իրանն իրեն համարում է մուսուլմանական երկիր, բայց այդ երկրի նախագահը այցելում է մի երկիր, որը օկուպացրել է մեկ այլ մուսուլմանական պետության հողերը, որը կործանում է զավթած հողերում պատմության ու մշակույթի արժեքավոր հուշարձանները, պղծում է մզկիթներն ու սրբավայրերը: Այդ պատճառով մենք կտրականապես դատապարտում ենք այդ այցը, համարում ենք անընդունելի ու անթույլատրելի: Մենք անթույլատրելի ենք համարում Հայաստանի հետ Իրանի քաղաքական-տնտեսական կապերի հաստատումը: Մենք այդ քայլը սխալ ենք համարում: Իրանը քանիցս հայտարարել է, որ կողմ է Ադրբեջանին օկուպացված տարածքների վերադարձին: Բայց դա միայն խոսքով: Այդ դիրքորոշման հաստատումը գործնականում մենք չենք տեսնում, և դա մեզ շատ է անհանգստացնում: Եթե դատենք կրոնի տեսակետից՝ մուսուլմանական համերաշխության, իսլամը ուղղահավատ մուսուլմաններին սովորեցնում է միմյանց օգնել ու աջակցել: Ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանն աջակցեցին մուսուլմանական բոլոր երկրները: Նույնը մենք սպասում էինք Իրանից: Եթե Իրանն իրոք մուսուլմանական համերաշխության սկզբունքներն է դավանում, պարտավոր է հրաժարվել Հայաստանի հետ բոլոր հարաբերություններից, պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ: Իբրև հաստատում իր հայտարարած դիրքորոշման՝ մենք Թեհրանից սպասում ենք հարաբերությունների խզում Հայաստանի հետ»:


Համարեք սա Ադրբեջանի պաշտոնական տեսակետը: Վստահ եմ՝ իմաստ չունի փիլիսոփայության դոկտորի տեսակետները քննարկել՝ ցնդաբանությունը մնում է ցնդաբանություն նաև դոկտորի շուրթերից:
Իսկ Հասան Ռոհանին այսօր գալիս է Երևան, և հաստատ նրա այցի մեջ կա Նեթանյահուի Բաքու այցի պատասխանը: Մնում է օգտվել ստեղծված պատեհությունից: Հնարավորինս շատ ու առանց աջ ու ահյակ նայելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ