Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դուռ

Դուռ
09.01.2017 | 23:25

Աշխարհը քո տունը չէ: ՈՒ եթե տուն չունես, դու անտուն ես:

Աշխարհում բազմաթիվ դռներ կան:
Իմ աշխարհում բազմաթիվ դռներ կան:
Եվ մեկ դուռ:
Անդուռ տունը նման է լաբիրինթոսի:


Եթե հնամաշ թերթերով են ծածկվում դռները, ներսում արվեստագետ է ապրում, կամ դրսում ցուրտ է: Ամենուր դռներ են. տանը ու տնից դուրս: Աշխարհը բաժանել ենք դռներով: Մենք մեզ իրարից բաժանել ենք դռներով: Դռները օրերի մատնահետքերն են:
Փակ դուռը նման է վերջին գնացքին, վերջին փամփուշտին, աշխարհի վերջին, օդի վերջին պղպջակին:


Դռները պարզապես չեն բացվում ու փակվում: Դռներն անհաշիվ պատմություններ ունեն: Ապրած վայրկյաններն անցնում են բացվող-փակվող դռների միջով` անհամբեր, կոպիտ, վստահ, սովոր շարժումով: Դուռը հայելի է, ուր շրջում են քաղաքի պատկերները:
Հայելիներ չկան միայն մեռած տներում (տան գոնե մի անկյունում ինքդ քեզ չտեսնելն անթույլատրելի է):


Անդուռ են միայն գետնանցումները: Դրանք նման են քաղաքային լաբիրինթոսի: Մի գետնանցումում (վերանորոգված) բրենդային խանութների սրահներն են` հագուստի նոր ու հին` զեղչված տեսականիով, մյուսում (անտերության մատնված)` ակորդեոն նվագող երաժիշտը` կրկնվող երգացանկով: Ես նայում եմ նրան այնպես, ինչպես անցումի պատերի գրություններին, որոնք միշտ նույն տեղում են: Գիտեմ, թե որ գրառմանը որն է հաջորդում: Եթե մի օր դրանք չլինեն, կմնան դրանց ստվերները` արդեն գոյություն չունեցող գետնանցումներում շարված հնամաշ գրքերի ստվերների նման: Նրանք մշտակա բնակիչներն են այն քաղաքի, որի դռները բացվում-փակվում են մետրոյի գնացքի պես: Անվերջ այդ պտույտի մեջ ոչ ոք դրսում չի մնա մինչև կեսգիշեր:

Լուսադեմի գնացքը քեզ կտանի:
Ակորդեոնահարը նայում է ինձ այնպես, ինչպես բոլոր անցորդներին:
Քաղաքը միշտ քեզ հետ է:


Աշխարհում բազաթիվ դռներ կան:
Բոլոր դռների մասին այս պատմությունը անցնում է մեկ դռան միջով:
Իմ աշխարհում բազմաթիվ դռներ կան:
Եվ մեկ դուռ:

Հարցնում եմ` չի՞ խանգարում անցումի գարշահոտը ձեր առևտրին: Ասում է` չէ, քեզ խանգարո՞ւմ է: Ամաչում եմ ասել, որ ես էլ իմ գործն եմ անում:


Տուն եմ հասնում կեսգիշերից էլ ուշ, և «ինչո՞ւ ուշացար» հարցիդ պատասխանի փոխարեն ուղարկում եմ ռեպորտաժը քաղաքի լռության մասին, որ տպագրության չեմ հանձնելու: Դու դեղինով նշում ես այն տողերն ու բառերը, որ քո կարծիքով` ավելորդ են: Երբեք չեմ վիճում ավելորդ բառերի համար, որ խանգարում են լռությանը: Բոլոր վատնված բառերի փոխարեն մի օր կփակենք դուռը:

Անտարբեր հետաքրքրությամբ նայում եմ պատուհանից դուրս, այնպես, ինչպես ասուլիսի ժամանակ նորություններն եմ լսում: Ինչ-որ մեկը մոտենում է մեր սեղանին, խոսում է գրքերի մասին, հարցնում` կարդացածս վերջին գրքի մասին, հետո հիշեցնում է, որ լրագրողներն օրվա ստրուկներն են: Ես մտածում եմ, որ եթե սեր չունենաս, ոչինչ ես: Նա ասում է, որ «տարվա հայտնություն» մրցանակին արժանացած միակ գրողն է, որին ոչ ոք չի ճանաչում: Որովհետև «գիրք կարդալը նորաձև չէ»: Չի ասում`պատասխանն ինքս եմ գտնում` համացանցում փնտրել-կարդալով «տարվա հայտնության» գրվածքները: Լրագրողներն օրվա ստրուկներն են: Անավարտ հոդվածս ու ֆեյսբուքի զրուցարանը բացում եմ միաժամանակ: Եթե սեր չունենամ, ոչինչ եմ:

«Ընտրեք դուռը և մենք կպատմենք Ձեր մասին»: Հոգեբանական թեստում պատկերված գույնզգույն դռներից ոչ մեկը չեմ կարողանում ընտրել:
Փնտրում, բայց չեմ գտնում տատիս դուռը, որ միշտ կրնկի վրա բաց էր, բայց ոչ ոք ներս չէր մտնում առանց տատիս կանչելու:
Կողոպտիչները սիրում են փակ դռներ:
Մանկությունս բակում նստած նայում է տատիս տանող թափորին: Թափորը, բակում` ծորակի մոտ շարված մեծ-մեծ կաթսաների պես անտեր է թվում` առանց տատի:


Աշխարհի ամենահին դուռը ամենաառաջին դուռն է: Ամենաապահով դռան վրա տարատեսակ գաղտնաբառեր կան, որոնք կոտրելը տեսականորեն անհնար է: Ամենածանր դուռը կշռում է 321,4տոննա: Ամենասարսափելի դուռը փակ դուռն է, հատկապես` օրվա վերջում: Ամենափակ դռան մի կողմում` ներսում, շնչառությունն է: Մյուս կողմում` դրսում` ոտնաձայներ: Միայն դուռը գիտե մեկի շնչառության, մյուսի հեռացող քայլերի մասին:
Իմ աշխարհում բազմաթիվ դռներ կան:
Եվ մեկ դուռ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 179701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ