Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երրորդ պատերազմը

Երրորդ պատերազմը
11.07.2017 | 00:46

Մեկ տարի անց ապրիլյան քառօրյան սկսել են պատերազմ չանվանել, գերադասում են այլ եզրեր, հիմնավորումը՝ չորս օրը պատերազմ չէ: Սխալ է, կարճատև են արդի պատերազմները: Իսրայելը արաբական աշխարհի հետ վեցօրյա պատերազմում ներկա պետությունը ստեղծեց: Ի՞նչ էր հուլիսի 4-ը: Կանխված պատերա՞զմ, թե՞ հերթական սադրանք: Պատերազմ էր՝ տեղեկատվական: Բաքուն համաշխարհային աղմուկ բարձրացրեց սպանված Զահրա Գուլիևայի և Սահիբա Ալլահվերդիևայի համար, որ ապացուցի՝ հայերն ագրեսոր են ու վտանգավոր: Աղմուկը ստացվեց, արդյունքը՝ ոչ: Հայտարարություններ արեցին միջազգային բոլոր կառույցները, երբեմն՝ կրկնակի: Բոլորը բացառեցին ռազմական լուծումը՝ կոչելով դադարեցնել ռազմական գործողությունները: Դա չէր Բաքվի նպատակը: Ավելին՝ նույն օրերին ՌԴ ԱԳՆ-ն որոշեց Բաքվից պահանջել դադարեցնել հայկական ազգանունով ՌԴ քաղաքացիների հալածանքը: Սա դիվանագիտական լեզվով նշանակում էր՝ ոչ:

Ապրիլը ձեզ հերիք էր: Թեպետ մինչ այդ ռուս փորձագետները վերսկսել էին Ղարաբաղի հարցի ռազմական լուծման տարբերակներ շրջանառել՝ բացառելով այլ լուծում: Դա ադրբեջանական տեսակետն է՝ նրանք են փորձում շրջել իրավիճակը և դուրս գալ դիվանագիտական փակուղուց: Բաքուն չի ընդունում Վիեննայի օրակարգը, որը ստատուս քվոյի որոշակի ճանաչում է հետաքննության մեխանիզմների տեղակայմամբ, պահանջում է հայկական զորքի դուրսբերում ու իր տարածքային ամբողջականության պահպանում: Հայաստանը պնդում է հրադադարի վերահսկողության մեխանիզմների տեղակայումն ու Արցախի կարգավիճակի ճանաչումը: Տարիներով Բաքուն վարում էր նախապայմանային բանակցություններ, վերջապես Հայաստանն էլ նախապայման դրեց: Բաքուն համոզվեց, որ պատերազմն արգելված է, հաջորդ քայլը կարող է լինել կա՛մ ԼՂ կարգավիճակի ճանաչումը, կա՛մ բանակցությունների սառեցումը՝ մինչև նոր սկզբունքներ: Բաքվին հուսադրող ոչինչ չհնչեց հուլիսի 4-ին հաջորդած հայտարարություններում, ավելին՝ անկախ լրատվամիջոցներն արձանագրեցին, որ Ադրբեջանը բնակավայրերում է տեղակայում մարտական դիրքերը և արգելում է բնակչությանը հեռանալ, իսկ դա միջազգային կոնվենցիաների խախտում է: Արձանագրելն արձանագրում են, բայց ի՞նչ է հետևում: Կսահմանվե՞ն պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ գործնականում ահաբեկչություն ձեռնարկելու համար ոչ միայն հայկական երկու պետությունների, այլև իր անզեն բնակչության դեմ՝ նրանց դարձնելով թնդանոթի միս: Գրեթե անհնար է պարզել՝ սեփակա՞ն թնդանոթների, թե՞ հակառակորդի:

Ի վերջո,՝ տասնամյակներով Բաքուն կրակում է ու սպանում ոչ միայն զինվորների, այլև՝ քաղաքացիական բնակչության սահմանի այս կողմում՝ վերադառնում է բումերանգը: ՈՒ աշխարհը դա հասկանում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ադրբեջանը մեծ հույսեր ուներ, որ Համբուրգում G20-ի շրջանակներում թոփ թեմա կդառնա Զահրա Գուլիևայի և Սահիբա Ալլահվերդիևայի մահը` գոնե երկկողմ հանդիպումների մակարդակով, ու գուցե մեկը դատապարտող խոսք կասի: Քննարկում չեղավ, հրապարակավ ոչինչ չասաց նաև Էրդողանը, թեպետ Թուրքիայի ԱԳՆ-ն ադրբեջանապաշտ հայտարարություն էր տարածել: Ալիևը Էրդողանին դա չի ների: Մենք սովորաբար պատերազմը հասկանում ենք ռազմական գործողությունների մակարդակում միայն: Իրականում հրադադարից հետո պատերազմը ոչ մի օր չի դադարել՝ եղել է դիվանագիտական, տեղեկատվական ու ապատեղեկատվական, քաղաքական ու տնտեսական: Հիբրիդային այս պատերազմում մենք չենք կարող այլևս փափուկ ուժին ապավինել, Բաքուն դա համարում է թուլության նշան ու ավելի հանդուգն է դառնում: Եվս մեկ միջազգային սկանդալի կենտրոնում հայտնվելով՝ Բաքուն նորից է կրակելու: Դա նրա համար հին կովկասյան ավանդույթ է, ո՞րն է մեր ավանդույթը: Սպասել աշխարհը վճռի՞:

Դիտվել է՝ 4796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ