Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ազգային արժեքների վաճառքը աղքատության վերջին ցուցիչն է

Ազգային արժեքների վաճառքը աղքատության վերջին ցուցիչն է
14.07.2017 | 09:32

Կարդացի «Իրատեսի» 2017 թ. հունիսի 30-ի համարում զետեղված «Տեսնում եմ ոչ միայն իմ, այլև Ձեր և ողջ հասարակության մեղքը» հարցազրույցը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ և ցանկանում եմ իմ` հայ կոմունիստիս մտահոգությունները կիսել պետության գլխավոր արդարադատի հետ: Հարցազրույցում նախարարի պատասխանը հավաստի էր և տեղին, մեջբերեմ. «Որովհետև բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ արդարությունը կայանա: Երբ յուրաքանչյուրը մտածում է, որ իր համար օրենքը պարտադիր չէ, բայց մյուսի համար պարտադիր է, այ, այստեղ է հիմնական խնդիրը»:

Հարգելի ընթերցող, սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ արդարադատության նախարարը իր գիտակցական մակարդակով ոչ միայն բարձր է կանգնած մեր այսօրվա պետական չինովնիկներից, այլև համապատասխանում է միջազգային գործչին ներկայացվող բարձր նորմերի պահանջներին: Իրավիճակից դուրս գալու ուղին նախարարը տեսնում է լրագրողի հարցին չպատասխանելու և էթիկապես կրթվելու հորդոր անելու մեջ. մեջբերեմ` կրթվել, կրթվել և էլի կրթվել: Հարգելի արդարադատության նախարար, էթիկական դաստիարակության Ձեր հորդորն ընդունելի է, բայց այսօր այն առաջնահերթություն չէ, ոչ էլ հրատապ կենսական պահանջ: Գուցե դուք հուշեք` իրավաբանական ո՞ր «կանալներով» երկրից թալանված 30 միլիարդ դրամը հետ բերենք ու ներդնենք տնտեսության մեջ, միաժամանակ փակելով 6 միլիարդ դոլարի արտաքին պարտքը: Ձեր նախորդը` Արփինե Հովհաննիսյանը, ներկայիս Ազգային ժողովի փոխնախագահը, այս լրջագույն խնդիրը երկու տարի ուսումնասիրելուց հետո եզրակացրեց, որ սահմանադրական նորմ է` օրենքը հետադարձ ուժ չունի, թալանչիները կարող են հանգիստ վայելել գողոնը: Սակայն ո՞րն է տարբերությունը, պարոն գլխավոր արդարադատ, եթե 1915 թ. թուրք բռնակալը ծեծելով սպանել է Վանեցյան ընտանիքի անդամներին, խլելով նրանցից ոսկիներն ու անասունները, իսկ 1996 թվականին անկախ Հայաստանում կոլեկտիվ տնտեսությանը պատկանող անասունները, գույքը խլում են ժողովրդից և, մասնավորեցման անվան տակ, նվիրում ցանկալի մարդուն` ի տնօրինում: «Խավարի տիրակալի» արհեստավարժ տղերքը, մանկապարտեզի երեխաների պես միմյանց հրմշտելով, գործարան գործարանի հետևից թալանեցին: Իրավական դաշտում եկեք քննարկենք` ո՞րն է թուրք բռնակալի և անկախ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության տարբերությունը։

«Քաղաքականություն», որն այսօր թանձր մառախուղի պես նստել է հոգնած, ամեն ինչից հիասթափված հայ ժողովրդի ուսերին։ Որտե՞ղ է ձեր` պետական այրերի մարդկային խիղճը, ինչպես Ալեքսանդր Շիրվանզադեն իր հերոսի բերանով էր ասում. «Խիղճդ հանձնել ես Սադայելին, հոգիդ դրել ես գրպանդ»:
1995-96 թթ. պետականորեն օրինականացվեց և դրվեց թալանի հիմքը` հեռախոսակապի, կոնյակի գործարանի և ազգային ավիացիայի մասնավորեցմամբ: Եթե հայ հասարակությունը սեղմեր ատամները և տեր կանգներ իրեն պատկանող արժեքներին, անօրեն իշխանավորների տռզած այտերին հասցներ իր շառաչուն ապտակը, այսօր ժողովուրդը կապրեր իր երազած Հայաստանում, չէր լինի արտագաղթ, կկայունանար տնտեսությունը, հայը աշխատանք կունենար, չէր լքի երկիրը և չէր դառնա տարաշխարհիկ գնչու: Զարմանալի նմանություն կա միմյանց հաջորդող մեր պետական այրերի գործունեության ու մտածելակերպի միջև: 1990 թվականին ՀՀՇ-ականները հպարտանում էին, թե ջերմուկ վաճառելով հզոր Հայաստան պիտի կառուցեն, այսօրվա կառավարությունը հույսը կապում է տուրիզմի հետ և աճուրդի է հանել կոմունիստների ստեղծած վերջին 47 ձեռնարկությունները: Ազգային արժեքների վաճառքը աղքատության վերջին ցուցիչն է: ԽՍՀՄ-ի փլուզումից անցել է քառորդ դարից ավելի, իսկ մեր պետական այրերն այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ առանց արդյունաբերության զարգացման երկիրը չի կարող գոյատևել, այլ երկրների արտադրանքի ներկրումը սեփական երկրի կործանում է: Տնտեսագետների պնդմամբ` վերջին 9 տարիներին 7,9 միլիարդ դոլարի արտահոսք է եղել երկրից, և պատահական չէ, որ մարդիկ Հայաստանը չեն համարում ապահով երկիր, օտարերկրյա ներդրողներն էլ չեն գալիս Հայաստան:


Պարոն գլխավոր արդարադատ, Հայաստանի բնակչության 95 տոկոսը հայտնվել է դատարանների անօրինական խարդավանքների որոգայթներում, իսկ պետական չինովնիկները խրվել են կոռուպցիայի և կաշառակերության մեջ:
Քառորդ դարից ավելի է` մեր հողում մեզ հաջողությունների մղող դարավոր թրծվածքի բանալին չենք գտնում: Ի՞նչ պետություն ենք կառուցել, վերջապես ո՞րն է հայ տեսակին բնորոշ աշխարհընկալման պետական մոդելը:
Ոչ ոք չի կարող ժխտել, որ անկախության տարիներին մենք ազգովին բնաջնջեցինք արդարությունը, երբ այն նոր էր ծիլ տվել իր սաղմնային շապիկի մեջ: Այսօր օգտվում ենք դրա «բարիքներից»:


Միտքս ավարտում եմ Գարեգին Նժդեհի թևավոր խոսքով. «Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև, հաղթական երկիր դառնալ չի կարող»:


Գեղամ ԳԱԼՍՏՅԱՆ
Հայ կոմունիստ

Դիտվել է՝ 6418

Մեկնաբանություններ