Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արալեզների ժամանակը

Արալեզների ժամանակը
09.01.2018 | 08:18

Դուք սիրու՞մ եք առասպելներ: Մի դիմադրեք, եթե ձեր ներքին ձայնը, ինչ-որ տեղ` շատ խորքից, ասում է` «Այո՛», բայց բանականությունը քմծիծաղում է` «Ոչ: 21-րդ դարում ի՞նչ առասպելներ»: Դարը կապ չունի, առասպելները ժամանակինն են, իսկ ժամանակի առաջին որակը վերժամանակյա լինելն է: ՈՒ հիմա սկսվել է արալեզների ժամանակը: Ովքե՞ր են նրանք: Շներ, պարզապես շներ: Որ կոչված էին բուժել վերքերը: Բայց չբուժեցին: Խելոք գիտնականներն ասում են, որ «Արա Գեղեցիկ և Շամիրամը» հայ ժողովրդական ավանդազրույց է, ձևավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, հիշեցնում է Օզիրիսի և Իզիդայի, Թամուզի և Իշտարի, Ադոնիսի և Աֆրոդիտեի առասպելները։ 5-րդ դարում առասպելը գրի է առել Մովսես Խորենացին: Արան հայոց արքա էր Հայկի սերնդից, Արամի որդին և, ինչպես հայոց բոլոր արքաները, կռվում էր թշնամիների դեմ: Խելոք գիտնականներն ասում են, որ նա մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները` մեռնող և հառնող աստծո, բնության զարթոնքի, ընտանեկան առաքինության և ողջամտության։ Գուցե: Մովսես Խորենացին Շամիրամին չի սիրել ու անվանել է «վավաշոտն ու բորբորիտն», մեղմ ասած` անառակ: Գուցե այն պատճառով, որ Շամիրամը ոչ միայն սիրահարվել է Արա Գեղեցիկին, այլև պատերազմել նրա հետ ու սպանել: Պատերազմում հայոց բանակը գլխավորող արքա Արա Գեղեցիկը մահացու վիրավորվել ու գերի է ընկել Շամիրամին: Ասորեստանի թագուհին իր արալեզներին հրամայել է ապաքինել արքային ու վերադարձնել: Պատմահայրը չի հավատում թագուհուն ու ասում է` սպանված Արայի փոխարեն իր սիրեկաններից մեկին Արայի նման զարդարելով ներկայացրել է Արայի տեղը` հայոց բանակը խաղաղեցնելու համար: Գուցե: Շամիրամը կարող էր այդպես վարվել, արքան ինչու՞ էր գերի ընկնում: Թեկուզ վիրավոր, որտե՞ղ էր նրա թիկնազորը: Բայց դա միակ մութ կետը չէ առասպելում, պարզվում է` Արան սիրել է Շամիրամին ու ոչ միայն առասպելական սիրով` Շամիրամը որդի է ունեցել: Խելոք գիտնականներն ասում են, որ Խորենացու հիշատակած Արա Գեղեցիկի որդի Կարդոսը Արա Գեղեցիկի և Շամիրամի որդին է, որ մոր սպանությունից հետո մեծացել է հայոց արքունիքում: Փաստորեն` արալեզներն ինչ-որ արդյունք, այնուամենայնիվ, ունեցել են: Սերն ու քաղաքականությունը ծնում են որդի, ճիշտ է` հաջորդ գահակալը Արայի ու Նուարդի որդին է եղել: Պատմությունը Կարդոսի մասին լռում է, ինչպես` արալեզների: Բայց նրանք եղել են:
Նրանց, որ որոշել են նոր տարում նոր կյանք սկսել` չապավինելով արալեզներին, ասեմ` սկզբի համար երազեք առանց սահմանների: Իրական նպատակները ծնվում են երազանքներից: Հետո դասդասեք նպատակները ու սկսեք հասանելիներից: Ցանկացած փոփոխության ժամանակ է պետք, պատրաստ եղեք խոչընդոտներին` ամեն ինչ ձեր ծրագրածի պես չի լինելու, բայց դա չի նշանակում, որ պետք է նահանջեք: Փոփոխությանը հասնելուց հետո ապրեք նոր կյանքով` նոր խաղը նոր կանոններով պետք է խաղալ: Մի կիսեք կյանքը սևագրի և մաքրագրի` արալեզները ձեզ չեն օգնի մաքրագրել սևագիրը:


Նրանց, որ նոր կյանքը պատկերացնում են միայն քաղաքական, ասեմ` Հայաստանը խորհրդարանական կառավարման կանցնի 2018-ի փետրվարից: Նոր Սահմանադրության համաձայն՝ փետրվարի 19-28-ին առաջադրվելու են ՀՀ նախագահի թեկնածուներ: Մարտի առաջին 10-օրյակում ԱԺ-ն ընտրելու է ՀՀ 4-րդ նախագահին, որ լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին, երբ ավարտվի գործող նախագահի ժամկետը: Այդ օրը կառավարությունը հրաժարական կտա: Ապրիլի 9-16-ին ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն 15-րդ վարչապետի իրենց թեկնածուներին՝ նոր կառավարություն ձևավորելու համար: Թեկնածուներին առաջադրելուց հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, նրան նշանակելու է նախագահը: Նոր վարչապետը 5 օրում առաջադրելու է փոխվարչապետների, նախարարների թեկնածուներին, նախագահը նրանց նշանակելու է 3 օրում: Պատկերացնու՞մ եք` ինչ արագություն է քաղաքական կյանքը հավաքելու գարնանը: Եվ ամեն ինչ սկսվելու է նախագահից: Ահա այստեղ սահմանադրական առասպելն ավարտվում է ու սկսվում է սովորական հայկական առօրյան, որտեղ չեն լինում նորություններ:

ՀՀԿ-ի պատճառով: Քաղաքական մեծամասնության բնածին պահպանողականության: Բայց ոչ միայն նրա` ժողովրդի մեծամասնության հակվածության խստիվ առտնին հոգեբանությանը` նաղդը թողած նիսյայի հետևից չընկնելու սովորույթի, որ քաղաքական բառապաշարով ավելի քաղաքակիրթ ձևակերպում ունի` ընտրակաշառք: Ճիշտ է` դա քրեական հոդված է, բայց պակաս վճռորոշ հարց չէ` ովքեր են դատավորնե՞րը: Չկան արալեզներ: Եթե կան, մոռացել են առաքելությունը: Կամ` փոխել են: Նրանք ապաքինում են միայն իշխանության «վերքերը»: Մեզ կարդոսներ պետք չեն: Իսկ սովորական հայկական առօրյան ՀՀ նախագահի շատ քիչ թեկնածուների անուններ է տալիս` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյան, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, փակագծի մեջ` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյան: Ինչու փակագծի՞: Առավել քան մեծ է կասկածը, որ ՀՎԿ դարձած ՕԵԿ-ի նախագահը ինքն իրեն է տեսնում ՀՀ նախագահ և իրենից բացի այդ «տեսլականը» այլոց չի մոլորեցնում:


Առայժմ կա նախագահի թեկնածուի մեկ առաջադրում: «Ելքինը»` Արտակ Զեյնալյան: Խորիմաստ Սահմանադրությունը ունի նույնքան խորիմաստ արգելքներ` որ «Ելքի» թեկնածու Արտակ Զեյնալյանը նախագահի թեկնածու առաջադրվի, անհրաժեշտ է ԱԺ-ի առնվազն 1/4-ի՝ 27 պատգամավորի ստորագրություն: «Ելքն» ունի 9 պատգամավոր: Առաջնորդվելով դասական խորհրդարանական տրամաբանությամբ` «Ելքը» դիմել է ինքն իրեն ընդդիմադիր անվանող և 31 մանդատ ունեցող «Ծառուկյան» խմբակցությանը՝ առաջարկելով Արտակ Զեյնալյանի թեկնածության առաջադրման հարցով խորհրդակցություն անցկացնել: «Ծառուկյան» դաշինքը հարցը չի քննարկում: Գագիկ Ծառուկյանը հընթացս հայտարարել է, որ իրենք նախագահի թեկնածու չեն առաջադրելու, բայց դա հարցի պատասխան չէ` «Ելքը» չի առաջարկում թեկնածու առաջադրել, առաջարկում է իր թեկնածուին պաշտպանել: Սա գուցե նուրբ տարբերություն է, որ ԲՀԿ-ն գերադասում է «չհասկանալ»: Փակագծում նաև ասվում է, որ Գագիկ Ծառուկյանը որոշում ունի` «Ինչպես նախագահը կասի», բայց քանի դեռ նախագահը չի ասում, Գագիկ Ծառուկյանը իր որոշումը հրապարակել չի կարող: Ինչու՞ փակագծում: Հայաստանում բոլոր որոշումներն ընդունվում են հենց փակագծերի մեջ, հետո են դառնում հրամանագիր: Դա երրորդ հանրապետության չգրված օրենքն է, որ քննարկման ենթակա չէ:


Ծանր է Գագիկ Ծառուկյանի վիճակը` նախ պետք է բացատրի` ինչու՞ ընդդիմադիր դաշինքը (որ դաշինքն ընդդիմադիր է, հաստատեց 2018-ի բյուջեի նախագծի քննարկումն ու քվեարկությունը) չի աջակցում ընդդիմադիր դաշինքի թեկնածուին: Հոդաբաշխ բացատրություն է պետք: Քաղաքական: Թեպետ ամեն ինչ պարզ է ու հարց չկա: Առավել քան բարդ է լինելու դաշինքի համար հաջորդ հարցը` մնա՞լ ձևական ընդդիմություն, թե՞ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել: Օրինակ` ինչպե՞ս է ԲՀԿ-ն կոալիցիա մտնելու, եթե վարչապետ մնա Կարեն Կարապետյանը: Մինչև հիմա ԲՀԿ-ի պատմական դերը եղել է խորհրդարանական մեծամասնություն դառնալը, որ միշտ ձախողել է, իսկ հետո` վարչապետ փոխելը, որ իրականացրել է հաջողությամբ (նույնիսկ նախորդ խորհրդարանում ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը» միանալով): Բայց հաջողությունները եղել են պայմանական` վարչապետ դարձել է կամ ՀՀԿ-ականը, կամ անկուսակցականը, որ հետո դարձել է ՀՀԿ-ական: Ի՞նչ է շահել ԲՀԿ-ն: Եթե նույնիսկ ոչ Գագիկ Ծառուկյանը, շարքային ԲՀԿ-ականները չեն կարող այս հարցը իրենց չտալ: Քանի որ «շահումը» Հայաստանում ընկալվում է պաշտոն, նրանք կողմ են լինելու ՀՀԿ-ի հետ կոալիցիային: Այլ հարց է, թե հիմա ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք ԲՀԿ-ն, որ սովորաբար մարտի դաշտ է դուրս գալիս միայն ընտրությունների ժամանակ` ՀՀԿ-ի թիկունքը պահելու պարտականությամբ:


Այլ հարցեր էլ կան: Օրինակ` 2018-ից հետո նոր վարչապետը քանի՞ փոխվարչապետ կունենա: Սահմանադրությամբ` մինչև 3, իսկ իրականու՞մ: ՀՅԴ-ն արդեն նշանակել է «իր» փոխվարչապետին: ԲՀԿ-ն` «իր» անունները կարևոր չեն: Կարևորը իշխանական կարկանդակի «սեփական» մասը ուրիշին չզիջելն է: Արալեզներին ո՞վ է հիմա հավատում: Մեր ժամանակներում ամենահզոր արալեզն իշխանական լծակն է` ունե՞ս` առողջ ես, չունե՞ս` չես բուժվի: Փաստացի` ստացվում է հայ իրականության համար դասական կոալիցիա` ՀՀԿ (անխախտ քաղաքական մեծամասնություն, որ փոխանցվում է ժառանգաբար` հայրերից որդիներին ու դուստրերին, երբեմն էլ սիրուհիներին), ԲՀԿ (պայմանական ընդդիմություն, որ ժողովրդի մեջ տեղը պահում է «բարեգործություններով», իսկ քաղաքական ասպարեզում, որ երբեմն վերածվում է կրկեսի, ըստ պահի անհրաժեշտության), ՀՅԴ (ամենաբարդը ՀՅԴ-ի վիճակն է, որ վաղուց իր տեսակետներով չի տարբերվում ՀՀԿ-ից, երբեմն միայն ստիպված է նախապես համաձայնեցված` ինչ-որ հակառակ պնդում անել` դեմքը պահելու համար) ձևաչափով: Նմա՞ն է ազգային համաձայնության կառավարության: Լիովին: Բոլոր համաձայնությունները Հայաստանում պահի արդյունք ու հետևանք են: Ազգը կապ չունի, կարևորն անվանումն է: Այս դասավորությամբ` ընդդիմադիր մնում է (ինչպես և եղել է) միայն «Ելքը», որ տրամաբանորեն կարող է ստանալ ԱԺ փոխնախագահի պաշտոն (Միքայել Մելքումյանի բախտը նորից չի բերի, կամ չի բերի ինչ-որ նախարարության բախտը): Բայց «Ելքի» ինչի՞ն է պետք 1/4 մասով նիստ վարողի գործը` առանց խորհրդարանի որոշումների վրա ազդելու հնարավորության:


Նոր կառավարությունը պետք է ձևավորված լինի մայիսի 10-ին` սա վերջնաժամկետն է, հետո ոմանք կհավաքեն իրերը, ոմանց աշխատասենյակների ցուցանակները չեն փոխվի: Ովքեր կհանձնվեն արալեզների՞ն: Դատելով Կարեն Կարապետյանի կառավարության տարեվերջյան խրոխտ ցուցանիշներից, որ դրվատել է անձամբ Սերժ Սարգսյանը, բոլորը պետք է մնան ու շարունակեն ի փառս հայրենիքի ծառայությունը: Բայց այդպես չի լինում կյանքում: Կառավարման մոդելի փոփոխությունը պարտադրելու է իր կանոնները անցումային շրջանի կառավարությանը` բերելով կադրային, գուցե կառուցվածքային փոփոխություններ: Ի վերջո` որքան էլ տպավորիչ են կառավարության գործունեության ցուցանիշները, հակառակ պատկերն է Հանրապետության հրապարակից դուրս` կյանքի որակի փոփոխությունն է կառավարության աշխատանքի գնահատման իրական չափանիշը: Թանկացումները հավելած` խիստ կասկածելի են դառնում ձեռքբերումները: Չի բացառվում, որ հարևան Իրանի օրինակով թանկացումները մարդկանց փողոց դուրս բերեն` շատ անհարկի պահի: Այնպես որ արալեզներ պետք են բոլորին ու միշտ: Արալեզների ժամանակը չի ավարտվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հարցերի հարցը մնա՞ց: Ո՞վ է լինելու ՀՀ վարչապետը: Հավանական թեկնածուները` Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, Վիգեն Սարգսյան: Միանշանակ ՀՀԿ-ական, ուրեմն քաղաքականության և սիրո միջև Հայաստանում ընտրություն չի լինելու: Նրանք սիրելու են քաղաքականությունը, իսկ հայրենիքը սիրելը մնալու է մեզ: Կամ` 4 միլիոնին, որ 2040-ին պիտի Հայաստանում ապրեն: 12 տարի հետո` նորից Շան տարում, մեզնից ոմանք կարող են գնահատել թվաբանության ու իրականության համադրումը: Շատ ավելի լավ կլինի, որ նրանք ապրեն ու գնահատեն այլ իրականություն, որտեղ այս թվերը լավ մոռացված անցյալ կլինեն: Ինչպե՞ս: Առանց քաղաքականության: Պետք չէ փորձել ամեն ինչ հասկանալ` միշտ կան սև խոռոչներ, որտեղ ոչ միայն մահն է, այլև կյանքը: Ինչ էլ հորինես, կա մեկը, որ դա արել է քեզնից առաջ: Քո խնդիրը նրանից լավ անելն է: Արդարամիտ լինելու համար պետք է բարի լինես: Բարի լինելը հասկանալն է, որ բոլոր մարդիկ սխալվում են: Թեպետ` կենդանիներից ամենադաժանը մարդն է: Նա սպանում է, նույնիսկ երբ քաղցած չէ: Իսկ ընդհանրապես` հետաքրքիր է լսել սուտը, երբ գիտես ճշմարտությունը: Եվ, ուրեմն, ի՞նչ եղավ Կարդոսը: Գուցե մենք հենց նրանի՞ց ենք սերել` սիրո ու քաղաքականության ճակատամարտում: Հակառակ Մովսես Խորենացու:

Դիտվել է՝ 4568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ