Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՌԴ նախագահի 8 թեկնածու` ովքե՞ր են նրանք

ՌԴ նախագահի 8 թեկնածու` ովքե՞ր են նրանք
08.02.2018 | 10:29

ՌԴ ԿԸՀ-ն հայտարարել է, որ նախագահի թեկնածուների գրանցմանն անհրաժեշտ ստորագրությունների ստուգումն անցել են 8 հավակնորդ:


1. Սերգեյ Բաբուրին` «Ռուսական համաժողովրդական միության» թեկնածու: 90-ականների հայտնի քաղաքական գործիչ, որ չունի նախկին հանրաճանաչությունը: Եղել է ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի և Պետդումայի պատգամավոր, Պետդումայի խոսնակ 90-ականների վերջին: 10 տարի առաջ աշխատանքն ավարտել է Պետդումայում և այլևս չի ընտրվել: Սերգեյ Բաբուրինը «Ռուսական համաժողովրդական միություն» ազգային-պահպանողական կուսակցության հիմնադիրն է, նախագահի թեկնածու առաջադրել է կուսակցությունը: Ազգայնական «Ռուսական քայլերթերի» կազմակերպիչներից էր Մոսկվայում: Մասնակցության ձևը` կուսակցական առաջադրում: Նախորդ ընտրություններին չի մասնակցել:


2. Պավել Գրուդինին` կոմկուսի թեկնածու, սովխոզի տնօրեն, սիրում է Ստալինին, ելակ, բեղավոր է: Նախագահական ընտրարշավի ամենաանսպասելի թեկնածուն` մինչև դեկտեմբերի վերջին կոմկուսի համագումարում առաջադրումը մտադրությունների մասին չի հայտնել: Լենինի անվան սովխոզի` երկրում ելակի ամենահայտնի արտադրողի, տնօրենն է: Մինչև վերջերս կապ չի ունեցել կոմունիստների հետ, 2000-ին եղել է թեկնածու Պուտինի վստահված անձը, մինչև 2010-ը «Միասնական Ռուսաստանի» անդամ էր: Հեռուստաեթերում բացասական մեկնաբանությունների ու վարկաբեկիչ նյութերի քանակով առաջատարն է: ԶԼՄ-ները գրում են, որ նա մոռացել է նշել արտասահմանյան հաշվեհամարները, հանգստացել է արտասահմանում, վաճառել է սովխոզի հողերը: Քննադատությանն արձագանքում է կտրուկ: Ստալինին անվանել է վերջին 100 տարվա լավագույն ղեկավար: Մասնակցության ձևը` կուսակցական առաջադրում: Նախորդ ընտրություններին չի մասնակցել:


3. Վլադիմիր Ժիրինովսկի` լիբերալ-դեմոկրատների թեկնածու, էքսցենտրիկ պոպուլիստ, ընտրություններին մասնակցում է 6-րդ անգամ: Լիբերալ- դեմոկրատների անփոփոխ առաջնորդը 4 անգամ եղել է ՌԴ նախագահի թեկնածու, մեկ անգամ ՌՍՖՍՀ նախագահի թեկնածու և ոչ մի անգամ նույնիսկ երկրորդ չի դարձել: Ընտրություններից հրաժարվել է 2004-ին` առաջադրելով իր թիկնապահ Օլեգ Մալիշկինին: Չնայած պարտություններին` շարունակում է առաջադրվել: Գուցե պատճառը պետական ֆինանսավորումն է, որ կուսակցությունը ստանում է ընտրություններին մասնակցելու համար, գուցե իր ինստիտուտին նվիրված շենքը Մոսկվայի կենտրոնում: Հունվարի 26-28-ի հարցման տվյալներով` Ժիրինովսկուն պատրաստ է ձայն տալ 5,9 %-ը: Մասնակցության ձևը` կուսակցական առաջադրում: Նախորդ ընտրությունների արդյունքները` 1996` 5,7 %, 2000` 2,7 %, 2008` 9,35 %, 2012` 9,35 %:


4. Վլադիմիր Պուտին` գործող նախագահը 3 անգամ եղել է նախագահ: Նորից կընտրվի: Չորրորդ անգամ պատրաստվում է նախագահ դառնալ 2000-ից: Մեկ անգամ կարճ` 4 տարով երկիրը տվել է Դմիտրի Մեդվեդևին, հետո նորից է ընտրվել: Քննադատները նշում են, որ Պուտինի առաջադրումը Սահմանադրությանը հակասում է, բայց ԿԸՀ-ն հոդվածը մեկնաբանել է, որ չի կարելի առաջադրվել 2 անգամից ավելի անընդմեջ: Սոցհարցումներով կստանա 70 %: Մասնակցության ձևը` ինքնառաջադրում: Նախորդ ընտրությունների արդյունքները` 2000` 53 %, 2004` 71,31 %, 2012` 63,6 %:


5. Քսենիա Սոբչակ` «Քաղաքացիական նախաձեռնության թեկնածու: Ընտրություններին մասնակցությունը համաձայնեցրել է Պուտինի հետ, բայց հերքում է: Հեռուստահաղորդավար ճանաչելիության 90 %-ով, Պուտինի նախկին պետի` Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակի դուստրը: Առաջադրումից առաջ հանդիպել է Պուտինին ու քննարկել առաջադրումը: Իր խոսքով` նախագահը դժգոհ էր: ԶԼՄ-ների կարծիքով` նրա առաջադրումը որոշվել է Կրեմլում` ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուց ուշադրությունը շեղելու համար: Ամենաարմատականն է բոլոր թեկնածուներից: Բռնակցված Ղրիմն անվանում է ուկրաինական (իրավականորեն), քննադատում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին ու եկեղեցին: Մասնակցության ձևը` ընտրություններից առաջ անդամակցել է Անդրեյ Նեչաևի «Քաղաքացիական նախաձեռնությանը» և առաջադրվել այդ կուսակցությունից: Նախորդ ընտրություններին չի մասնակցել:


6. Մաքսիմ Սուրայկին, «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածու, ընկեր Մաքսիմը կոմկուսի սպոյլեր կուսակցության միակ հայտնի անդամն է: «Ռուսաստանի կոմունիստները» կապ չունեն Ռուսաստանի մեծությամբ երկրորդ կուսակցության հետ: Սուրայկինը կուսակցությունը գրանցել է 2012-ի, երբ թույլատրվեց նվազագույնը 500 անդամով քաղաքական ուժի գոյությունը: ԽՄԿԿ-ի իրավահաջորդ կոմկուսը մի անգամ նույնիսկ դատի է տվել «Ռուսաստանի կոմունիստներին» կուսակցական խորհրդանիշներն օգտագործելու համար, բայց դատը տանուլ է տվել: Մասնակցության ձևը` կուսակցական առաջադրում: Նախորդ ընտրություններին չի մասնակցել:


7. Բորիս Տիտով` նախագահի լիազոր ներկայացուցիչ, որ մրցակցում է նախագահին: Ձեռներեցների իրավունքների պաշտպանության հարցով նախագահի լիազոր ներկայացուցիչ Բորիս Տիտովը ամռանն ասում էր, որ մտադիր չէ ընտրություններին մասնակցել, դեկտեմբերին միտքը փոխեց: Տիտովի ընտանիքը «Աբրաու Դյուրսո» շամպայն գինիների գործարանի տերն է, երկար տարիներ Տիտովը այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է եղել: Նա «Աճի կուսակցության» նախագահն է: Պետդումայի ընտրություններում ստացել է 1,29 %: Վարկանիշը 0,3 % է` 2018-ի հունվարի 26-28-ի հարցումներով: Իբրև նախագահի աշխատակազմի անդամ` ընդգրկված է ԱՄՆ ֆիննախի «Կրեմլյան ցանկում»: Մասնակցության ձևը` կուսակցական առաջադրում: Նախորդ ընտրություններին չի մասնակցել:


8. Գրիգորի Յավլինսկի` «Յաբլոկո» կուսակցության թեկնածու, 90-ականներին հանրաճանաչ կուսակցության նախագահը 15 տարում ոչ մի անգամ Պետդումայի պատգամավոր չի ընտրվել, 2 անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին` 1996-ին ու 2000-ին: 2012-ին ԿԸՀ-ն նրան չգրանցեց` պատճառաբանելով ստորագրությունների խոտանը (2012-ին ոչխորհրդարանական կուսակցության թեկնածուն պետք է ներկայացներ 1 միլիոն ստորագրություն): Հարցման տվյալներով` նրան ձայն կտա 0,9 %-ը: Մասնակցության ձևը` կուսակցական առաջադրում: Նախորդ ընտրությունների արդյունքները` 1996` 7,34 %, 2000` 5,8 %:
ВВС


Հ.Գ. Մեկը յոթի դեմ անհավասար պայքարում: Եթե նույնիսկ իրար գումարեք յոթի հնարավոր տոկոսները` 10-ի չի հասնի: Ինչու՞ են, ուրեմն, նրանք առաջադրվում: Մասնակցության սկզբունքն օլիմպիական է` կարևոր մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը: Ոմանք որոնում են հանրաճանաչություն: Ոմանք քաղաքական խնդիրներ են լուծում: Ոմանք զվարճանում են ու փող են աշխատում: Բոլորը Պուտինին ապահովում են այլընտրանքային ընտրության պատրանք ու ժողովրդավարական ընտրությունների իմիտացիա` անմրցակից պայքարում: Ի վերջո` ցանկացած ընտրություն նաև շոու է, իսկ շոուն պիտի հետաքրքիր լինի: Պուտինի գլխավոր խնդիրը մնում է ընտրողների մասնակցությունն ապահովելը, մրցակիցների հարց նա չունի: Միակ մրցակիցը ռուսաստանցիների անտարբերությունն ու իներտությունն է, որ նրա կառավարման տարիների քաղաքականության հետևանքն է: Փաստացի` Պուտինը պայքարելու է ինքն իր դեմ ու հաղթելու է ինքն իրեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ