Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իսրայելը Մերձավոր Արևելքում խոշոր խաղ է սկսել

Իսրայելը Մերձավոր Արևելքում խոշոր խաղ է սկսել
23.02.2018 | 00:05

Ասում են, որ Մյունխենի անվտանգության համաժողովը «արդյունավետ չէր, ոչ մի պայմանավորվածություն չկայացավ», թեպետ հրավիրվել էր Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատելի սրման պայմաններում: Հանդիպումներն ամփոփելով` համաժողովի բազմամյա նախագահ, գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը հայտարարեց, որ «մասնակիցներին չհաջողվեց ժամանակակից աշխարհի բոլոր մարտահրավերների լուծմանը մոտենալ»: Այնուհանդերձ, Մյունխենի համաժողովի որոշ արդյունքներ, հատկապես վերջին օրվա, երբ Deutsche Welle-ի գնահատականով` «գլխավոր թեման Մերձավոր Արևելքն էր», որոշակի հետաքրքրություն ունեն տարածաշրջանում իրավիճակի կանխատեսման տեսակետից` քննարկմանը մասնակիցների ելույթների հիման վրա: Խոսքն առաջին հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Իրանի վերաբերյալ հայտարարությունների մասին է, որից հետո «հայտնվեց մոտեցող ու համարյա անխուսափելի նոր պատերազմի զգացողությունը»:

Նեթանյահուն սպառնում էր Թեհրանին` մեղադրելով Մերձավոր Արևելքում ստատուս քվոն փոխելու ցանկության մեջ` օգտագործելով Սիրիան իբրև պլացդարմ: Նա հասկացրեց, որ իր երկիրը պատրաստ է մասշտաբային ուժ գործադրելու: Բայց կարևոր ճշտում արեց` «Իրանի ագրեսիան մեկ դրական գործոն ունի` մերձեցրեց արաբներին ու իսրայելցիներին: Գուցե այդպես մեզ հաջողվի, այնուամենայնիվ, խաղաղության հասնել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև»: Այս հայտարարության կարևորությունն այն է, որ Իսրայելն առաջ թաքցնում էր իր շփումները Սաուդյան Արաբիայի հետ, որ տարածաշրջանում Իրանի հակառակորդն է: Հիմա, ասում է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը, «նկատվում է Իսրայելը և արաբական չափավոր սուննիական պետությունները միավորող ռազմավարական շահերի ինքնատիպ հանրության ձևավորում»: Նրա խոսքով` դա «միություն չէ, այլ որոշակիորեն իրավիճակի նման տեսակետների և վտանգի ընդհանուր գիտակցության դրսևորում, որ համագործակցության լավ հիմք է դառնում»: Թել Ավիվի համալսարանի ռեկտորի տեղակալ, պրոֆեսոր Էյալ Զիսերը կարծում է, որ «Իսրայելը նոր ալյանսների քարտեզի ձևավորման մեջ ձգտելու է հավասարակշռություն գտնել ավանդական դաշնակից ԱՄՆ-ի ու մյուս գործընկերների հետ հարաբերություններում, արդյունավետ երկխոսություն վարելով Ռուսաստանի հետ ու շփումներ հաստատելով չափավոր սուննիական պետությունների հետ, մասնավորապես Պարսից ծոցի երկրների»:

Այդ առումով առաջին պլան է գալիս լարվածությունը Թեհրանի ու սուննի պետությունների (առաջին հերթին` Սաուդյան Արաբիայի) միջև` ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև, գուցե, Անդրկովկասի վրա պրոյեկտվելով: Այնտեղ Սիրիայից հետո առավել հեռանկարային պլացդարմ կարող է դառնալ Ադրբեջանը: Մոշե Դայանի անվան Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի հետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր ՈՒզի Ռաբի կարծիքով` գործողությունների համար հիմնաքարային հայեցակարգ է դառնում պատկերացումը, որ «ժամանակակից Մերձավոր Արևելքը ազգային պետությունների խումբը չէ»: Եվ` «մարդիկ այստեղ առավել հաճախ դիմում են իրենց սկզբնական նույնականությանը` առաջին հերթին իրենց ընդունում են իբրև շիա, սուննի, քուրդ, պարսիկ, թուրք, հետո նոր` այս կամ այն երկրի քաղաքացի»: Ըստ էության խոսքը տարածաշրջանի վերաբաժանման նոր տարբերակի մասին է` «այլընտրանքային քարտեզով, որ թույլ է տալիս հասկանալ` որտեղ են ապրում տարբեր կրոնների ու էթնիկ խմբերի ներկայացուցիչները»: Իսկ դա հիշեցնում է Սայքս-Պիկոյի հայտնի համաձայնագիրը: Ռաբի կարծիքով` ապագա Մերձավոր Արևելքի ձևավորմանը մասնակցելու համար «պետք է գնալ ոչ միայն Վաշինգտոն: Ինչ-որ ժամանակ պետք է անցկացնել Մոսկվայում, չմոռանալ Չինաստանը` իր վիթխարի տնտեսական ունակությունների հետ: Բայց գլխավորը` սպասել կամ հասնել նրան, որ արաբական պետությունները պատրաստ լինեն համագործակցության և օգտագործել այդ հնարավորությունը»: Իսրայելի ծրագրերն ու նախագծերը Մերձավոր Արևելքում իսրայելցի փորձագետների տեսակետից ակնհայտ են: Իսկ ի՞նչ է լինելու Անդրկովկասում, հատկապես Ադրբեջանում: Բաքվեցի քաղաքագետ Զաուր Մամեդովը «Sputnik-Ադրբեջան» պորտալի կայքում Իրանում վերջին բողոքական շարժումներից հետո արձանագրում է «և ներքին, և արտաքին` ԱՄՆ, Իսրայել, Սաուդյան Արաբիա և այլ, խաղացողների առկայություն»:

Նա գրում է. «Ադրբեջանցիները միշտ եղել են պետության տերը, որ հիմա Իրան է կոչվում: Շահ Փեհլևիի կառավարումով սկսվեց Իրանի ժողովուրդների պատմամշակութային ժառանգության համընդհանուր պարսկացումը, ուլտրաազգայնական պարսկական պետության վերածումը: Այսօր Իրանը պարսիկներին է վերագրում, բայց Պարսկաստանը այսօրվա Իրանի շրջաններից մեկն էր` հարավում, Պարսից ծոցի ափին: Այդ տարածքում ապրում էին Աքեմենյանների կայսրությունը ստեղծած ցեղերը: 1000 տարի Իրանում կառավարել են ադրբեջանական դինաստիաները: Ըստ էության` Իրանը սկսած 10-րդ դարից (հենց այդ ժամանակ Իրանական ցածրավանդակում հայտնվեց նոր ռազմական ուժ` ի դեմս Միջին Ասիայի թուրքերի, որ ջախջախեցին Սամանիդների դինաստիան Խորասանում ու ձևավորեցին Ղազնևիդների ռազմաֆեոդալական պետությունը` առավելագույն հզորության հասնելով Մահմուդ Ղազնևիդի օրոք (998-1030) և տարածելով իրենց ազդեցությունը Գանգեսից Քրդստան: Իրանը մինչև 1924-ը թուրքական պետություն էր: Այդ ամենը արմատապես տարբերում է իրանյան ադրբեջանցիներին պետության մյուս ժողովուրդներից»:


Որոշ անգլալեզու արևմտյան հրատարակություններում սկսեցին լուրեր հատնվել, որ սաուդյան էմիսարներն աշխատում են իրանցի ադրբեջանցիներ հետ: Արաբական ու քրդական որոշ կայքեր ակտիվորեն հոդվածներ են տպում «տարածաշրջանում թուրքերի հայտնվելու ու ծագման գաղտնիքների մասին»: Ի՞նչ է այդ ամենը նշանակում: Օրինակ այն ենթատեքստում, որ Էր Ռիադը իր հայտարարությամբ` ուսումնասիրում է 1648-ի Վեստֆալյան խաղաղության համաձայնագրի սկզբունքները, որ ավարտեց միջնադարյան պատերազմները Եվրոպայում, որովհետև դա կարող է ճանապարհ գտնել ժամանանակակից Մերձավոր Արևելքում խաղաղության համար: Վեստֆալյան համաձայնագիրը վերջակետեց 1618-1648-ի 30-ամյա պատերազմը Եվրոպայում` կաթոլիկների ու բողոքականների, չեխերի ու գերմանացիների, Գերմանիայի կայսեր ու գերմանացի իշխանների միջև: Կարծես թե Սաուդյան Արաբիան հիմա Մերձավոր Արևելքի իրադարձություններն ընկալում է նախ և առաջ սուննիների ու շիաների կրոնական դիմակայություն: 2016-ի սկզբին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտարարում էր, որ «ցնցումները Մերձավոր Արևելքում չեն ավարտվի առանց Վեստֆալյան խաղաղության համաձայնագրի նման ինչ-որ համաձայնագրի, որ կնշանավորի տարբեր դրդապատճառներ ունեցող տարբեր խմբավորումների 30-ամյա պատերազմի ավարտը և կհանգեցնի պետությունների համակարգի ստեղծման, որ հետո մի քանի հարյուրամյակ կկազմի միջազգային հարաբերությունների հիմքը: Նույնիսկ հիմա դա համարվում է հիմնարար հայեցակարգ»:


Առայժմ տարածաշրջանում նոր ալյանսներ ստեղծելու Իսրայելի ձգտումը նվազեցնում է իրավիճակի խաղաղ կարգավորման արդյունավետությունը ոչ միայն Սիրիայում, այլև տարածաշրջանում: Մյունխենի անվտանգության համաժողովում ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն ընդգծեց, որ Թեհրանը «չի ձգտում տարածաշրջանում հեգեմոնիայի, իսկ առանց երկրների խաղաղության հասնելու համատեղ ջանքերի տարածաշրջանում քաոս կսկսվի»: Նրա խոսքով` Իրանը «Պարսից ծոցի երկրներին առաջարկում է համատեղ քայլեր անել ռազմական ասպարեզում վստահության ամրապնդման համար, որ կարող են ստեղծել անվտանգության ընդհանուր համակարգ»: Բայց ո՞վ կլսի նրա խոսքերը:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Փաստացի` ոչ թե Իսրայելն է Մերձավոր Արևելքում խոշոր խաղ սկսել, այլ` Մերձավոր Արևելքում գագաթնակետին է հասել ազգերի ինքնանույնականացումը, որ կարող է ջնջել գոյություն ունեցող սահմանները կամ ազգերի տեղաշարժի պատճառ դառնալ: Վեստֆալյան համաձայնագիրը, Սայքս-Պիկոյի համաձայնագիրը կամ այլ համաձայնագիր ընդամենը զուգորդումներ են համանման իրավիճակների: Դարերի ընթացքում ինքնության արմատները գտնելն ու մեր ժամանակներին հասցնելը քաոսի է վերածելու ամբողջ տարածաշրջանը: Եթե ադրբեջանցիներն արդեն Իրանն էլ են համարում իրենցը, թուրքերը պահանջելու են Եվրոպան: Այդպես է ստացվում, երբ քոչվոր ես եղել ու զենքի ուժով տիրել ես այդ պահին քեզնից թույլ ժողովրդի հայրենիքին, իսկ հիմա կարող ես հայտարարել, որ դու ես եղել տերը: Հետաքրքիր է, թե Թեհրանն ի՞նչ վերաբերմունք ունի Բաքվի նկրտումներին: Իլհամ Ալիևը կարո՞ղ է մի օր էլ հայտարարել, որ ազգային ծրագիր է Թեհրանը վերադարձնելը, որովհետև «պատմական ադրբեջանական հող է»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ