Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀՊ-ի երկրորդ քայլը, բայց դեպի ո՞ւր

ՀՀՊ-ի երկրորդ քայլը, բայց դեպի ո՞ւր
17.03.2018 | 15:21

«Հանուն Հայաստան պետության» ճակատը երեկ երկրորդ հանրահավաքն էր հրավիրել: Այս անգամ թեմատիկ` «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի մահվան տարելիցին նվիրված: Գուցե ամպրոպն ու անձրևն էին պատճառը, բայց երևանցիները մեծ եռանդ չդրսևորեցին ՀՀՊ-ի հանրահավաքին մասնակցելու հարցում: Համենայն դեպս` շատ ավելի քիչ` քան մեկ շաբաթ առաջ: Կիսադատարկ հրապարակում էր ՀՀՊ-ն անում իր գործունեությանը և նպատակներին վերաբերող հայտարարություններ։ Դավիթ Սանասարյանը, որ վարում էր հանրահավաքը, հայտարարեց, որ ցանկանում են կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը և պատրաստ են միավորվել ու համագործակցել բոլոր քաղաքական ուժերի և գործիչների հետ, որ համամիտ են իրենց տեսակետին այս հարցում, և տվեց անուններ` «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի:


Հարթակից ելույթ չունեցած Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հարցազրույց էր տալիս, ինչպես «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որ ասում էր` բանակցությունների մեջ են տարբեր ուժերի, մասնավորապես՝ ՀԱԿ-ի հետ, ու ակնկալում են, որ շարժմանը մասնակցող ուժերի շրջանակը կընդլայնվի։ Նախորդ օրը նա տվել էր Սեյրան Օհանյանի անունը: Բայց գեներալը հրապարակ չեկավ: Նախորդ հանրահավաքում հնչեցված կոչերին ու մտադրություններին ՀՀՊ-ն ոչինչ չավելացրեց գործնական քայլերի տեսակետից: Միակ նորությունը երթն էր Արթուր Սարգսյանի հիշատակին: Երթի մասնակիցները շարժվեցին Հյուսիսային պողոտա, անցան Աբովյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Վազգեն Սարգսյան փողոցով շարժվեցին Մաշտոցի պողոտա և երթն ավարտեցին Ազատության հրապարակում։ Թեպետ հանգուցյալի հիշատակը հարգելու համար գնում են գերեզմանոց կամ եկեղեցում մոմ են վառում:


Ինչպես ընդունված է Հայաստանում` գլխավոր իրադարձությունները ծավալվում են հրապարակայինին զուգահեռ` կուլիսներում ու մերձկուլիսներում: Օրինակ` ՀՀՊ-ի հանրահավաքից առաջ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» եթերում հայտարարում է` «Եթե «Ելք» դաշինքը դուրս չգա փողոց, դրանով անուղղակիորեն աջակցում է Սերժ Սարգսյանին»: Հայտարարությունը, որ լիովին տեղավորվում է ՀՀՊ-ի դաշնակիցներ ու աջակիցներ որոնելու տրամաբանության մեջ, սադրիչ է ու անտրամաբանական: Տրամաբանական կդառնար մեկ դեպքում` եթե ՀՀՊ-ի հանրահավաքներում հավաքվեր ոչ թե մի քանի տասնյակ մարդ, այլ հարյուր հազարավոր բողոքողներ, ու «Ելքը», որ դեմ է Սերժ Սարգսյանի վարչապետ լինելուն, հրապարակ դուրս գալուց հրաժարվեր: Սերժ Սարգսյանի վարչապետ լինել-չլինելու հարցը հանձնարարված հմտությամբ վերածում են «Ելքի» լինել-չլինելու հարցի: Ինչու՞: Ոչ լրիվ մեկ տարվա իր գործունեությամբ «Ելքը» ցույց տվեց իր անկառավարելիությունը իշխանությանը: Հիմա այդ սինդրոմը սկսել է գործել նաև «Ելքի» ներսում` Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով: Նա վստահ է, որ կա իշխանափոխության ռեալ տարբերակ ու չի կարելի այդ հնարավորությունը ձեռքից բաց թողնել` լինելով ընդդիմադիր ուժ: Նիկոլ Փաշինյանի համոզվածության պատճառներն ու հիմնավորումները հայտնի են միայն իրեն, գուցե նաև «Ելքի» մյուս կուսակցություններին, բայց բացահայտորեն համոզիչ չեն: Երեկ Ազատության հրապարակում նա լրագրողներին ասել է, որ կան տարաձայնություններ «Ելք» դաշինքում, որոնք քննարկվում են։ «Մենք ունենք 14+4 օրվա գործողությունների ծրագիր և այդ 14 օրվա մեկնարկին դեռ բավականին ժամանակ կա։ Նույնիսկ եթե մենք 3 շաբաթ առաջ համաձայնության եկած լինեինք այդ ճանապարհային քարտեզի շուրջ, այդ քարտեզի իրագործումը սկսվելու էր ամսվա վերջում։ Այնպես որ ժամանակը թույլ է տալիս հանդարտ քննարկել բոլոր հարցերը»` ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ պայքարը պետք է լինի քաղաքացիական, բռնությունը բացառող և դա իրենց նախապայմանն է։ «Մենք հարգում ենք մեր գործընկերների համոզմունքները և ունենք մեր համոզմունքները և հիմա մենք փորձում ենք մեր համոզմունքները բերել հաշտեցման»` առանց էնտուզիազմի բացատրել է նա` ինչո՞ւ չի ստացվում համոզել «Ելք»-ի մյուս ուժերին։ Իհարկե, կարող էր ասել, որ ոչ մի քննարկում էլ դեռ չկա, քանի դեռ «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից չի վերադարձել, ինչպես պատվիրակության մյուս անդամները, և գերադասել է Կարնեգի հիմնադրամում ելույթը` արագ վերադառնալու ու տեսակետ ներկայացնելու փոխարեն: Իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն ապրիլի 3-ին հանրահավաքի հայտ է տվել քաղաքապետարանին, թեպետ նրա կուսակից Լենա Նազարյանն ասում է, որ հայտը ոչինչ չի նշանակում ու կարող է հետ վերցվել: Այսինքն` «համենայն դեպս»-ի մեխանիզմն է գործում: «Եթե»-ի ու «հանկարծ»-ի: Բայց այդ «եթե»-ն ու «հանկարծը» ոչ մի տեղից չեն ստեղծվում: Եթե ՔՊ-ն իրոք ուզում է հաջողության հասնել իր «14+4 օրվա գործողությունների ծրագրով», արդեն իսկ հիմա պետք է ապահոված լիներ.


1. ՈՒժային կառույցների չեզոքությունը:
2. Արտաքին աջակցությունը և իր իշխանության միջազգային ընդունելիությունը:
3. Իշխանափոխությունից հետո իր կառավարության ծրագիրն ու կազմը:
4. Պետական գործող համակարգում իր համակիրների աջակցության երաշխիքները:
5. Ֆինանսական միջոցներ` մարդկանց հրապարակում պահելու` վրանների, կերակրելու ու ընթացիկ հարցերի համար:
6. Մարզերում աշխատանք տաներ, որ իշխանափոխությունը մայրաքաղաքային չլիներ, այլ համաժողովրդական:
7. Ապահովեր երկրի անվտանգությունը անցման փուլում:
Սրանք պարտադիր քայլեր են: Իհարկե, իր պատմությունը մեկ ձեռքի մի քանի մատների վրա հաշվող կուսակցությունը կարող է իրեն թույլ տալ լավագույն մտադրությունները հանրային դարձնելու շքեղությունը, բայց իշխանափոխությունն ու պետություն կառավարելը լուրջ գործեր են, որ աշխատանք, ժամանակ, կարողություն, ֆինանս ու հնարավորություններ են պահանջում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եվ դա վերաբերում է ոչ միայն ՔՊ-ին, այլև` ՀՀՊ-ին: Եթե ընդամենը անձրևն ու քամին խանգարեցին, որ մարդիկ հրապարակ գան, ի՞նչ երաշխիք, որ հազարավոր ցուցարարներ հրապարակ դուրս կգան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ` աչքի առաջ ունենալով անցյալի փորձը: Հույս դնել, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանա վարչապետ դառնալ ու դա կլինի աստեղային ժամ ՀՀԿ-ին քաղաքական ասպարեզից հեռացնելու, մանկամտություն է:

Ընդդիմադիր պայքարի տասնամյակները պիտի սովորեցնեին իրենց պատկերացումների մեջ կարծրացած ու իշխանափոխությունը դհոլ-զուռնայով, «Սարերի քամու» հնչյունների տակ բարև տալով պատկերացնողներին, որ համակարգի դեմ համակարգ պիտի հակադրվի: Իսկ հակադրվելու համար պիտի ստեղծվի: Ստեղծվելու համար պետք է ոչ թե հրապարակներում հայրենասիրական ելույթներ ունենալ, այլ տեղերում մարդկանց հետ աշխատել` նրանց քանակի վրա իշխանափոխության բեռը դնելուց առաջ: Մարդիկ դժգոհ են ՀՀԿ-ից, ու դա գաղտնիք չէ, բայց ի՞նչ են ստանալու ՀՀԿ-ի փոխարեն: Ի՞նչ ու ինչպե՞ս` համոզիչ կպատասխանվեն այս հարցերը, մարդիկ դուրս կգան հրապարակ: Ընդամենը մտադրություններ ու խոստումներ իրենց տանն էլ կարող են լսել` տեխնիկան այնքան զարգացած է, որ անլուծելի խնդիր չէ տնից հետևել, թե ով ինչ է ասում Ազատության հրապարակում:

Դիտվել է՝ 2763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ